«Աստծո Հավատավոր ժողովուրդն իր հայացքն ուղղել է մեզ և ակնկալում է ոչ սովորական կամ կանխատեսելի դատավճիռներ, այլ՝ որոշակի և արդյունավետ միջոցների ձեռնարկում»
«Անչափահասների պաշտպանությունը Եկեղեցում» համագումարը մեկնարկեց հինգշաբթի՝ փետրվարի 21-ի առավոտյան աղոթքներով, ընթերցումներով և կարճատև լուռ մտորումներով՝ մինչ Վատիկանի Սինոդոսի սրահում Նորին Սրբությունը կսկսեր իր ներածական խոսքը: Պատրիարքների, կարդինալների, արքեպիսկոպոսների, եպիսկոպոսների, հոգևոր վերադասների ներկայությամբ Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետն ասաց. «Նկատի առնելով եկեղեցականների կողմից երեխաների նկատմամբ գործած սեռական բռնության ժանտախտի առկայությունը», -երևույթին տալով նման բնորոշում, – «մենք պետք է լսենք Սուրբ Հոգու ձայնը և խոնարհությամբ հետևելով Նրա առաջնորդությանը՝ կարողանանք ականջալուր լինել արդարություն պահանջող մանուկների աղաղակին»:
Բռնություն կոչվող չարիքը, որն արատավորում է Եկեղեցին ու մարդկությանը
Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Պապը մասնակիցներին ասաց, որ այս համագումարը կքած է հովվական և եկեղեցական պարտականությունների ծանրության բեռի տակ, որը պարտավորեցնում է, որպեսզի միասին սինոդոսին բնորոշ անկեղծությամբ և խորությամբ քննարկենք, թե ինչպես պետք է վարվել այս չարիքի հետ, որն արատավորում է Եկեղեցին ու մարդկությանը:
Սրբազան Քահանայապետն ընդգծեց. «Աստծո հավատավոր ժողովուրդն իր հայացքն ուղղել է մեզ և ակնկալում է ոչ սովորական կամ կանխատեսելի դատավճիռներ, այլ՝ որոշակի և արդյունավետ միջոցների ձեռնարկում»:
Խիզախության և որոշակիության ճանապարհ
«Ուստի, եկե՛ք մեր ճանապարհը սկսենք՝ զինված հավատով և առավելագույն ճշմարտախոսության (parresia), անկեղծության, խիզախության և որոշակիության ոգով», – կարծիք հայտնեց Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը:
Նորին Սրբությունն ասաց, որ որպես օգնություն՝ ցանկանում է նրանց հետ կիսել որոշ կարևոր չափանիշներ, որոնք սահմանվել են տարբեր հանձնաժողովների և եպիսկոպոսական համաժողովների կողմից… «Դրանք ուղեցույցներ են, որոնք կօգնեն, որպեսզի մեր խորհրդածությունները փոխանցվեն ձեզ: Սա մի պարզ մեկնակետ է, որ սկիզբ է առնում ձեզանից ու վերադառնում ձեզ և չի հեռացնում այն ստեղծարար մտքից, որը պետք է առկա լինի այս համագումարի ընթացքում»:
Եզրափակելով իր դիտարկումները, Նորին Սրբություն Ֆրանցիսկոսը շնորհակալություն հայտնեց Անչափահասների պաշտպանության քահանայապետական հանձնաժողովին, Հավատի վարդապետության վարչությանը և Կազմակերպչական կոմիտեի անդամներին այս համագումարի նախապատրաստման ընթացքում մեծ նվիրումով կատարած գերազանց աշխատանքի համար:
Իր խոսքի ավարտին Սրբազան Քահանայապետը Սուրբ Հոգու օգնությունը հայցեց բոլոր նրանց համար, ովքեր այս օրերին հավաքված են Սինոդոսի սրահում, որպեսզի կարողանան այս չարիքը վերածել գիտակցման և մաքրագործման հնարավորության: «Թո՛ղ որ Սուրբ Կույս Մարիամը լուսավորի մեզ, որպեսզի փորձենք դարմանել այն խորը վերքերը, որ պատճառել է մանկապղծության գայթակղությունը ինչպես երեխաներին, այնպես էլ մեծահասակներին»:
Վատիկան Նյուզ-ից թարգմանեց Հրանուշ Սարգսյանը