• Հայ Կաթողիկէ Եպիսկոպոսաց սինոդոսի ամփոփիչ հաղորդագրությունը

    Սինհոդոսական հայրերը ողջունեցին ի սփյուռս աշխարհի հայ կաթողիկէ հավատացյալներին՝ հայցելով նրանց աղոթքները


    2019թ. սեպտեմբերի 3-ից 13-ը Զմմառի Կաթողիկոսական Աթոռում, տեղի ունեցավ Հայ Կաթողիկէ Եկեղեցու Եպիսկոպոսաց տարեկան Սինհոդոսը՝ Ամենապատիվ և Գերերջանիկ Տ.Տ. Գրիգոր Պետրոս Ի  Տանն Կիլիկիո Կաթողիկոս Պատրիարքի նախագահությամբ, որին մասնակցում էին Լիբանանի, Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի, Սիրիայի, Եգիպտոսի, Իրանի, Թուրքիայի, Ֆրանսիայի, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Կանադայի և Հարավային Ամերիկայի հայ կաթողիկէ թեմերի առաջնորդները, Հունաստանի և Իրաքի  առաքելական կառավարիչները, Հորդանանի և Սուրբ Երկրի պատրիարքական էքզարքը ու Զմմառու Պատրիարքական կղերի Միաբանության պատրիարքական փոխանորդը:

     

    Եկեղեցու վերաբերյալ հոգևոր, հովվական, կանոնական, հասարակական հարցերին առընթեր՝ ժողովական հայրերը քննարկեցին նաև հետևյալ հրատապ հարցերը.

     

    ա. Միջին Արևելքի և հատկապես Սիրայի ու Իրաքի տագնապալի կացության խնդիրները, ինչպես նաև Լիբանանը հուզող քաղաքական ու տնտեսական զարգացումների հետևանքով առաջացած անապահով ու մտահոգիչ իրավիճակը: Քննարկվեցին նաև այն միջոցները, որոնք անհրաժեշտ են թեթևացնելու հայ ժողովրդի նյութաբարոյական տառապանքն ու կասեցնելու վերջին տարիներին սկիզբ առած ընտանիքների արտագաղթը:

     

    Նրանք բարձր գնահատեցին կարևոր հրատարակությունների կարգը, ինչպիսիք են ժամերգությունների աշխարհաբար թարգմանությունը, Սաղմոսարանի նոր թարգմանությունն ու Նոր Կտակարանի աշխարհաբար թարգմանությունը:

     

    գ. Նրանք հետևողական լինելու կոչ արեցին երջանկահիշատակ Գրիգոր Պետրոս ԺԵ Աղաճանյանի սրբադասման դատի նախապատրաստական աշխատանքներին: Ծիրանավորի (կարդինալի) սրբակենցաղ կյանքը, մարդասիրական ու եկեղեցանվեր արժանիքները նրան դարձնում են սրբադասման արժանի: Այս նպատակով Հայ Կաթողիկէ Պատրիարքությունը արդեն հրատարակել է բազմալեզու թռուցիկներ, որոնք պատմում են նրա վարքի ու հոգևոր կտակի մասին, այնտեղ կա նաև գրված աղոթք՝ նրա երանացման համար:

     

    դ. Սինոդոսական հայրերը քննարկեցին նաև պատրիարքական հանձնախմբերի տարած գործունեությունները կանոնական, ծիսական ու համամիութենական ոլորտներում:

     

    ե. Նրանք անդրադարձան պատրիարքական և այլ թեմերի վարչական, հովվական ու նյութաբարոյական հարցերին, որպեսզի համապատասխան միջոցներով բարենպաստ լուծում տրվի դրանց:

     

    զ. Սինհոդոսական Հայրերը ընդգծեցին հաղորդակցության միջոցների առավելագույն կերպով օգտագործման անհրաժեշտությունը՝ հատկապես արդիական լսատեսողական միջոցներն ու մամուլը, որպեսզի քրիստոնեական հավատքն առավել մատչելի դառնա հատկապես երիտասարդների համար:

     

    է. Ժողովական հայրերը քննարկեցին ու վավերացրին Հայ Կաթողիկէ Կանոնագրքի վերատեսությունը:

     

    ը. Սինհոդոսը հատուկ ուշադրությամբ անդրադարձավ  Հայաստանում, Հայ Կաթողիկէ Եկեղեցու առաքելությանն ու Հայ Կաթողիկէ թեմերի ու հաստատությունների գոյավիճակին և վերահաստատեց իր զօրակցությունը Մայր Հայրենիքի մեջ մարդու իրավունքների պահպանմանը, խոսքի և խղճի ազատությանը, հայրենաբնակ ժողովրդի բարեկեցությանը, ինչպես նաև ժողովրդավարական կառույցների ուղղությամբ ստանձնած քայլերին, հայկական պետականության հզորացմանը, և, վերջապես, Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման պահանջին:

     

    Նիստի ավարտին Սինհոդոսական հայրերը ողջունեցին ի սփյուռ աշխարհի հայ կաթողիկէ հավատացյալներին՝ հայցելով նրանց աղոթքները, որպեսզի ամենաբարի Աստված՝ Աստվածամոր բարեխոսությամբ, հաջողությամբ պսակի նրանց բոլոր ծրագրերը:

Օրացույց

Օրացույց