Եկեղեցու սոցիալական առաքելություններից մեկն է զարգացնել «մարդասիրության կրթությունը»
2019թ. փետրվարի 22-ին Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում կազմակերպվեց համագումար, որտեղ Հայկական Կարիտասն ամփոփեց ներառական կրթության ոլորտում իրականացվող իր ծրագրերից մեկի երկամյա ընթացքը: «Համայնքային գործնթաց՝ կրթության մեջ համընդհանուր ներառմանն ընդառաջ» ծրագիրը իրականացվում է Եվրոպական միության, Ավստրիայի զարգացման գործակալության և Կարիտաս Ավստրիայի ֆինանսավորմամբ և «Դպրոցական ծնողխորհուրդների անդամների ազգային ասոցիացիա» հասարակական կազմակերպության հետ համատեղ աշխատանքով:
Համագումարին ներկա էին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալակին, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, Գյումրիի փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը, ՀՀ Կրթության և գիտության փոխնախարար Լուսինե Առաքելյանը, Ազգային ժողովի պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, Հայկական Կարիտասի գործադիր տնօրեն Գագիկ Տարասյանը, ծրագրերի պատասխանատու Անահիտ Գևորգյանը, այլ պաշտոնատար և դպրոցի տնօրեններ, ուսուցիչներ, ովքեր աջակցել են ծրագրի իրականացմանը, աշակերտներ, հաշմանդամություն ունեցող անձինք, ոլորտի մասնագետներ:
Համագումարի մեկնարկը տրվեց մի հուզիչ և խորհրդանշական համերգային ելույթով, որ ներկայացրեցին Արթիկի թիվ 1 դպրոցի աշակերտները: Երգի հեղինակը իրենք երեխաներն էին, երգը կոչվում էր «Մենք բոլորս հավասար ենք»: Արթիկի այս դպրոցում իրականացվում է ներառական կրթություն:
Տերունական միասնական աղոթքի առաջարկով և ապա ողջույնի խոսքով հանդես եկավ Հայկական Կարիտասի հոգևոր խորհրդատու Տ. Հովսեփ քհն. Գալստյանը, ով նախ փոխանցեց Հայկական Կարիտասի Ընդհանուր նախագահ Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասյանի հայրական ողջույնը և ապա ասաց հետևյալը.
«Հայկական Կարիտասի և «Դպրոցական ծնողխորհուրդների անդամների ազգային ասոցիացիա»-ն այսօր վերլուծում են 2017թ.-ից իրենց համատեղ իրականացրած այս ծրագրի արդյունքները, որոնք Աստծո օրհնությամբ և աշխատակիցների նվիրման արդյունքում արդեն տեսանելի են և հիմք են դարձել նոր աշխատանք սկսելու, հասարակության մեջ համապատասխան մտածելակերպ և վերաբերմունք ձևավորելու, ներառական կրթության ոլորտում լուրջ բարեփոխումներ կատարելու և մարդու համակողմանի զարգացմանը նպաստելու համար: Աստծո համար անսահման մեծ արժեք ունի յուրաքանչյուր մարդ արարած, յուրաքանչյուր անհատականություն՝ իր տեսակով, տաղանդներով կամ հաշմանդամությամբ, իր ձգտումներով և երազանքներով, իր հավատքով և նաև անտարբերությամբ: Հետևաբար, Եկեղեցու համար առանցքային կարևորություն ունի բոլո՛ր անհատների կրթության իրավունքի դրսևորման համար պատշաճ հնարավորությունների ապահովումը՝ հիմքեր ստեղծելով մարդ անհատի ամբողջական զարգացման (integral human development) համար, որը Կաթողիկէ Եկեղեցու սոցիալական ուսմունքի առանցքային տեսլականներից է և հիմնված է մարդու արժանապատվության հարգման անխախտ սկզբունքի վրա, ինչն էլ իր հերթին բխում է այն ճշմարտությունից, որ յուրաքանչյուր մարդ Աստծո պատկերով և նմանությամբ արարված մի եզակի ստեղծագործություն է: Հայկական Կարիտասը՝ որպես քրիստոնեական սոցիալական առաքելության ամենախոսուն արտահայտություն, իրականացնում է հենց այս սկզբունքի կիրառությունը՝ բազում ծրագրերի միջոցով, որոնցից մեկն էլ կրթության ներառականությանը և հաշմանդամություն ունեցող անձանց հզորացմանն ուղղված այս ծրագիրն է:
1965թ. Պողոս 6-րդ Քահանայապետի կողմից հրապարակված կրթության վերաբերյալ մի փաստաթղթում գրված է հետևյալը. «Ճշմարիտ կրթության նպատակն է ձևավորել մարդ անհատը՝ իր վերջնական նպատակին հասնելու համար և այն հասարակության ընդհանուր բարիքի համար, որի անդամն է ինքը և որի պատասխանատվությունը ինքը հետագայում կիսելու է որպես մեծահասակ» (Gravissimum Educationis, 1965): Պետք է ասել, որ ներառական կրթության նպատակը քրիստոնեության տեսանկյունից ևս պետք է լինի երեխային հնարավորություններ ընձեռելը, որպեսզի կարողանա իր կարողություններով հետագայում ամբողջովին կիսել հասարակության պատասխանատվությունը: Սա կարելի է անվանել նաև «մարդասիրության կրթություն» (humanizing education), այսինքն՝ «մի կրթություն, որը կենտրոնում դնում է մարդ անհատը՝ հարաբերությունների այն կոնտեքստում, որը ստեղծում է կենդանի համայնք, որտեղ բոլորը միմյանց կարիքն ունեն և ունեն ընդհանուր նպատակ», ինչպես բացատրում է կրթության վերաբերյալ մեկ այլ եկեղեցական փաստաթուղթ (Fraternal Humanism, 8, 2017):
Այդ կենդանի համայնքը դուք բոլո՛րդ եք, ովքեր համախմբված եք՝ միասին աշխատելու կրթության մեջ ներառականության կարևոր բաղադրիչը զարգացնելու և յուրաքանչյուր երեխայի կրթության իրավունքը ապահովված տեսնելու համար»:
«Համայնքային գործնթաց՝ կրթության մեջ համընդհանուր ներառմանն ընդառաջ» ծրագրի ղեկավար Գայանե Նորիկյանը և «Դպրոցական ծնողխորհուրդների անդամների ազգային ասոցիացիա»-յի ներկայացուցիչ Ռուզաննա Հակոբյանը ներկայացրեցին ծրագերի ընթացքը և ձեռքբերումները: Ծրագիրն իրականացվել է Շիրակի մարզում, որտեղ ընտրվել են տասներկու դպրոցներ, որոնցում լրիվությամբ կամ մասամբ իրականացվում է ներառական կրթություն: Այդ դպրոցներում կատարվել են ուսումնասիրություններ՝ պարզելու համար ներառական կրթության իրականացման խնդիրներն ու մարտահրավերները, հաշվի են առնվել ծնողների, հաշմանդամություն ունեցող երեխաների, ուսուցիչների, ոլորտի մասնագետների կարծիքները, դրանք համադրվել են ոլորտում իրականացվող պետական քաղաքականության և օրեսնդրության հետ: Ծրագրի պատասխանատուները առաջնորդվում են «Ներառման ինդեքս» կոչվող միջազգային ուղեցույցով, որը օգնում է դպրոցներում ներդնել ներառական կրթություն: Երկամյա ուսումնասիրությունների արդյունքներով պարզ է դարձել, որ դեռևս մեծ աշխատանք պետք է կատարվի՝ Հայաստանի հանրակրթական դպրոցներում հաշմանդամություն ունեցող երեխաների լիարժեք ներառման և այդ գործընթացի նկատմամբ հասարակության համապատասխան վերաբերմունք ձևավորելու համար:
Այս կարծիքները կոնկրետ օրինակներով և իրենց փորձառությամբ մանրամասնելով՝ կիսեցին նաև ոլորտի մասնագետները՝ ԱԺ պատագամավոր Սոֆյա Հովսեփյանը և ՀՀ ԿԳ փոխնարար Լուսինե Առաքելյանը: Հովսեփյանը կոչ արեց, որպեսզի խնդրով մտահոգ յուրաքանչյուր անհատ խոսի իր շրջապատում՝ հաշմանդամների հանդեպ հավասար վերաբերմունքի, կրթության մեջ ներառնվելու իրավունքի մասին, որպեսզի հնարավոր լինի փոփոխությունների հասնել:
ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին պատմեց, թե դեռևս երկու տասնամյակ առաջ, երբ ներառական կրթությունը փորձում էին ներդնել Լեհաստանում ինչպիսի դժվարությունների էին հանդիպում, հատկապես, ծնողների մտածողության պատճառով: Հարկ եղավ երկար ճանապարհ անցնել և կտրուկ միջամտություններ անել, որպեսզի հնարավոր լիներ աստիճանաբար զարգացնել փոխադարձ սիրո և ներառականության մտածողություն լեհական հասարակության մեջ: Այս իմաստով Սվիտալսկին ամենամեծ խնդիրը ներառական կրթությունը ներդնելու գործընթացում համարում է մտածողության փոփոխությունը, որը հարկ է կատարել նաև Հայաստանում: Եվրամիությունը նախատեսում է Հայաստանի կառավարության հետ համատեղ ծրագրեր իրականացնել՝ ներառականությունը կրթության մեջ զարգացնելու համար: Եվրամիության ֆինանսավորմամբ Գյումրիում իրականացվում է նաև Հայկական Կարիտասի Արեգակ փուռ-սրճարանի ծրագիրը, որի նպատակն է հաշմանդամություն ունեցող անձանց հնարավորություն տալ աշխատանք ունենալու և զարգացնելու իրենց հմտությունները: