Գերմանացի պատմաբան Հեսեմանի ուշագրավ հարցազրույցը
15 նոյեմբերի, 2014թ.
Zenit լրատվական գործակալությունը մի հարցազրույց է հրապարակել՝ գերմանացի հայտնի պատմաբան Միքայել Հեսեմանի հետ (Michael Hesemann), ով ուշագրավ տեղեկություններ է հաղորդում հայերի ցեղասպանության նկատմամբ Հռոմի Սուրբ Աթոռի դիրքորոշման մասին:
Լրագրողին հետաքրքրել է, թե ինչու են շատերը քննադատում Պիոս 12-րդ Քահանայապետին առ այն, որ ակնհայտ կոշտ դիրքորոշում չի ունեցել՝ հրեական Հոլոքոստը կանխելու համար: Պատմաբանը այդ հարցի պատասխանը գտնելու համար ուսումնասիրել է Վատիկանի գաղտնի արխիվներում պահվող հայոց ցեղասպանության մասին մոտ 2000 էջ փաստաթուղթ և պարզել, որ Պիոս 12-րդը, նախքան Քահանայապետ լինելը, որպես Վատիկանի բարձրաստիճան պաշտոնյա, ծանոթ է եղել 1915թ. Բենեդիկտոս 15-րդ Քահանայապետի մեծ ջանքերին՝ դադարեցնելու հայերի ջարդերը, որոնք, ցավոք ապարդյուն են եղել և, նույնիսկ, էլ ավելի են գրգռել Մեհմեդ 5 սուլթանի և երիտթուրքերի ատելությունը հայերի նկատմամբ:
Պատմաբան Հեսմանը հասկացել է, որ հենց դա է Պիոս 12-րդին ստիպել ավելի զգույշ լինել Ադոլֆ Հիտլերի հետ և ջանալ հրեաներին ավելի շատ օգտակար լինել ծածուկ միջոցներով: Այնուամենայնիվ, Հեսմանը մի քանի կարևոր փաստեր է բերել, ըստ որոնց Հռոմի Սուրբ Աթոռը տեղյակ է եղել հայոց ցեղասպանության գրեթե բոլոր մանրամասներին և այդ մասին հայտնել է միջազգային հանրությանը և իր աղբյուրների տեղեկությունների հիման վրա փաստել, որ թուրքական կառավարությունը ուզում էր իսպառ վերացնել հայկական տարրը Թուրքիայից, մասնավորապես խոսել է հայ կաթողիկեների, Երանելի Իգնատիոս Մալոյան եպիսկոպոսի սպանությունների մասին:
Պապական նվիրակ Դոլչեն, ով տիրապետում էր հստակ տեղեկատվության, հորդորել է սուլթանի Մեծ Վեզիրին դադարեցնել հայերի զանգվածային սպանությունները: Նույն նվիրակը, 1915թ. մեծ արգելքներ հաղթահարելով, Մեհմեդ 5-րդին է փոխանցել Բենեդիկտոս 15-րդ Քահանայապետի նամակը, որով Քահանայապետը խնդրում էր սուլթանին՝ գթասիրտ լինել անմեղ հայերի նկատմամբ: Ավելին, պապական նվիրակները աշխատել են նաև Թուրքիայի դաշնակիցների հետ՝ խնդրելով նրանց միջնորդել՝ հայերի ջարդերը դադարեցնելու համար: Այս բոլորը ի զուր են անցել և ավելի են սրել հայերի վիճակը Թուրքիայում: Ըստ պատմաբանի, 1915-16թթ. Արևեմտյան Հայաստանում բնակվող հայ կաթողիկեների մոտ 87 %-ը սպանվել է, ինչը տոկոսային հարաբերությամբ նույնիսկ ավելի շատ է, քան սպանվել են հայ առաքելականները՝ մոտ 75 %: Բենեդիկտոս 15-րդը մի անգամ ասել է.«Դժբախտ հայերը գրեթե ամբողջությամբ ուղարկվեցին ոչնչացման»: Իսկ նվիրակ Դոլչեն ասել է Քահանայապետին, թե, պաշտպանելով հայերին, ինքը կորցրել է Թալիաթ փաշայի, կամ, իր բառերով, այդ մասոնական Մեծ Վարպետի (Grand Master) բարեհաճ վերաբերմունքն իր նկատմամբ:
Պատմաբան Հեսեմանը, խոսելով մերօրյա անցուդարձի մասին, փաստել է, որ երբ 2013թ. հունիսին Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը հայտարարեց, թե հայերի ցեղասպանությունը «20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է», Անկարան Վատիկանից հետ կանչեց իր դեսպանին, և այժմ վերլուծաբաններին հետաքրքիր է, թե ինչպես պիտի թուրքական իշխանությունն ընդունի Քահանայապետի այցը Թուրքիա սույն թվականի նոյեմբերի վերջին: Պատմաբանը իր հարցազրույցում փաստում է, որ բոլոր չեզոք պատմաբանները քաջ գիտեն հայերի ցեղասպանության բոլոր զարհուրելի մանրամասները:
2015թ. Վատիկանը նախատեսում է գիրք հրատարակել, որտեղ հրապարակված կլինեն Հայոց Ցեղասպանության մասին պատմական եզակի տեղեկություններ: