• «Ի՞նչ է աղոթքը». մաս 2-րդ, զրույց՝ հոգևոր կրթության համար

    «Ողորմի՛ր ինձ, Աստուա՛ծ, քո մեծ ողորմութեամբ եւ քո գթառատութեամբ ջնջի՛ր իմ յանցանքները»։ Սղմ. 50


    Աղոթքի հայտնությունը Հին Կտակարանում ընդգկրում է մարդու անկումից մինչև վերականգնում երկար ժամանակահատվածը: Եդեմի պարտեզից արտաքսումից հետո աղոթքի առաջին արտահայտություններ են օրինակ Աբելի զոհաբերությունը, կամ այն, որ Ենոքը Աստծո անունն էր կանչում և «քայլում էր Աստծո առաջ»: Սա հաճելի էր Աստծուն և Աստված Ենոքին վերցրեց իր մոտ, կարդում ենք Ծննդոց գրքում: Այդպիսին էր նաև Նոյը, որ իր արդարության համար իր ընտանիքի հետ միասին փրկվեց ջրհեղեղից: Նոյը ևս քայլում էր Աստծո առաջ (Ծննդ. 6, 9): Սա խոսում է նրանց արդար և մաքուր կյանքի մասին, նրանք Ադամի և Եվայի նման չէին թաքնվում Աստծուց:

     

    Ուրեմն, աղոթքի ակունքներում մաքուր և անարատ կյանքն է: Նույնն է Աստված պատվիրում Աբրահամին. «Ես եմ քո Տէր Աստուածը, հնազանդ եղի՛ր ինձ, եղի՛ր անարատ», (Ծննդ. 17, 1): Սրտով մաքուր էր Աբրահամը և վստահեց Աստծո Խոսքին ու գնաց այն երկիրը, որ իրեն խոստացել էր Աստված: Աբրահամի աղոթքը սկզբում արտահայտվում է ոչ թե խոսքով, այլ հնազանդությամբ, Աստծո խոսքին հետևելով, ներքին համաձայնությամբ՝ Աստծո կամքին: Իր ճանապարհին նա ամեն տեղ զոհասեղաններ էր սարքում և զոհ մատուցում Աստծուն: Զոհաբերությունն Աբրահամի աղոթքի ձևն էր և արտահայտում էր Աստծուն նվիրաբերելու իր ցանկությունը: Աղոթքը, ուրեմն, նշանակում է նաև նվիրաբերում Աստծուն: Աբրահամի աղոթքը մի նվիրում էր, որը հիմնված էր Տիրոջ հանդեպ լիակատար վստահության և ամուր հավատքի վրա, Աստծո խոստմանը վստահելու վրա: Աբրահամի հավատքն այնքան ընդունելի էր Աստծո առաջ, որ նա համարձակություն ունեցավ խնդրել Աստծուն խնայել Սոդոմ քաղաքը, եթե այդ քաղաքում գտնվեր հիսուն արդար մարդ: Աբրահամը սակարկում էր Աստծո հետ, և Աստված խոսում էր նրա հետ, որովհետև Աբրահամը խոնարհ էր ու վստահում էր Աստծո խոստմանը (Ծննդ. 18, 23-33): Աբրահամն այնքան վստահեց Աստծուն, որ անտրտունջ հնազանդությամբ համաձայնեց իր ունեցած լավագույնը՝ իր Իսահակ որդուն, որ ծնվեց որպես Աստծո խոստման երկար սպասված պտուղ, զոհաբերել՝ ողջակիզվող գառան նման, որովհետև Աբրահամը վստահ էր, որ Աստված այնքան զորեղ է, որ կարող էր մահվանից հետո հարություն տալ Իսահակին (Եբր. 11, 19): Սա՛ է Աբրահամի աղոթքի էությունը, որ զոհաբերություն է՝ հիմնված Աստծո ամենակարողության հանդեպ լիակատար վստահության վրա: Աբրահամը իր որդուն զոհելու պատրաստակամությամբ նաև նմանվեց Հայր Աստծուն, որ ևս չխնայեց իր Որդուն և մատնեց մարդկության մեղքերի թողության համար: Աղոթքը վերականգնում է մարդու նմանությունը Աստծո հետ և մարդուն հաղորդ է դարձնում է Աստծո սիրո զորությանը, (Քրիստ. Կաթ. Եկ., 2573): Աղոթքն, ուրեմն, չենք կարող անջատել մարդու կենսաձևից, մարդու ամբողջ կյանքը պետք է լինի ինքնին մի աղոթք, այսինքն՝ երկխոսություն, հարաբերություն Աստծո հետ, գործակցություն Աստծո հետ, նմանություն Աստծուն և, ի վերջո, միություն Աստծո հետ:

    Եթե մարդու սիրտը մաքուր է, կյանքն արդար, ապա մարդ ավելի համարձակ և համառ կարող է լինել իր աղոթքի մեջ: Նույնիսկ աղոթքը երբեմն կարող է դառնալ պայքար Աստծո հետ: Ծննդոց գրքում կա մի դրվագ, որտեղ Հակոբը՝ Իսահակի որդին, ամբողջ գիշեր, մինչև արևածագ մարտնչում է ինչ-որ մեկի հետ, ով այդպես էլ իր անունը չի հայտնում, բայց վերջում օրհնում է Հակոբին և տալիս է նրան «Իսրայել» անունը՝ բացատրելով այսպես. «…որովհետեւ դիմացար՝ Աստծու հետ մաքառելիս, ուստի մարդկանց նկատմամբ էլ ուժեղ լինես»: Մարդը օրհնում է Հակոբին և հեռանում, իսկ Հակոբն այդ տեղն անվանում է «Երեւումն Աստծոյ», որովհետև, ասում է, «Աստծուն տեսայ դէմ առ դէմ եւ փրկուեց հոգիս» (Ծննդ. 32, 30): Այս առեղծվածային հատվածը մեզ հուշում է, որ Աստված օրհնում է նրան, ով համառորեն ուզում է իր հարցերի պատասխանը ստանալ Աստծուց՝ համարելով, որ միայն Աստվա՛ծ կարող է տալ դրանց պատասխանները, բայց շարունակում է մնալ խոնարհ՝ պահանջելով Աստծո օրհնությունը: Հակոբը դեմ առ դեմ խոսեց Աստծո հետ, պայքարեց իր փրկության համար և նրա հոգին փրկվեց: Այսպես աննահանջ, առանց հոգնելու, մինչև արևածագ պետք է աղոթել Աստծուն: Գիշերը մեր ամբողջ կյանքն է, իսկ արևածագը մեր փրկությունը, որ գալիս է Աստծո օրհնությամբ, բայց՝ ոչ առանց մեր ջանքերի ու հոգևոր պայքարի:

     

    Աբրահամից հետո հաջորդ խոշոր կերպարը, որի կյանքը աղոթքի ուրույն մի օրինակ է, Մովսեսն էր, ում Աստված հայտնվեց այրվող մորենու մեջ և կանչեց մեծ առաքելության՝ փրկելու Իսրայելի ժողովրդին Եգիպտոսի գերությունից: Այրվող մորենու դրվագը և Մովսեսի երկխոսությունը Աստծո հետ, Աստծո անվան հայտնությունը աղոթքի հիմնարար պատկերներից են քրիստոնեության ավանդության մեջ: Մովսեսն հարցնում է Աստծո անունը, իսկ Աստված նրան պատասխանում է. «Ես եմ, որ Է» (Ելք 3, 14): Աստված հայտնում է իր էությունը, որ հավիտենական կյանքի աղբյուրն է և մարդկանց հրավիրում է Իր հետ հաղորդության, երկխոսության, ինչպես Մովսեսին կանչեց: Աստված Մովսեսի հետ խոսում էր «շրթունք շրթունքի (Թվ. 12, 7-8), երես առ երես, ինչպես մեկը խոսում էր իր ընկերոջ հետ» (Ելք 33, 11): Աստծո և Մովսեսի երկխոսության մեջ Իսրայելը գտավ իր փրկությունը՝ Աստծուց ընդունելով Տասը պատվիրանները և ամբողջ օրենքը: Այս ամենը աղոթքի պտուղ էր: Աստծո հետ անընդհատ զրուցելով՝ Մովսեսն իր կամքն աստիճանաբար համաձայնեցրեց Աստծո կամքի հետ: Մովսեսը սովորում էր խոսել Աստծո հետ, նույնիսկ ընդդիմանում էր, համարձակ աղաչում խնայել իսրայելացիներին, ողորմել նրանց, հասկանում էր Աստծո անսահման ողորմության չափը, սովորեց ինչպես խնդրել Աստծուն, ինչպես մեղմել Նրա բարկությունը: Բայց այդ ամենի սկիզբը եղավ Մովսեսի խոնարհությունը, իր սեփական ոչնչությունը ճանաչելը, Աստծուն ամբողջությամբ ապավինելը. «Մովսեսն աւելի հեզ էր, քան երկրի վրայ ապրող բոլոր մարդիկ» (Թվ. 12, 3): Աստված Մովսեսին տվեց աղոթքի շնորհը և առաջնորդության շնորհը: Մովսեսն ավելի շատ աղոթում էր ոչ թե իր համար, այլ՝ ժողովրդի համար, նրա աղոթքը բարեխոսի աղոթք էր, իսկ բարեխոսություն խնդրելը ևս պայքար է, պայքար՝ Աստվածային ողորմության համար. Մովսեսն ընդդիմանում էր Աստծուն՝ հիշեցնելով Նրա անսահման ողորմածությունը, որը Նրա արդարության և հավատարմության հիմքն է: Ուրեմն, աղոթքը նաև մարդուն ճանաչել է տալիս աստվածային էության հատկանիշները:

     

    Ըստ ժամանակագրության, աղոթարար մյուս մեծ կերպարը Դավիթ թագավորինն է: Դավիթը «Աստծո սրտով թագավոր էր», ճշմարիտ հովիվ, որ աղոթում էր իր ժողովրդի համար: Դավթի հնազանդությունը Աստծո կամքին, փառաբանությունը և ապաշխարելու, զղջալու ունակությունը օրինակելի էին Իսրայելի ամբողջ ժողովրդի համար: Դավիթը, որպես սաղմոսների հեղինակ, օրինակ է Աստծո հանդեպ անվերապահ հավատարմության, Տիրոջն ամբողջովին ապավինության: Դավիթն իր սաղմոսներով աղոթական կյանքի մի հիմնարար էջ բացեց հրեական և քրիստոնեական կրոններում: Հիսուս Ի՛նքն էր աղոթում Դավթի սաղմոսները և կատարում դրանցում արտահայտված մարգարեությունները: Ահա՛, օրինակ, 22-րդ սաղմոսը, որտեղ Դավթին աղոթում է այսպես.

     

    «Տէրն իմ հովիւն է, եւ ինձ ոչինչ չի պակասի։ Դալար վայրերում նա ինձ բնակեցրեց եւ հանդարտ ջրերի մօտ ինձ սնուցեց։ Նա կենդանացրեց ինձ, յանուն իր անուան առաջնորդեց ինձ արդարութեան ճանապարհներով։ Եթէ նոյնիսկ անցնեմ մահուան ստուերների միջով, չեմ վախենայ չարից, քանզի դու, Տէ՛ր, ինձ հետ ես։ Քո ցուպն ու գաւազանն ինձ կը մխիթարեն։ Իմ առջեւ սեղան պատրաստեցիր հալածիչներիս աչքերի դիմաց։ Գլուխս իւղով օծեցիր, եւ քո բաժակն ինձ արբեցրեց անխառն գինու պէս։ Ողորմութիւնը քո, Տէ՛ր, պիտի հետեւի ինձ կեանքիս բոլոր օրերին, երկար օրեր ես Տիրոջ տանը պիտի բնակուեմ»։

     

    Դավթին է վերագրվում է Աստվածաշնչի Սաղմոսների ամբողջ գիրքը, որն ընդգրկում է 150 սաղմոս, թեև ըստ ուսումնասիրությունների, Դավիթը հեղինակն է միայն սաղմոսների մի մասի, մյուսները գրել են այլ աղոթարար անձինք: Մեզ համար կարևորը ոչ թե հեղինակների ճշգրիտ որոշումն է, այլ սաղմոսներն իրենք, որոնք անփոխարինելի գանձեր են յուրաքանչյուր հավատացյալի համար: Դրանք և անհատական և հավաքական աղոթքի համար են և օգտագործվում են եկեղեցական բոլոր խորհրդակատարությունների ժամանակ, ժամերգություններում առավել մեծ ծավալով, նաև շատերը սիրում են աղոթել հենց այդպես՝ միայն սաղմոսներով: Դրանց մեջ կա և Աստծո մեծագործությունների պատմությունը, և Աստծո ժողովրդի անհավատարմության հիշողությունները, և աղերսանք՝ թշնամիների հարձակումներից պաշտպանվելու, և ապաշխարության, խորագույն զղջման աղոթքներ և հաղթական սաղմոսներ: Սաղմոսներում ոչ միայն մարդն է աղոթում, այլև ամբողջ արարչագործությունը՝ գոհություն մատուցելով Տիրոջը, որտեղից էլ «սաղմոս» բառի իմաստն է՝ գոհություն:

     

    Օրինակ, սաղմոս 50-ը ընդունված է համարել ապաշխարության սաղմոս, որտեղ աղոթում ենք այսպես.

     

    «Ողորմի՛ր ինձ, Աստուա՛ծ, քո մեծ ողորմութեամբ եւ քո գթառատութեամբ ջնջի՛ր իմ յանցանքները։ Առաւել եւս լուա՛ ինձ իմ անօրէնութիւնից եւ իմ մեղքերից մաքրի՛ր ինձ։ Իմ անօրէնութիւններն ես ինքս գիտեմ, եւ մեղքերն իմ միշտ առջեւս են։ Քո դէմ միայն մեղանչեցի, Տէ՛ր, եւ չարիք գործեցի քո առջեւ, որպէսզի արդար լինես քո խօսքերում, եւ յաղթող՝ քո դատաստանի մէջ։ Անօրէնութեամբ յղիացաւ եւ մեղքերի մէջ ծնեց ինձ մայրն իմ։ Դու, Տէ՛ր, ճշմարտութիւնը սիրեցիր եւ քո իմաստութեան անյայտն ու ծածուկն ինձ յայտնեցիր։ Ցօղի՛ր ինձ սպունգով՝ եւ ես կը մաքրուեմ, լուա՛՝ ու ձիւնից ճերմակ կը լինեմ։ Ինձ ցնծութիւն եւ ուրախութիւն լսել տո՛ւր, եւ թող տառապեալ ոսկորներս ցնծան։ Երեսդ շո՛ւռ տուր իմ մեղքերից եւ իմ բոլոր յանցանքները ջնջի՛ր ինձնից։ Իմ մէջ մաքուր սիրտ հաստատի՛ր, Աստուա՛ծ, եւ արդար հոգի նորոգի՛ր իմ որովայնում։ Մի՛ գցիր ինձ, Տէ՛ր, քո երեսից եւ սուրբ Հոգիդ մի՛ հանիր ինձնից։ Ինձ փրկութեան ցնծութի՛ւն տուր, եւ քո տիրական Հոգով հաստատի՛ր ինձ։ Անօրէններին կը սովորեցնեմ քո ճանապարհը, եւ ամբարիշտները քո կողմը կը դառնան։ Փրկի՛ր ինձ արիւնից, Աստուա՛ծ, իմ փրկութեա՛ն Աստուած. լեզուս թող ցնծայ քո արդարութեամբ։ Տէ՛ր, եթէ շրթներս բացես, բերանն իմ կ՚երգի օրհնութիւնը քո։ Եթէ ուզէիր՝ պատարագ կը մատուցէինք, բայց դու ողջակէզներ չես սիրում։ Խոնարհ հոգին է պատարագն Աստծու, մաքուր սիրտն ու խոնարհ հոգին Աստուած չի արհամարհում…»:

     

    Կամ աղոթե՛նք Սաղմոս 26-ը.

     

    «Տէրն իմ լոյսն է ու կեանքը, ո՞ւմից վախենամ. Տէրն իմ կեանքի ապաւէնն է, ո՞ւմից ես դողամ։ Երբ չարագործ նեղիչներս ու թշնամիներս մօտեցան ինձ՝ մարմինս ուտելու, նրանք թուլացան ու ընկան։ Եթէ իմ դէմ պատերազմ պատրաստուի, սիրտս չի սոսկայ. եթէ իմ դէմ ճակատամարտի ելնեն, միեւնոյն է, Տէ՛ր, յոյսս քեզ վրայ եմ դնելու։ Մի բան եմ խնդրել Տիրոջից, եւ նոյնն եմ աղաչում, որ կեանքիս բոլոր օրերին բնակուեմ Տիրոջ տանը, տեսնեմ Տիրոջ վայելչութիւնը եւ վերահսկեմ նրա տաճարում։ Չար օրերին նա ինձ թաքցրեց իր վրանում, պատսպարեց ինձ իր վրանի ծածկի տակ։ Ժայռից բարձր պահեցիր ինձ, այժմ էլ գլուխն իմ բարձրացրո՛ւ թշնամիներիս վրայ։ Շրջեմ եւ օրհնութեան պատարագ մատուցեմ Նրա վրանում, օրհներգեմ եւ սաղմոս երգեմ Տիրոջը։ Լսի՛ր ձայնն իմ, Տէ՛ր, քանզի քեզ կանչեցի, ողորմի՛ր ինձ եւ ակա՛նջ դիր, քանզի սիրտն իմ քեզ դիմեց, եւ հայեացքն իմ փնտռեց, փնտռեց քո երեսը, Տէ՛ր։ Մի՛ դարձրու երեսդ ինձնից եւ բարկութեամբ մի՛ շրջուիր քո ծառայից։ Իմ օգնականն եղիր, Տէ՛ր, եւ մի՛ անարգիր ինձ ու մի՛ լքիր, փրկիչ Աստուա՛ծ իմ։ Իմ հայրն ու մայրը լքեցին ինձ, բայց Տէրն ինձ ընդունեց։ Սովորեցրո՛ւ ինձ, Տէ՛ր, քո ճանապարհը եւ առաջնորդի՛ր ինձ քո ուղիղ շաւիղներով։ Իմ թշնամիների պատճառով ինձ նեղողների ձեռքը մի՛ մատնիր. Իմ դէմ մեղսագործ վկաներ ելան եւ չարախօսեցին ինձ իրենց անիրաւութեամբ։ Հաւատում եմ, որ կը տեսնեմ Տիրոջ բարութիւնը ողջերի երկրում։ Սպասի՛ր Տիրոջն ու քաջալերուի՛ր, սիրտդ թող ամրապնդուի, Տիրո՛ջն սպասիր»։

     

    Տ. Հովսեփ Գալստյան

    Բավրա, Մեծ Սեպասար

    22 մարտի, 2019թ.

Օրացույց

Օրացույց


Recent Comments