• Երիտասարդների նախաձեռնությունների պտուղները

    Օգնել երիտասադրությանը՝ լինել նախաձեռնող և հոգևոր, հասարակական առաջընթացի առաջամարտիկներ. սա Կաթողիկէ Եկեղեցու հովվական աշխատանքի հիմնական սկզբունքներից մեկն է:


    2018թ. նոյեմբերի 3-4-ը Կարդինալ Աղաջանյան երիտասարդական զարգացման հայ կաթողիկէ կենտրոնում տեղի ունեցած հանդիպման ժամանակ առաջին անգամ կազմակերպվեց փորձնական փոքր դրամաշնորհային ծրագրերի մրցույթ: Երիտասարդները դասընթացավարների օգնությամբ ինքնուրույն կազմեցին ծրագրեր՝ համայնքներում տարբեր սոցիալական, բնապահպանական, կրթական նախաձեռնություններ իրականացնելու համար: Այդ փոքրիկ ծրագրերից հոգևորականների և դասըթնացավարների քվեարկությունների արդյունքում հաղթող ճանաչվեցին Շիրակի մարզի Բավրա և Հովտուն, ինչպես նաև Ջավախքի Բավրա գյուղերի երիտասարդների ծրագրերը:

     

    Անցյալ շաբաթ երիտասարդներին տրամարդվեցին փոքր դրամաշնորհները և նրանք կարողացան իրականացնել իրենց նախաձեռնությունները: Շիրակի մարզի Բավրա գյուղում երիտասարդները որոշեցին որոշ հարմարություններ ապահովել գյուղում միայնակ տարեցներից մեկի տանը՝ ձմռան ցրտից պաշտպանելու համար: Յուղաբեր տատիկն ապրում էր սարսափելի անմխիթար պայմաններում, մի հյուղակի մեջ, որտեղ չկան ամենատարրական պայմաններ, պատուհանները գրեթե բաց են, քամին ու ձյունը անարգելք ներս էին թափանցում, վառարան չկար, տատիկը ցրտերից պաշտպանվում էր միայն վերմակով ու ծածկոցով: Հիգիենիկ պայմաններից ևս զուրկ է հյուղակը: Տատիկն ապրում է իր կենսաթոշակով և բարեկամների օգնություններով, խնամքով: Երիտասարդներն իրենց ունեցած փոքրիկ գումարով ցելոֆաններ և սոսինձ գնեցին, փակեցին, ջերմամեկուսացրին կորտված ապակիները, սոսինձով փակեցին պատերի ճաքերը, տեղադրեցին վառարան: Երիտասարդների նախաձեռնությանը միացան նաև գյուղի Սուրբ Նշան հայ կաթողիկէ եկեղեցու պատանեկան միության անդամները, մաքրեցին Յուղաբեր տատիկի սենյակը, ափսեները, սնունդ տարան և ուրախացրեցին տատիկին: Պատանիները շատ ակտիվ են եկեղեցական և համայնքային կյանքում, մասնակցում են քրիստոնեականի, անգլերենի դասընթացներին, բարեգործական ձեռնարկներին և եկեղեցական հոգևոր կյանքին, Սուրբ Պատարագին, թափորներին, բեմադրություններին:

    Երիտասարդների և պատանիներին նախաձեռնողականությունը Բավրայում արդյունավետ է դառնում միասնականությամբ և նույն տեսլականներով, որոնց զարգացման ուղղությամբ աշխատում է նաև գյուղի քահանան (Տ. Հովսեփ քհն. Գալստյան)՝ այս ամենը ջանալով համահունչ դարձնել Ավետարանացման և մարդու ամբողջական զարգացման վերաբերյալ Կաթողիկէ Եկեղեցու ուսմունքին և նպատակներին:

    Բավրայի երիատասարդների նախաձեռնությունների ևս մեկ օրինակ է համայնքային կենտրոնում կազմակերպվող անգլերենի դասընթացը, որն անցյալ տարի կամավորական սկբունքով վարում էր գյուղի երիտասարդներից մեկը՝ Անժելա Մուրադյանը: Իսկ այս տարի (նոյեմբերի 28-ին) դասընթացը վերսկսվեց՝ երիտասարդ կամավորական Անդրանիկ Մարգարյանի և գյուղի քահանայի միասնական նախաձեռնությամբ: Նրանց խնդրանքով գյուղում անգլերենի դասընթացը սկսեց վարել Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն (YIC) կազմակերպության կողմից Սլովակիայից հյուրընկալված կամավորականը Ժոզեֆը: Գյումրիից Բավրա տրանսպորտով տեղափոխության հարցով օգնում է Կաթողիկէ Եկեղեցու Հայկական Կարիտաս բարեսիրական կազմակերպությունը: Երեխաներին գսեփական նախաձեռնությամբ գրենական պիտույքներ է տրամադրել World Vision բարեգործական կազմակերպությունը, ով անցյալ տարի ևս օգնել էր նույն կերպ: Բավրայի գյուղապետարանն էլ իր ներդրումն ունի՝ տրամադրելով հարմարավետ սենյակներ՝ նորակառույց համայնքային կենտրոնում և վճարելով ջեռուցման համար: Այս համատեղ աշխատանքով, ուսուցման ոչ ֆորմալ մեթոդների կիրառությամբ կազմակերպիչները հույս ունեն ոչ միայն զարգացնել երեխաների լեզվական հմտությունները, այլև նպաստել նրանց սոցիալականացմանը, մարդկային հարաբերությունների  զարգացմանը, նախաձեռնողականությանը՝ հիմնված նախևառաջ Աստծո հետ կենդանի երկխոսության, հավատքի և հասարակական գիտությունների ժամանակակից մոտեցումների վրա: Անգլերենի խմբակի շրջանակներում նախաձեռնողները նախատեսում են կազմակերպել նաև անմիջական շփման ակումբներ, երբեմն նաև՝ այցեր Գյումրիի Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն: Անգլերենի դասընթացի նպատակներից մեկն է նաև ավելի ավագ խմբի աշակերտներին տալ հմտություններ, որպեսզի հետագայում արդեն իրե՛նք կամավոր հիմունքներով դասապատրաստումներ անեն կրտսեր աշակերտների հետ: Անդրանիկը նաև մշակել է համայնքային կենտրոնում համակարգչային լսարան հիմնելու մի ծրագիր, որը ներկայացրել է Հայկական Կարիտասի Ծխական հասարակական խորհուրդներ ծրագրի շրջանակներում:

    Հովտունում ևս երիտասարդները վերը նշված փոքրիկ դրամաշնորհային ծրագրով ցելոֆաններ են գնել և ջերմամեկուսացրել չորս անապահով ընտանիքների տների պատուհանները: Այդ ընտանիքների համար սա ուշադրության և սիրո կարևոր մի արտահայտություն է: Հովտունի երիտասարդները նաև նախատեսում են Սուրբ Ծննդյան տոնին ընդառաջ գյուղում հագուստ և սնունդ հավաքել՝ անապահով ընտանիքների համար: Նման ձեռնարկներ Հովտունի երիտասարդներն ու պատանիները հաճախ են անում: Նույնիսկ, երկու տարի առաջ նրանք իրենց փոքրիկ գյուղից հագուստ հավաքեցին և օգնեցին Գյումրիում ապրող անապահով ընտանիքների: Նրանք ակտիվորեն ներգրավված են համայնքի եկեղեցական կյանքում՝ ժողովրդապետ Հ. Եղիա վրդ. Դերձակյանի առաջնորդությամբ: Չնայած հոգևոր արարողությունների վայրը շատ անմխիթար է, գյուղում եկեղեցի չկա, բայց այդ ամենը անցյալ տարի, օրինակ, նրանց չխանգարեց պատրաստել Սուրբ Ծննդյան մի հիանալի բեմադրություն, որը նաև ցուցադրեցին այլ գյուղում:

    Տ. Հովսեփ Գալստյան

Օրացույց

Օրացույց