«Հուսով ենք, որ կարողացանք ձեզ հետ միասին կիսել Քրիստոսի Եկեղեցու նկատմամբ ունեցած մեր հավատքը»:
Հարգելի՛ ներկաներ, նախ և առաջ, թո՛ւյլ տվեք առանձնահատուկ շնորհակալություն հայտնել Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասյանին, ում անմիջական նախաձեռնությամբ ու փափագով կազմակերպվեց «Համայնքային երիտասարդական օրեր – III» հանդիպումը: Մեր հատուկ շնորհակալությունն ենք հայտնում հոգևոր դասին, աշխատակազմին, կամավորներին, լրատվամիջոցներին և ձեզ՝ շատ սիրելի՛ երիտասարդներ: Շնորհակալությո՛ւն:
Այս ողջ շաբաթվա ընթացքում փորձեցինք մեծ սրտով ու գրկաբաց ընդունել բոլորիդ, և հուսով ենք, որ կարողացանք ձեզ հետ միասին կիսել Քրիստոսի Եկեղեցու նկատմամբ ունեցած մեր հավատքը:
Սիրելի՛ երիտասարդներ, թույլ տվեք նաև ձեզ հետ կիսել որոշ խորհրդածություններ.
Աստված մեզանից յուրաքանչյուրի համար ունի առանձնահատուկ ծրագիր և բոլորս կոչված ենք սրբության: Տերը բարեկամության կոչ է անում և Հիսուս բարեկամն է յուրաքանչյուր երիտասարդի:
Կոչումը կանչ է վերևից, հետևապես, կյանքում սեփական կոչման բացահայտման գործում մեծ է ընկալման դերը, և այս համատեքստում ընկալում՝ առավելապես նշանակում է բաց լինել Նրա առջև, ով կանչում է: Ուստի, անհրաժեշտ է աղոթքի լռությունը, որպեսզի կարողանանք լսել Աստծո ձայնը, որը հնչում է մեր խղճի խորքում և հետևել մեր կոչմանը:
Ձեզանից շատերն իրենց կոչումը կգտնեն ընտանիք կազմելու մեջ, քանի որ ամուսնության խորհուրդն իր մեջ ներառում է սերը, որը շնորհ է տրված Աստծո կողմից: Ոմանք իրենց կոչումը կգտնեն որևէ մասնագիտության մեջ: Սակայն, բացի ընտանիքից և աշխատանքից երիտասարդները կոչված են նաև քահանայության և հոգևոր ծառայության, և շատ կարևոր է, որ նրանք, ովքեր կանչված են Աստծո կողմից, կարողանան հավատարիմ մնալ այս վսեմ կոչմանը՝ իրենց կյանքը վստահելով Տիրոջը:
Լինել երիտասարդ նշանակում է չվախենալ ապրել կյանքը մի գեղեցիկ արկածի մեջ: Սիրելինե՛ր, Երիտասարդությունը երազելու և որոշումներ կայացնելու ժամանակաշրջան է: Ժամանակաշրջան, երբ երիտասարդները կոչված են առաջ շարժվելու, միևնույն ժամանակ, չհեռանալով իրենց արմատներից: Հետևաբար, եղե՛ք համբերատար, մի՛ վախեցեք որևէ նոր բան փորձելուց, անգամ՝ սխալվելուց: Վայելե՛ք ամեն օրվա օրհնությունը և Հիսուսին իբրև մնայուն բարեկամ ունեցե՛ք ու միշտ հիշե՛ք, որ այս բարեկամությունը պահպանելու միջոցը աղոթքն է, ուստի անհրաժեշտ է «մշտական կապի մեջ» լինել Քրիստոսի հետ: Եվ, ինչպես Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետն է ասում. «Մի՛ եղեք ինչ-որ մեկի կրկնօրինակը, եղե՛ք այնպիսին, ինչպիսին կաք, դառնալով այն մեկը, ում Տերը ցանկացավ երազել և ստեղծել»:
Սիրելի՛ երիտասարդներ մի՛ կորցրեք երազելու և խաղաղություն սերմանելու ունակությունը, քանզի մեր ծեր ու հոգնած աշխարհին երազելու համար պակասում է հույսը: Եվ, ինչպես Նորին Սրբությունն է հորդորում, հետևե՛ք Տիրոջ խոսքին «Երանի՜ խաղաղարարներին, որովհետեւ նրանք Աստծոյ որդիներ պիտի կոչուեն» (Մատթ. 5:9):
Երբեք մի՛ դադարեք երազել: Ժամանակակից աշխարհի և արդի երիտասարդության հիմնական խնդիրներից մեկը երազելու ունակության կորուստն է: Ո՛չ ավելի, ո՛չ պակաս՝ պարզապես չեն երազում: Երբ մարդը չի երազում, և հատկապես, երբ երիտասարդը չի երազում, ապա՝ երազանքն իր տեղը զիջում է դժգոհությանը և անտարբերությանը: Հիշե՛ք, որ երազելը քիչ կամ շատ չի լինում: Երազներն օգնում են մեզ կենդանի պահելու այն վստահությունը, որ հնարավոր է մեկ այլ աշխարհ և մենք կոչված ենք մեր աշխատանքով, մեր նվիրվածությամբ և գործունեությամբ լինելու այդ աշխարհի մի մասնիկը: Մեզ է տրված ողջ աշխարհը և պետք է փորձենք այն ավելի լավը դարձնել մեր միջոցներով ու գաղափարներով: Ուստի, եկե՛ք Սուրբ Հոգու շնորհով փորձենք կառուցել ավելի լավ աշխարհ:
Երիտասարդներին ուղղված հիմնական պատգամներ են.
1.Աստված սիրում է քեզ
2.Քրիստոսն է քո Փրկիչը:
3.Քրիստոս կենդանի է մեր մեջ:
4.Սուրբ Հոգին կյանք է շնորհում և միակն է, որ կարող է կենդանի պահել փրկության հույսը:
Եզրափակելով միտքս, կցանկանամ հորդորել ձեզ երբեք չհեռանալ ձեր մշակույթներից, ծագումից և մայր հայրենիքից: Հայաստանը յուրահատուկ երկիր է՝ եզակի մշակույթով, մարտահրավերներով ու դերակատարությամբ: Մեր հայրենիքն ունի շատ ուժեղ կողմեր, որոնցից ամենավառը հայ մարդն է՝ իր մտավոր ներուժով և արարելու անսպառ էներգիայով: Դարձե՛ք այն ամուր օղակը, որը հարատև կպահի Հայրենիք – Սփյուռք կապը: