• Սարկավագական ձեռնադրություն՝ Բուրջ Համուդի Սբ. Փրկիչ եկեղեցում

    Ամեն. և Գեր. Հոգևոր Տերը նոր ձեռնադրյալ սարկավագներին հորդորեց լինել բարի օրինակ իրենց հոտին


    2019 թվականը հոբելյաններով հատկանշված տարի է՝ Զմմառի Պատրիարքական Կղերի Միաբանության համար. նախ Միաբանության հիմնադրության (1749թ.) 270-ամյակն է, ապա հայոց ցեղասպանության օրերին նահատակված միաբան Երանելի Արհ. Տ. Իգնատիոս Արքեպս. Մալոյեանի ծննդյան (1869թ.) 150-ամյակն է:

     

    Այս տոնական մթնոլորտի լույսի ներքո սեպտեմբերի 14-ին Բուրջ Համուդի Սբ. Փրկիչ եկեղեցում միաբանների թիվն ավելացավ ևս չորս սարկավագներով:

     

    Սարկավագական ձեռնադրություն ստացան կիսասարկավագներ Կարապետ Գլընճյանը, Պետրոս Մարաշլյանը, Վարդան Ճալլուֆը և Լեւոն Ստեֆանը, որոնք համալրեցին Զմմառի Պատրիարքական Կղերի Միաբանութեան շարքերը:

     

    Սրտառուչ ձեռնադրությունը շնորհվեց ձեռամբ՝ Տանն Կիլիկիոյ Կաթողիկէ Հայոց Կաթողիկոս Պատրիարք Ամենապատիվ և Գերերջանիկ Տ. Տ. Գրիգոր Պետրոս Ի-ի:

     

    Ձեռնադրության ընթացքում Ամեն. և Գեր. Հոգևոր Տերը իր հայրապետական պատգամում նախ անդրադարձավ Սուրբ Խաչի օրվա խորհրդին, ապա նոր ձեռնադրյալ սարկավագներին հորդորեց լինել բարի օրինակ իրենց հոտին, սիրել միմյանց, օգնել կարիքավորներին, եկեղեցական սուրբ խորհուրդները մատուցել ըստ արժանվույն, սրբանալով՝ սրբացնել իրենց ժողովրդին՝ Ստեփանոս Նախավկայի նման, ով իր կյանքով և նահատակությամբ վկայեց Յիսուս Քրիստոսի հանդեպ հավատը:

     

    Հոգևոր Տերը խոսքը եզրափակեց շնորհավորելով նոր ձեռնադրյալ սարկավագներին, նրանց ծնողներին և Զմմառու Պատրիարքական Կղերի Միաբանութեան անդամներին, որոնք ունեցան չորս նոր միաբաններ:

     

    Հայրապետի կողմից իրենց շնորհված լիազորությամբ՝ նոր ձեռնադրված սարկավագները Յիսուս Քրիստոսի Մարմինն ու Արյունը բաշխեցին հավատացյալներին՝ խոր հուզական մթնոլորտում:

     

    Սուրբ և Անմահ Պատարագի ավարտին՝ Հոգևոր Տիրոջ, յոթ սինհոդոսական եպիսկոպոսների և քահանաների ձեռնադրությունը ստացած սարկավագները Հոգևոր Տիրոջ, Մեծավոր Հոր հետ միասին ընդունեցին ներկաների շնորհավորանքները Ս. Փրկիչ եկեղեցու դահլիճում:

     

    Զմմառի Պատրիարքական միաբանության ֆեյսբուքյան էջ

    Vatican News, հայերեն բաժին

    Արևելահայերենի վերածեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց