Մոսկվայի քաղաքային իշխանությունը հայ կաթողիկէ համայնքին հողատարածք է տրամադրել՝ եկեղեցի կառուցելու համար
2019թ. Աստվածահայտնության տոնին ևս Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասյանն իր տոնական Սուրբ Պատարագը մատուցեց Մոսկվայի հայ կաթողիկէ համայնքի համար, Անարատ Հղության Կաթողիկէ Մայր Տաճարում, համապատարագությամբ Ռուսաստանում Առաջնորդական Փոխանորդ, Մոսկվայի հայ կաթողիկէների ժողովրդապետ Գերհ. Հ. Պետրոս Ծ. Վրդ. Եսայանի և Ռուսաստանի լատինածես կաթողիկէների թեմի Առաջնորդական Փոխանորդ Հ. Կիրիլ Վրդ. Գարբունովի:
Սրբազան Հայրը Մոսկվայի հայ կաթողիկէ հավատացյալներին փոխանցեց իր Սուրբ Ծննդյան պատգամը, որի առանցքը Բարի Հովվի կերպարն է, Ում կոչված ենք նմանվել բոլորս՝ թե հոգևորականներ և թե աշխարհականներ: Ամուսնացյալ հավատացյալները քաջ հովիվներ պետք է լինեն իրենց ընտանիքների համար, իսկ քահանաները՝ իրենց հոգևոր հովվության հանձնված հավատացյալների համար՝ ոչ թե տիրելու, այլ՝ անձնվիրաբար ծառայելու ոգով, առաքելական նվիրումով և խանդավառությամբ, ասաց է Սրբազան Հայրը:
Սուրբ Պատարագից հետո կատարվեց Ջրօրհնեքի սրբազան արարողությունը, որից հետո կազմակերպվեց հյուրասիրություն, Սրբազան Հայրը զրուցեց հայ հավատացյալների հետ:
Հունվարի 6-ի երեկոյան՝ կեսգիշերին, Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլի հրավերով, Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասյանը, Ռուսաստանում Պապական նվիրակ Արքեպիսկոպոս Չելեստինո Միլիորեի, Ռուսաստանի լատինածես կաթողիկէների առաջնորդ Արքեպիսկոպոս Պաոլո Պեցցիի և Գերհ. Հ. Պետրոս Ծ. Վրդ. Եսայանի հետ միասին իր աղոթական ներկայությունն է բերել Մոսկվայի Քրիստոս Փրկչի Մայր Տաճարում տեղի ունեցած աղոթքին և ապա մասնակցել են միասնական ընթրիքի՝ Կիրիլ Պատրիարքի հետ:
Հունվարի 7-ին Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասյանը Հ. Պետրոս Ծ. Վրդ. Եսայանի հետ մեկնեց Վենյով և այնտեղ Սուրբ Պատարագ մատուցեց տեղի հայ հավատացյալների համար:
Հունվարի 9-ին Սրբազան Հայրը Սուրբ Պատարագ մատուցեց Սոչի քաղաքում և Ծայրագույն Վարդապետի աստիճան շնորհեց Սոչիի հայ կաթողիկէների նորանշանակ ժողովրդապետ Հոգշն. Հ. Ռաֆայել Վրդ. Կրավչիկին: Սուրբ Պատարագից հետո Սրբազան Հայրը Սոչիի կաթողիկէ եկեղեցու բակում կատարեց խաչքարի օծման կարգ:
Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասյանը հովվական այցելություն կատարեց նաև Կրասնոդար և Դոնի Ռոստով, որտեղ ևս մատուցեց Սուրբ Պատարագ, որի ընթացքում վարդապետական գավազան և լանջախաչ շնորհեց տեղի հայ կաթողիկէների ժողովրդապետ Հոգշն. Հ. Սերգեյ Վրդ. Բաբաջանյանին:
Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասյանի Ռուսաստան կատարած հովվական այցից հետո՝ հունվարի 11-ին, Մոսկվայի քաղաքային իշխանությունները հրապարակեցին տեղեկատվություն՝ այն մասին, որ Մոսկվայի քաղաքապետարանի Քաղաքաշինական-հողային հարցերի հանձնաժողովը հավանություն է տվել Մոսկվայի հայ կաթողիկէ համայնքին հանձնելու հողատարածք՝ եկեղեցու կառուցման համար: Հողատարածքը Մոսկվայի Հարավային Բուտով շրջանում է և կազմում է 0,7 հա: Հանձնաժողովի քարտուղար Անաստասիա Պյոտվան ասել է հետևյալը. «0,7 հա հողատարածքը կտրամադրվի Հայ Կաթողիկէ Եկեղեցու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ժողովրդապետությանը՝ 9 տարի անհատույց օգտագործման իրավունքով՝ եկեղեցու և հոգևոր-մշակութային կենտրոնի նախագծման և կառուցման համար»: Եկեղեցու ընդհանուր մակերեսը կարող է կազմել մինչև 1000մ2, իսկ հոգևոր կենտրոնը՝ մոտ 850մ2: Նոր կառուցվելիք եկեղեցին կլինի Մոկսվայի առաջին հայ կաթողիկէ եկեղեցին՝ ողջ պատմության ընթացքում:
Ըստ պաշտոնական տվյալների Մոսկվայում այժմ ապրում է մոտ 500 հայ կաթողիկէ ընտանիք, իսկ ամբողջ Ռուսաստանում հայ կաթողիկէների թիվը մոտ 100.000 է: