«Մեր թուլությունները չպետք է հետ պահեն ձեզ, մեր անկայունությունն ու մեղքերը չպետք է խոչընդոտ լինեն ձեր վստահության համար: Եկեղեցին ձեր մայրն է, նա չի լքի ձեզ…»
2018թ. հոկտեմբերի 28-ին, առավոտյան ժամը 10:00-ին, Սբ. Պետրոսի Տաճարում մատուցվեց Սբ. Պատարագ` ձեռամբ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի, «Երիտասարդներ, Հավատք և Կոչման ընկալում» թեմայով Եպիսկոպոսների Սինոդոսի 15-րդ Ընդհանուր Վեհաժողովի փակման առթիվ:
Ս. Պատարագի ավարտին բարձրաձայն ընթերցվեց Սինոդոսի հայրերի նամակն` ուղղված երիտասարդներին:
Նամակը
«Մենք՝ Սինոդոսի հայրերս, դիմում ենք ձե՛զ՝ աշխարհի երիտասարդներ, հույսի, վստահության և մխիթարության խոսքով: Այս օրերին բոլորս համախմբվել էինք լսելու Տեր Հիսուսի՝ «հավերժ երիտասարդ Քրիստոսի» ձայնը և Նրա ձայնի մեջ ճանաչելու ձեր բազմաթիվ ձայները, ցնծության բացականչությունները, աղաղակը և լռության պահերը:
Մենք ծանոթ ենք ձեր ներքին որոնումներին, ուրախություններին ու հույսերին, ցավին ու անհանգստությանը, որոնք միասին կազմում են ձեր բոլոր ցանկությունները: Այժմ, ուզում ենք, ձեզ լսելի դարձնել մեր խոսքը, ցանկանում ենք ձեզ հետ կիսել ձեր ուրախությունն այնպես, որ կյանքի կոչվեն ձեր բոլոր ակնկալիքները: Վստահ ենք, որ կյանքի հանդեպ ձեր խանդավառությամբ դուք պատրաստ կլինեք ներգրավվելու այնպես, որ ձեր բոլոր երազանքները կարողանան իրականանալ և ձևավորվել ձեր պատմության մեջ:
Մեր թուլությունները չպետք է հետ պահեն ձեզ, մեր անկայունությունն ու մեղքերը չպետք է խոչընդոտ լինեն ձեր վստահության համար: Եկեղեցին ձեր մայրն է, նա չի լքի ձեզ, նա պատրաստ է ուղեկից լինել ձեզ՝ նոր ճանապարհներին և ավելի բարձր ուղիներին, որտեղ Հոգու քամիներն ավելի ուժգին են փչում՝ քշել-տանելով անտարբերության, մակերեսայնության և հուսահատության մշուշը:
Երբ աշխարհը, որն Աստված այդքան սիրեց և որի համար տվեց իր միածին Որդուն՝ Հիսուսին, կենտրոնացած է նյութական արժեքների, կարճաժամկետ հաջողությունների ու հաճույքների վրա, և, երբ աշխարհը ոչնչացնում է ամենաթույլին, ապա՝ դուք պետք է օգնության ձեռք մեկնեք՝ կրկին ոտքի կանգնելու և ևս մեկ անգամ հայացքն ուղղելու դեպի սերը, գեղեցկությունը, ճշմարտությունը ու արդարությունը:
Այս ողջ ամսվա ընթացքում ձեզանից մի քանիսի և շատ ուրիշների հետ միասին, ովքեր մեզ էին միացել աղոթքների ու սիրո միջոցով, մենք անցանք այս ճանապարհը: Այժմ, ցանկանում ենք շարունակել այն երկրագնդի բոլոր կողմերում, ուր Տեր Հիսուսն ուղարկում է մեզ՝ որպես առաքյալներ:
Եկեղեցուն և աշխարհին անհապաղ անհրաժեշտ է ձեր խանդավառությունը: Ամենախոցելի, աղքատ և կյանքի հասցրած վերքերից վիրավոր մարդկանց անպայման դարձրեք ձեզ ուղեկից:
Դուք ներկան եք, դարձե՛ք փայլուն ապագա:
Vatican News պարբերականից թարգմանեց Հրանուշ Սարգսյանը