• Փետրվարի 21-24-ը Հռոմում կգումարվի հույժ կարևոր համագումար՝ երեխաների պաշտպանության թեմայով

    «Լռությունն անընդունելի է»


    Սուրբ Աթոռի Լրատվական ծառայության գրասենյակում գումարված մամլո ասուլիսի ժամանակ ներկայացվեց «Անչափահասների պաշտպանությունը Եկեղեցում» թեմայով Համագումարը, որը տեղի է ունենալու 2019թ.-ի փետրվարի 21-24-ը միջակայքում՝ Վատիկանում:

     

    Արքեպիսկոպոս Չարլզ Ջ. Սիքլունան Հավատի Դավանանքի Միաբանությունում զբաղեցնում է օգնական քարտուղարի պաշտոնը և հանդիսանում «Անչափահասների պաշտպանությունը Եկեղեցում» համագումարի կազմակերպչական կոմիտեի անդամ: Երկուշաբթի օրը տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ համագումարի մասին խոսելիս, նա պարզաբանեց, որ նախանշվող այս խորհրդակցական ժողովը մաս է կազմում որոշ ժամանակ առաջ Եկեղեցու կողմից որդեգրված մի նոր ուղու և որ անհրաժեշտ է բարենպաստ պայմաններ ստեղծել, որպեսզի որոշակի «միջոցներ ձեռնարկվեն»:

     

    «Եպիսկոպոսները կվերադառնան իրենց թեմեր, կշարունակեն աշխատանքը և իրենց պարտականությունների մասին ավելի բարձր իրազեկվածություն ունենալով՝ կմշակեն «ընթացակարգեր»: Երբ խոսքը վերաբերում է «ա      նմեղության պաշտպանությանը», մենք չպետք է հանձնվենք, այլ պետք է խնդրին ավելի համապատասխան լուծումներ փնտրենք, որպեսզի Եկեղեցին ապահով վայր լինի բոլորի համար, հատկապես՝ երեխաների», – իր խոսքում ընդգծեց Արքեպիսկոպոսը: Վերջինս խոսեց նաև այս համագումարից սպասվող «ակնկալիքների» մասին՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ դրանք պետք է լինեն «ողջամիտ», քանի որ ոչ բոլոր խնդիրները կարող են լուծում գտնել երեք օրում: Ի պատասխան լրագրողներից մեկի հարցին՝ արքեպիսկոպոսն ասաց, որ անհրաժեշտ է հրաժարվել «լռության կոդեքսից», որովհետև լռությունն անընդունելի է:

     

    Թափանցիկություն

     

    Չիկագոյի արքեպիսկոպոս կարդինալ Բլեյզ Ջ. Սյուպիչը նույնպես Կազմակերպչական կոմիտեի անդամ է հանդիսանում: Մամլո ասուլիսի ընթացքում նա ևս պատասխանեց լրագրողների հարցերին՝ խոսելով «թափանցիկությանը վերաբերող նոր դարաշրջանի մասին»: Կարդինալը հստակ ընդգծեց, որ ներկա եպիսկոպոսները, ովքեր հիմնականում Եպիսկոպոսական համաժողովների նախագահներ են, պետք է այս հարցի շուրջ լիովին գիտակցեն իրենց պատասխանատվությունը և միևնույն ժամանակ շեշտեց, որ «պաշտպանության հստակ ծրագիրը» կարող է կանխարգելել կրկնությունն այն բանի, ինչ տեղի է ունեցել անցյալում: Կարդինալ Սյուպիչը ներկաների ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ Վատիկանում կայանալիք համագումարի մասնակիցներից շատերը հանդիպումներ են ունեցել զոհերի հետ (ինչպես որ պահանջել էր Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը) և նրանցից յուրաքանչյուրն իր սրտում կրում է Եկեղեցու անդամների կողմից բռնության ենթարկվածների «վերքերը»:

     

    Համաշխարհային մասշտաբով միջոցառումների ձեռնարկում

     

    Յոզեֆ Ռատցինգեր – Բենեդիկտոս XVI Հիմնադրամի նախագահ և Վատիկանի Համագումարի համակարգող Հայր Ֆեդերիկո Լոմբարդին մամլո ասուլիսի ընթացքում լուսաբանեց այն հատուկ թեման՝ «Պատասխանատվություն, հաշվետվողականություն և թափանցիկություն», որի շուրջ ընթանալու են եռօրյա քննարկումները: Վատիկանի Սինոդոսի սրահում ներկա հարյուր իննսուն մասնակիցներին հինգշաբթիից շաբաթ ընկած ժամանակահատվածում օրեկան կներկայացվի երեք զեկույց: Սրանցից երեքը կներկայացվեն կանանց կողմից, իսկ բոլոր ինը ելույթներին կհաջորդի հարց ու պատասխանի սեսիան: Ըստ լեզվական հայտանիշի, մասնակիցները կբաժանվեն աշխատանքային խմբերի: Յուրաքանչյուր օրվա մեկնարկին և ավարտին կլինեն վերապրածների վկայություններ ու աղոթքի րոպեներ: Նորին Սրբություն Ֆրանցիսկոսը հինգշաբթի առավոտյան կազդարարի Համագումարի բացումն իր ներածական խոսքով, իսկ կիրակի օրը՝ Պատարագից հետո, հանդես կգա փակման խոսքով:

    Շաբաթ՝ կեսօրից հետո տեղի ունենալիք Ապաշխարության աղոթքը, ինչպես նաև կիրակնօրյա Սուրբ Պատարագը կհեռարձակվեն Vatican News-ի ուղիղ եթերով: Համաձայն Հայր Լոմբարդիի խոսքի՝ Կազմակերպչական կոմիտեի անդամները նաև առանձին հանդիպումներ կունենան բռնության զոհերի ներկայացուցիչների և վերապրածների միությունների հետ:

     

    Տեղեկատվություն՝ համագումարի վերաբերյալ

     

    «Անչափահասների պաշտպանությունը Եկեղեցում» համագումարի պաշտոնական կայքն է՝ www.pbc2019.org, որը կշարունակի գործել նույնիսկ Համագումարի ավարտից հետո՝ որպես «ապագա նախաձեռնությունների զարգացման գործիք»:

    Քահանայապետական Գրեգորյան Համալսարանի Երեխաների պաշտպանության կենտրոնի նախագահ, Անչափահասների պաշտպանության քահանայապետական հանձնաժողովի անդամ և կազմակերպչական կոմիտեի կոնտակտային անձ Հայր Հանս Զոլլները մամլո ասուլիսի ժամանակ ներկայացրեց Համագումարի պաշտոնական կայքը, որը պարբերաբար թարմացվելու է: Եվ վերջապես, Սուրբ Աթոռի Լրատվական ծառայության գրասենյակի տնօրենի պաշտոնակատարի օգնական քույր Բերնադետ Ռեյսը ներկայացրեց լրատվամիջոցների համար նախատեսված նյութերի թվային ժողովածուն, որը տրամադրվել էր լրագրողներին և լրատվամիջոցների ներկայացուցիչներին իրենց աշխատանքում աջակցելու և օժանդակելու նպատակով:

     

    Վատիկան Նյուզից թարգմանեց՝ Հրանուշ Սարգսյանը

Օրացույց

Օրացույց