Ուշադրությունը սևեռել ոչ թե ուրիշների թերությունների վրա, այլ՝ թե ինչպես կարող եմ ե՛ս անել ավելին իմ և Եկեղեցու սրբության համար
Կաթողիկէ եպիսկոպոսների Սինոդոսի՝ 2018թ. հոկտեմբերի 3-25-ը Հռոմում գումարած 15-րդ հերթական համագումարի ընթացքում շեշտվում էր շատ կարևոր մի սկզբունք, որի համաձայն հարկավոր է աշխատել երիտասարդների հետ՝ ուղեկցելով նրանց բոլոր իրավիճակներում, կենդանի շփմամբ, նրանց ուշադրությունը սևեռելով Եկեղեցու սրբության, հոգևոր խորհրդի վրա, առաջնորդելով նրանց դեպի Քրիստոսի հետ մտերմությունը, որպեսզի երիտասարդները կարողանան հաղթահարել այն հիասթափությունները, որոնք ապրում են՝ տեսնելով արատավոր երևույթները Եկեղեցում, որոնք հետևանք են կղերապաշտության, հոգևորականների մեկուսացվածության, «էլիտար խմբերի» ձևավորման, մարդկանց կենդանի շփման բացակայության և ավետարանցման առաքելության ոչ ճիշտ ըմբռնման: Սինոդական հայրերը երիտասարդներին ուղղված իրենց նամակում գրեցին. «Մեր թուլությունները չպետք է հետ պահեն ձեզ, մեր անկայունությունն ու մեղքերը չպետք է խոչընդոտ լինեն ձեր վստահության համար: Եկեղեցին ձեր մայրն է, նա չի լքի ձեզ…»:
Այս գաղափարներով էր ներշնչված «Կարդինալ Աղաջանյան» հայ կաթողիկէ երիտասարդական զարգացման կենտրոնում 2018թ. նոյեմբերի 3-4-ը կազմակերպված հանդիպումը երիտասարդների հետ: Հանդիպման թեման կամավորությունն էր և երիտասարդների մասնակցությունը համայնքային կյանքին՝ ամբողջական իմաստով՝ հոգևոր և հասարակական, ըստ մարդու ամբողջական զարգացման (integral human development) մասին Կաթողիկէ Եկեղեցու ուսմունքի:
Հայ կաթողիկէ երիտասարդը իրավունքի չունի պասսիվ դիրք ունենալ համայնքի կյանքում, հատկապես, եթե հոգևոր երկխոսություն ունի Տեր Հիսուս Քրիստոսի հետ, ով «միշտ երիտասարդ է» (Տե՛ս՝ Սինոդի նամակը՝ երիտասարդներին, 28 հոկտեմբերի, 2018թ.). հոգևոր ջերմեռանդությունը, նվիրումը Հիսուսին երիտասարդին պետք է առաջ մղի՝ գործունյա կերպով մասնակցելու իր համայնքի զարգացմանը՝ հանդես գալով սեփական նախաձեռնություններով և դրանք կյանքի կոչելու վճռակամությամբ և ստեղծարարությամբ, տարեկցիների հետ միասին աշխատելու պատրաստակամությամբ, խոնարհությամբ և ուրիշին ընդունելու համար մշտական բացվածությամբ, ըստ կաթողիկէ նկարագրի: Այսպիսի շեշտադրումներ ուներ «Կարդինալ Աղաջանյան» կենտրոնի տնօրեն Արժ. Տ. Գրիգոր ավ. քհն. Մկրտչյանի ողջույնի խոսքը երիտասարդներին:
Ի՞նչ է կամավորությունը Եկեղեցում և հասարակական հարաբերություններում, ի՞նչ աղերսներ ունի այն Ավետարանի հետ.այս մասին խոսեց և քննարկում ծավալեց Հոգշն. Հ. Նարեկ վրդ. Մնոյանը: «Միշտ գոհություն ենք հայտնում Աստծուն՝ ձեզ համար՝ բոլորիդ հիշատակելով մեր աղոթքների մեջ։ (Ա․ Թեսղ․ 1, 2): Սբ․ Պողոսի այս գոհաբանական խոսքերով ցանկանում եմ ողջունել Ձեզ սիրելի երիտասարդներ, իմ ջերմագին և մշտատև աղոթքիս հավաստիքը տալով Ձեզ, որովհետև ամեն ուրախ թե դժվար պահերիս Դուք էք իմ սրտի աչքերիս դիմաց։ Դուք, որ ներկան եք եւ ապագան մեր եկեղեցու, համայնքի և երկրի։ Համայն քրիստոնեա աշխարհը չի մոռանում և երախտագիտորեն ճանաչում է երիտասարդների վսեմ և երկարատև նպաստը Քրիստոսի Մարմնի կառուցման և անսասան նվիրումի մեջ։ Հիրավի, սրա վկայությունը օրերս ավարտված Սբ․ Աթոռի մեջ երիտասարդների հատուկ սինոդոսն էր` գլխավորությամբ Սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոսի, ով երախտապարտ գորովանքի հավաստիքը հայտնեց բոլոր երիտասարդներիn, ովքեր ի չիք ամեն փորձության եւ դժվարության, հավատարիմ են Քրիստոսին եւ յուր Սբ Եկեղեցուն».ասաց Հայր Նարեկն իր նախաբանում:
«Կամավորությունը ըստ Սբ. Հովհաննես Պողոս Բ Սրբազան Քահանայապետի». այս թեմայով բանախոսեց Արժ. Տ. Սահակ քհն. Աղեկյանը՝ ներկայացնելով «երիտասարդների Պապի»՝ Սուրբ Հովհաննես Պողոս Բ-ի վարդապետությունը, որը, կարելի է ասել, հիմք է դարձել այսօրվա Կաթողիկէ Եկեղեցու երիտասարդների հետ աշխատանքի ռազմավարության համար:
Երիտասարդների մասնակցության մասին զրույց կազմակերպեց Սիրանուշ Մինասյանը՝ հիմնվելով Կաթողիկէ Եկեղեցու սոցիալական ուսմունքի հիմնարար սկզբունքներից մեկի՝ մասնակցայնության, վրա՝ իր առաջարկությունները ներկայացնելով առ այն, թե ինչպես կարելի է մասնակցություն ապահովել համայնքի կյանքում: Նա բացատրեց մասնակության սկզբունքները նաև՝ ըստ հասարակագիտական մոտեցման. 1. Հզորացում, 2. Նպատակային ներգրավվածություն, 3. Ներառականություն, իսկ որպես մասնակցության մարտահրավերներ, նշեց սոցիալական մեկուսացումը և հնարավորությունների անհավասարությունը, հետաքրքրության բացակայությունը՝ քաղաքական և հասարակական խնդիրների շուրջ, գենդերային սահմանափակումները հասարակական կառույցներում, տեղեկատվության բացակայությունը և այլն: Երիտասարդների մասնակցության ձևերը, ըստ նրա, կարելի է համարել ավանդական և ոչ ավանդական: Ավանդական ձևեր են, օրինակ, հասարակական աշխատանքը, կամավորությունը, երիտասարդական ցանցերի ստեղծումը, ոչ ավանդական՝ Քննարկումների ֆորումներ, ստորագրահավաքներ, ցույցեր, համացանցի օգտագործում՝ տեղեկատվության հավաքագրման, կարծիքների արտահայտման և որոշումների կայացման վրա ազդելու համար: Սիրանուշը շեշտեց, որ շատ կարևոր է յուրաքանչյուր երիտասարդի համար հնարավորություն ստեղծել՝ ունենալու մասնակցային փորձառություն:
Լատինական ծեսով նշվող Ամենայն Սրբոց տոնի նախօրեին աշխարհում և նաև Հայաստանում արդեն տարածում գտած Halloween-ի արատավոր սովորությունների մասին երիտասարդների հետ երեկոյան զրուցեց Տ. Հովսեփ քհն. Գալստյանը: Զրույցն ընթացավ երիտասարդներին իրենց իսկ շրջապատից շատ ծանոթ այդ սովորությունների պատճառների, դրանց հոգեբանական հիմքերի, հոգևորի հետ կեղծ առնչության, տեղեկատվական մեքենայությունների, մշակութային կործանարար քաղաքականության ձևերի վերլուծության ուղղությամբ: Երիտասարդները ներկայացրեցին իրենց կարծիքները, ծավալվեց քննարկում: Քահանան շեշտեց, որ հարկ է չմոռանալ քրիստոնեական կյանքի առանցքային սկզբունքը՝ նմանվել Տեր Հիսուս Քրիստոսին և արմատապես մերժել այն ամենը, ինչը կարող է հիշեցնել սատանայի հետ նմանության կամ նրա հետ խաղի մեջ մտնելու երևույթների մասին:
Զրույցից հետո բոլորը միասին աղոթեցին Վարդարանի Ուրախության խորհուրդները՝ Աստվածամոր բարեխոսությունը խնդրելով ընդդեմ չարի հարձակումների և երիտասարդների սրբության, ջերմեռանդության համար:
Ընթրիքից հետո երիտասարդները շարունակեցին զրույցը քահանայի հետ միասին՝ տաք բուխարու մոտ: Զրուցում էին համացանցը՝ որպես Ավետարանացման գործիք օգտագործելու, համայնքային ծառայության կոնկրետ միջոցների, քրիստոնեականի դասընթացները երիտասարդների առաջնորդությամբ համայնքներում վարելու հնարավորությունների և այլ թեմաների շուրջ: Զրույցի երկրորդ մասը վերածվեց գրական երեկոյի. մասնակիցներից մեկի՝ Մելիք Միքայելյանի բանաստեղծությունների առաջին ժողովածուի փոքրիկ շնորհանդեսն արեցին և ընթերցեցին նրա բանաստեղծությունները:
Հաջորդ օրը երիտասարդները մասնակցեցին մի աշխատաժողովի՝ համայնքաներում ծրագրային փոքրիկ նախաձեռնություններ սկսելու թեմայով: Ըստ մշակված ձևաչափի, մասնակիցները ներկայացեցին են հինգ նախաձեռնություններ՝ համայնքներում անապահով ընտանիքների աջակցության, նրանց տների պատուհանների նորոգություն, գյուղում աղբահավաքության կազմակերպման, եկեղեցական երգչախմբի զարգացման մի քանի պարապմունքների անցկացման, գյուղում տոնածառի տեղադրման, կամավորական հիմունքներով դպրոցականների դասապատրաստումների վարման վերաբերյալ: Դրանցից առաջիկայում կընտրվեն երկուսը, հաղթող երիտասարդները կստանան գումարային փոքրիկ նվիրատվություն՝ իրենց նախաձեռնություններն իրականացնելու համար: Սա նորություն է՝ երիտասարդական հանդիպումների ընթացակարգում, գաղափարը Սիրանուշ Մինասյանինն է: Կազմակերպիչները հուսով են, որ սա լավ խթան կլինի երիտասարդների գործունեության համար:
Այս բաժնից հետո, Հայ կաթողիկէ երիտասարդաց խմբի նախագահ Գերհ. Հ. Գառնիկ ծ. վ. Հովսեփյանը խոսեց երիտասարդների կյանքում Աստվածաշնչի դերի մասին` ներշնչված Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի մի քարոզից, որտեղ Նորին Սրբությունը շեշտում է, որ «ոչ մի այլ գիրք, չունի մարդկային կյանքը վերափոխող այնպիսի զորություն, ինչպիսին ունի Աստվաշաշունչը»: Հայր Գառնիկը մանրամասն բացատրեց, թե ինչ է Աստվածաշունչը, ինչպես պետք է այն կարդալ և հասկանալ և թե ինչու է կարևոր, որ երիտասարդը հաճախակի, և եթե կարելի է, ամեն օր ընթերցի Աստվածաշունչ: Նրա առաջարկով, երիտասարդները տեղում ընթերցեցին մի քանի հատվածներ Աստվածաշնչից և քննարկումներ արեցին: Վարդապետը շեշտեց, որ Սուրբ Գիրքը օգնում է հիշել, որ Աստծո Խոսքը պետք է լինի մեր ամենօրյա կյանքի առաջնորդող լույսը: Աստվածաշունչը օգնում է միշտ տեսնել ճշմարտությունը և ապրել ճշմարտության համաձայն, հեռու մնալ կեղծիքից և սխալ գաղափարներից:
Այս երիտասարդական հանդիպումների ընթացքում կազմակերպիչները աշխատում են հասկանալ, հատկապես, երիտասարդների մտահոգությունները, նրանց տրամադրվածությունը, խնդիրները, որպեսզի կարողանան ավելի արդյունավետ կազմակերպել հետագա աշխատանքը՝ առաջնորդվելով Կաթողիկէ Եպիսկոպոսների Սինոդի առաջարկած աշխատանքային սկզբունքներով:
Տ. Հովսեփ
Հատված՝ Հոգշն. Հ. Նարեկ վրդ. Մնոյանի բանախոսությունից
Միշտ գոհություն ենք հայտնում Աստծուն՝ ձեզ համար՝ բոլորիդ հիշատակելով մեր աղոթքների մեջ։ (Ա․ Թեսղ․ 1, 2)։
Սբ․ Պողոսի այս գոհաբանական խոսքերով ցանկանում եմ ողջունել Ձեզ սիրելի երիտասարդներ, իմ ջերմագին և մշտատև աղոթքիս հավաստիքը տալով Ձեզ, որովհետև ամեն ուրախ թե դժվար պահերիս Դուք էք իմ սրտի աչքերիս դիմաց։ Դուք, որ ներկան եք եւ ապագան մեր եկեղեցու, համայնքի և երկրի։ Համայն քրիստոնեա աշխարհը չի մոռանում և երախտագիտորեն ճանաչում է երիտասարդների վսեմ և երկարատև նպաստը Քրիստոսի Մարմնի կառուցման և անսասան նվիրումի մեջ։ Հիրավի, սրա վկայությունը օրերս ավարտված Սբ․ Աթոռի մեջ երիտասարդների հատուկ սինոդոսն էր` գլխավորությամբ Սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոսի, ով երախտապարտ գորովանքի հավաստիքը հայտնեց բոլոր երիտասարդներիn, ովքեր ի չիք ամեն փորձության եւ դժվարության, հավատարիմ են Քրիստոսին եւ յուր Սբ Եկեղեցուն։
Այս պահին առանձնակի հուզումով եմ հիշում քահանայական կյանքիս առաջին օրերը երբ սկսեցինք Երևանի մեջ հավաքները և զանազան հանդիպումներ երիտասարդնեի հետ։ Քրիստոսի խաչին հավատարիմ և Փրկչի հարությամբ լուսավորված երիտասարդը մերօրյա առաքյալն է սիրո և ավետարանի։ Սակայն այսօր էլ ողբալիորեն մարդկությունը տառապում է բարոյական, հասարական, սոցիալական վայրիվերումներից։ Քանի~ կյանքեր են քայքայվում մարդկային կուրությունից, որքա~ն վախեր եւ նվաստացումներ։ Ադամի մեղքը` սաստկացած Կայենի ոճրով, չի դադարում փուշ և տատասկ սերմանել մինչև օրս։ Որքա~ն ցավալի է տեսնել այսօր հայ երիտասարդը` հանդիման այս փորձությունների, այն երիտասարդը ով ժառանգորդն է 1700 ամյա քրիստոնեա հավատքի, որ դարերի ընթացքում բազում անգամներ ցցուն կերպով վկայել է իր անփոփոխելի Քրիստոսակիր էությունը։ Բայց հայ քրիստոնեա էությունը պարզ եղելություն չէ, այն անխափան եւ անեղծ ընթացք է, այն վավերականության վերահաստատումն է մարդու՝ առ այն, թե Աստված մարդացավ, որպեսզի մարդս ԱՍՏՎԱԾԱՆԱ, անշուշտ եթե մարդս ապրի Աստվածապարգև շնորհքի կյանքի մեջ։ Եվ այսօրվա հայ երիտասարդը հանդիման բոլոր տագնապների, անարդարություների՝ սոցիալական թե բարոյական, անստված ընթացքի, ներդաշնակորեն պիտի շարունակի ապրել Աստուծո հետ, ինքն իր հետ, իր մերձավորի հետ և բնության հետ։ Աստուծո մեջ գոյացող այս ապրումը նորից ու նորից պիտի առաջնորդի մեզ դեպի Քրիստոս, Նա՛ է միակ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը։ Նա է միակ Դուռ, որից ցանկանում է մտնել ամեն քրիստոնեա։ (Տե՛ս՝ Առաքելական թուղթ՝ «Դուռն հավատքի», Բենեդիկտոս Քահանայյապետ, որով հռչակեց հավատքի տարի 2013թ)։
Այս նախաբանով ուզեցի մեզ նորից ու նորից բերել դեպի Քրիստոս, ով մեկնակետն է սկիզբը ամենքի և ամեն ինչի։ Նա է այն անձը ով կամավոր և սիրահոժար առավ խաչը ի փրկություն համայն մարդկության։
Այսօրվա մեր նյութը կամավորությունը եկեղեցու մեջ իր ամբողջացումը և գործադրելիությունը բոլորանվեր Քրիստոս անձի մեջ է։ Բայց մինչ կփորձենք միասին խորհրդածել այս նյութի շուրջ, կուզեի լսել ձեր կարծիքը՝ կամավորության և Եկեղեցու մասին, այն աղերսները, որ դուք եք տեսնում այս նյութի շուրջ։
Աշխարհական՝ այսօրվա մտածողության մեջ, կամավորությունը անշահախնդիր գործունեություն է, երբ անհատը կամ խումբը գործունեություն է ծավալում՝ առանց ֆինանսական շահի։ Կամավորությունը հայտնի է որպես մասնագիտական և այլ հմտությունների զարգացման միջոց։ Կամավորությունը օգտակար է նաև կամավորի համար նույնքան, որքան այն անձի կամ համայնքի համար, որոնց կամավորը ծառայություն է մատուցել: Կամավորությունը նաև աշխատանք գտնելու համար կապեր հաստատելու միջոց է։ Շատ կամավորներ հատկապես փորձառություն են ձեռք բերում իրենց մասնագիտության բնագավառում՝ բժշկություն, կրթություն, կամ արտակարգ իրավիճակների օգնություն։ Ուրիշները ծառայում են, երբ նրանց օգնության կարիքը կա, օրինակ բնական աղետների ժամանակ։
Եկեղեցական ապրումի մեջ կամավորությունը նույնպես անշահախնդիր գործունեություն է, բայց եկեղեցում կա կամավորության հոմանիշներ ծառայություն, նվիրում, մասնակցություն, զոհաբերում և այս ամեն կամովին ազատորեն մղված սիրուց։ Սրանք բոլորը հիմնված են Քրիստոի տնօրնական խոնարհ օրինակի վրա: Այս յուրաքանչյուր բառի հետևում Եկեղեցում բացվում է լայն ասպարեզ՝ ծառայելու բարիքը, այստեղ սկսվում է մեր փրկությունը և այն չի կայանում անսխալականության մեջ, այլ մնայուն սրբագրելիության մեջ է։
Ես չեկա ծառայեցնելու, այլ՝ ծառայելու, այս են Քրիստոսի խոսքերը։ Եվ սա հիմնված է իսպառ սիրո վրա «Զատիկի տօնից առաջ Հիսուս իմացավ, որ հասել է իր ժամը, որպեսզի այս աշխարհից Հօր մոտ փոխադրվի․ սիրեց յուրայիններին, որ այս աշխարհում են, իսպառ սիրեց նրանց» (Հվհ․ 13,1) և «այս է իմ պատվերը, որ սիրեք միմյանց, ինչպես ես սիրեցի Ձեզ։ Ավելի մեծ սեր ոչ ոք չունի, քան այն, որ մեկն իր կյանքը տա իր բարեկամների համար» (Հվհ․ 15,12-13)։
Նորից մեր աչքերի առաջ ունենաք Աստծուն՝ աշխարհիս արարումից սկսեալ իր կամքն խարսխված աննյութական սիրո վրա։ Եկեղեցու հիմնադիրը՝ ինքը Քրիստոս, կամովին եկավ աշխարհ կամովին առավ խաչը և այս սիրո ազտության մեջ է, որ մենք կանչված ենք քրիստոնեա լինելու։ Եկեղեցում չկա պարտադրանք. կա Քրիստոսի անանց խոսքը, որի պատասխանը միահամուռ հավատքով, եղբայրական հաղորդությունն է, այսինքն՝ սիրո ծառայությունը, Սբ. Զոհի մատուցումը և խորհուրդները և անձնական և հասարակական աղոթքը։ Այս չորս սյուների վրա է հիմնվում Աստված-ացած (theosis) համայնքը՝ Եկեղեցին. սրանք են կենդանի վկայության աղբյուրները։
Այս ապրումի տեսանելիությունը շողում է նորածին քրիստոնեա առաջին համայնքի կյանքում։ Գործք առաքելոցում՝ գլուխ 4, 32, կարդում ենք․ «Եվ հավատացյալների բազմությունը մեկ սիրտ ու մեկ հոգի էր»։ աննյութական հատկություններով արտահայտվում է եկեղեցական համայնքի հաղորդությունը (comunita, koinonia, κοινωνία, որը նշանակում է՝ հաղորդություն, միասնական մասնակցություն) կապը, մասնակցությունը՝ մեկ սիրտ մեկ հոգի, հանդիսանալով այսպես վկայության խորիմաստ դրսևորում, անհատական և հասարակական, այսինքն՝ անհատներից ձևավորված մեկ հասարակության լիարժեք մեկ ինքնության և պատկանելիության ապրում։ Թույլ տալով, որ ներքապես շաղախվի Աստվածային շնորհքը մեր մեջ, ամեն համայնք կարող է վերագտնել հավատացյալ առաջին հասարակության գեղեցկությունը՝ սիրուց կենսունակ դարձած հավատքով, ինչը պիտի հատկանշական դարձնի մարդկանց աչքերի մեջ համայնքի՝ իր յուրաքանչյուր անհատով Քրիստոսի աշակերտ լինելը, ինչպես ասում է Քրիստոս․ «Եթե դուք միմյանք սիրեք, դրանով բոլորը պիտի իմանան, որ դուք իմ աշակերտներն եք» (Հվհ 13, 35)։ Այս ապրումով է, որ առաջին համայնքը լիարժեք վկայում է իր քրիստոնեա ինքնությունը և պատկանելիությունը։ Այստեղից էլ մղված՝ չվարանել և նախաձեռնությունը սեփական ձեռքը առնելով՝ նետվել ծառայության և նվիումի անսպառ դաշտ։