Քահանան կոչված է իր կյանքով շահել մարդկանց սերը ոչ թե դեպի իր անձը, այլ՝ դեպի Քրիստոս:
2019թ. ապրիլի 11-12-ը Երևանի Սուրբ Գրիգոր Նարեկացի հայ կաթողիկէ ժողովրդապետության կենտրոնում կազմակերպվեց հոգևոր կրթություն՝ Հայաստանի, Վրաստանի և Ռուսաստանի հայ կաթողիկէ համայնքներում ծառայող հոգևորականների համար, առաջնորդությամբ Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասյանի և առ ի պատրաստություն Սուրբ Հարության խորհրդին: Հոգևոր կրթության թեման էր «Ի՞նչ է քահանայությունը և ինչպե՞ս ապրել այն»՝ բանախոսությամբ Արհ. Տ. Հովհաննես Եպս. Թեյրուզյանի:
Հոգևոր կրթության ընթացքում հոգևորականները միասնաբար մատուցեցին Սուրբ Պատարագ, լսեցին չորս բանախոսություններ, ունեցան թեմայի շուրջ խորհրդածության ժամեր և միասնաբար աղոթեցին ժամերգություններ:
Առաջին բանախոսության թեման էր քահանայի ընկալումը՝ սեփական կոչման և առաքելության: Արհիապատիվ Թեյրուզյան Եպիսկոպոսը եղբայրակից հոգևորականների հետ կիսեց իր երկարամյա քահանայական կյանքի փորձառությունը և շեշտեց, հատկապես, անհրաժեշտությունը, որ յուրաքանչյուր քահանա մշտապես ինքն իրեն հիշեցնի և առավել խորապես գիտակցի, որ իր առաքելության միակ աղբյուրը և առաջ մղող ուժը Տեր Հիսուս Քրիստոսն է, որ միայն Քրիստոսի հետ ամենօրյա սերտ հաղորդության, Նրա հետ անքակտելի միության, ներքին երկխոսության, մտերմության պարագայում է իմաստավորվում քահանայությունը, ավետարանացումը և քահանայական կոչման ճիշտ ընկալումը, քանի որ յուրաքանչյուր քահանա իր ձեռնադրության վայրկյանից մասնակից է դառնում Քրիստոսի հավիտենական քահանայությանը և կիսում է Նրա փրկչագործական առաքելությունը, հանձն է առնում իր Տիրոջ նման հոգ տանել մարդկանց հոգիների փրկության մասին: Բանախոսը կոչ արեց քահանաներին հավատարիմ մնալ Քրիստոսի Անձին, սովորել Նրանից, նմանվել Նրան, որպեսզի հանարավոր լինի այս աշխարհում ճշմարտապես արտացոլել Հիսուսի Անձի հատկանիշները, լինել «Քրիստոսի բուրմունքը», ինչպես գրում է Սուրբ Պողոսը, միշտ հիշել, որ քահանան կոչված է իր քարոզությամբ կամ սրբագործող խորհրդակատարությունների միջոցով մարդկանց մոտեցնել Քրիստոսին, ոչ թե իր սեփական անձին, փառավորել Հիսուսի՛ն, սիրել ու հարգել տալ Աստծու՛ն, ոչ թե իր սեփական անձը, լինել խոնարհ և միշտ Քրիստոսով սնվելու կարոտ:
Երկրորդ բանախոսության թեման էր հնազանդությունը: Թեյրուզյան եպիսկոպոսը խոնարհաբար և եղբայրաբար բացատրեց հնազանդության սկզբունքի անգնահատելի արժեքը՝ Եկեղեցու բարօրության, Քրիստոսի առաքելության շարունակականությունը ապահովելու համար: Յուրաքանչյուր քահանա՝ ինքն իրեն ընկալելով որպես իր հոգևոր խնամարկությանը հանձնված ժողովրդի ծառա և ոչ թե տեր, պետք է խոնարհաբար նմանվի Քրիստոսին, որ եկավ ոչ թե ծառայություն ընդունելու, այլ ծառայելու: Յուրաքանչյուր քահանա պետք է իր եպիսկոպոսի մեջ տեսնի Քրիստոսի ներկայացուցչին, Եկեղեցու առաջնորդության մարմնավորողին, ում որոշումներին պետք է հետևի սիրով, բայց ոչ կույր և անգիտակից ստրկությամբ, այլ՝ իր հնազանդությունը ընկալելով որպես մասնակցություն իր մեծավորի իշխանությանը կամ առաջնորդությանը, որը իրականում Քրիստոսի՛ առաջնորդությունն է՝ Իր Խորհրդավոր Մարմնի անդամների նկատմամբ: Գիտակից հնազանդությունը ենթադրում է նաև արտահայտել սեփական նկատառումները, կարծիքները՝ մեծավորի որոշումների վերաբերյալ՝ ոչ թե խանգարելու, այլ նրան աջակցելու բարի նպատակով: Այսպիսի ազնիվ մոտեցումը նպաստում է Եկեղեցու կառավարման ժողովականության կամ կոլլեգիալության սկզբունքին, որը ոչ թե բացառում է այլակարծությունը, այլ բաց է լսելու բոլորին, որպեսզի բոլորը բաժին ունենան ավետարանացման գործում:
Երրորդ թեման Եկեղեցու ճգնաժամերի հաղթահարման վերաբերյալ էր: Թեյրուզյան Եպիսկոպոսը, որպես բազմաթիվ մարտահրավերներ, դժվարություններ, անկումներ տեսած փորձառու հոգևորական, իր եղբայրակիցների ուշադրությունը հրավիրեց Եկեղեցու ոչ թե բացասական երևույթների, այլ՝ հաղթանակած ճանապարհի վրա, որը Տիրոջ ողորմածության, Քրիստոսի անչափելի սիրո արդյունքն է: Քրիստոս երբեք թույլ չի տալիս, որ իր Եկեղեցին պարտվի. «դժոխքի դռները երբեք չպիտի հաղթահարեն այն», ինչպես Հիսուս ասաց Պետրոս առաքյալին: Քրիստոս միշտ Իր ձեռքը մեկնում է և խորտակվողին հանում է ծովի անդունդից, Նա երբեք թույլ չի տա, որ իր հետևորդները մնան անկյալ վիճակում: Թեյրուզյանը հիշեցրեց վերնատան տեսարանը, երբ Հիսուս լվաց նույնիսկ Հուդայի ոտքերը՝ քաջ իմանալով, որ նա դավաճանելու է Իրեն: Հիսուս Իր կյանքը տվեց նաև իր թշնամիների, Իրեն ատողների համար: Հետևաբար, այսօր Հիսուսին հետևող քահանան պետք է նույնը անի՝ իր կյանքը, գործը նվիրի բոլորի համար՝ առանց խտրություն դնելու, նվիրվի անմնացորդ կերպով, սիրի և ների մշտապես, ինչպես իր Երկնային Վարդապետը:
Չորրորդ թեման Աստվածամոր կերպարն էր՝ որպես բարեխոս և օրինակ քահանայի համար: Քահանան ևս իր կոչումը ընդունելիս՝ Սուրբ Կույսի նման մի երկնային ավետիս է ընդունում: Քահանային ևս Աստված առաջարկում է նվիրվել Աստծո փրկչագործ առաքելությանը՝ վստահելով Իր աստվածային կամքին և, չիմանալով, թե ինչ է սպասվում իրեն, այնուամենայնիվ, համարձակ ընդունել Աստծո կամքը և նետվել առաջ՝ կատարելու այն: Թեյրուզյան Սրբազանը կոչ արեց միշտ գոհանալ սեփական կյանքի պայմաններով, չդժգոհել դժվարություններից՝ հիշելով աղքատ ընտանիքները և միշտ գիտակցելով, որ ունենք Աստվածամոր բարեխոսությունը մեզ համար, որ Մայրն է ամբողջ Եկեղեցու և տեսնում է բոլորի կարիքները, ինչպես տեսավ Կանայի հարսանիքի ժամանակ և դիմեց իր Որդուն:
Հոգևոր կրթության վերջում Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասյանը շնորհակալություն հայտնեց բոլոր հոգևորականներին՝ հոգևոր կրթությանը մասնակցելու համար, որը ոչ միայն առիթ է հոգևորապես նորոգման, այլև միմյանց տեսնելու և միասին աղոթելու:
Տ. Հովսեփ քհն. Գալստյան