• Վարշավայում նշել են լեհահայ հոգևոր առաջնորդ Թեոդորովիչի պատմական քարոզի 100-ամյակը

    «Սա՛ է հայրենիքի սերը…». Լեհաստանի ղեկավարները գնահատում են հայերի ներդրումը իրենց երկրի պատմության մեջ


    2019թ. փետրվարի 9-ին Վարշավայի Սուրբ Հովհաննես Մկրտիչ Մայր Տաճարում տեղի ունեցավ հանդիսություն՝ նվիրված Լվովի հայ կաթողիկէ Առաջնորդ Արհ. Տ. Ժոզեֆ Արքեպս. Թեոդորովիչի՝ Լեհաստանի 2-րդ անկախ հանրապետության հիմնադրմանը նվիրված պատմական քարոզի 100-ամյակին: Լեհահահայոց համար կարևոր այս հանդիսությունը կազմակերպվել էր Վարշավայի արքեպիսկոպոս Վսեմաշուք Կարդինալ Կազիմիեժ Նիչի և Լեհահայոց մշակույթի և ժառանգության հիմնադրամի նախաձեռնությամբ:

    Հանդիսությունը սկսվեց Սուրբ Պատարագով՝ նախագահությամբ Կարդինալ Նիչի և համապատարգությամբ  տասներկու բարձրաստիճան հոգևորականների, որոնց թվում էին Լեհաստանի կաթողիկէ եպիսկոպոսների խորհրդաժողովի քարտուղար Արքեպիսկոպոս Artur Miziński-ն, Վարշավայի Սբ. Գրիգոր Նարեկացի հայ կաթողիկէ համայնքի ժողովրդապետ Գերհ. Հ. Ժոզեֆ Ծ. Վրդ. Նաումովիչը: Սուրբ Պատարագին ներկա էին լեհական Սեյմի խոսնակ Marek Kuchciński-ն, Սենատի խոսնակ Stanisław Karczewski-ն, Սեյմի և Սենատի պատգամավորներ և սենատորներ, Լեհաստանում ՀՀ լիազոր դեսպան Սամվել Մկրտչյանը և այլ պաշտոնյաներ, ինչպես նաև Վարշավայում սովորող հայ ճեմարանականներ: Սբ. Պատարագից առաջ ընթերցվեցին Սեյմի, Սենատի և Վարչապետի ուղերձները:

     

    Վսեմաշուք Կարդինալ Նիչն իր քարոզում ասաց, որ հանդիսության կազմակերպումը երկու նպատակ ունի՝ Լեհաստանի հանրապետության անկախության վերականգնման 100-ամյա հոբելյանը և երկրորդը՝ 100 տարի առաջ՝ փետրվարի 9-ին, նորակազամ խորհրդարանի առաջին նիստին նախորդող պատմական Սուրբ Պատարագը, որի ընթացքում Լվովի հայ կաթողիկէ Առաջնորդ Արհ. Տ. Ժոզեֆ Արքեպս. Թեոդորովիչը տվեց իր հռչակավոր քարոզը, որի ընթացքում նա գոհություն հայտնեց Տիրոջը՝ Լեհաստանի անկախության վերականգնման համար և հորդորեց նորակազմ խորհրդարանի անդամներին պատասխանատվություն ստանձնել հայրենիքի զարգացման համար: Որպես ազդեցիկ հոգևորական և հիանալի քարոզիչ, հենց Թեոդորովիչը հրավիրվեց քարոզելու այդ պատմական օրը: Նրա քարոզը լի էր մեծ հոգատարությամբ՝ Լեհաստանի ազատության և ապագայի նկատմամբ, դա միաժամանակ միության և երկիրը վերակառուցելու մասին կոչ էր: Կարդինալ Նիչը շեշտեց, որ միակ եպիսկոպոսը, որ միաժամանակ Սեյմի անդամ էր, Արհ. Ժոզեֆ Թեոդորովիչն էր: Նիչը փաստեց, որ Արքեպիսկոպոս Թեոդորովիչի քարոզը և Լեհաստանի 2-րդ հանրապետության մեկնարկը շատ կարևոր են Լեհաստանի պատմության մեջ, որոնք պետք է հիշել ներկայում և դասեր քաղել դրանցից: Նիչը խոսեց նաև լեհահայերի հսկայական դերի մասին՝ Լեհաստանի պատմության համար:

     

    Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու պատին դրվել է նաև Արհ. Ժոզեֆ Արքեպս. Թեոդորովիչին նվիրված հուշաքար, որի վրա գրված է հեևյալը.

     

    «Սա՛է հայրենիքի սերը, որից բարձր է, սկիզբ է առնում և ուղղորդվում միայն մեկ սեր՝ Աստծո հանդեպ սերը:

     

    Ի պատիվ Արքեպիսկոպոս  Ժոզեֆ Թեոֆիլ Թեոդորովիչի՝

    Լվովի Հայ Կաթողիկէ Մետրոպոլիտի, Լեհաստանի մեծ հայրենասերի»:

     

    Աննա Գալստյան

Օրացույց

Օրացույց