«Ես ուզում եմ ձեզ հրավիրել նաև մեկ ուրիշ՝ հոգևոր, վերանորոգման»:
Պատմական
Շիրակի մարզի Լանջիկ գյուղում հայ կաթողիկէ բնակչությունը հաստատվել է 1828-1830 թթ.՝ տեղափոխվելով Արևմտյան Հայաստանի Ալաշկերտի, Բասենի, Մուշի շրջաններից: Ներգաղթած բնակչությունը պահել ու նոր բնակավայր է բերել կաթողիկէ հավատքն ու եկեղեցասիրությունը: 1855 թ. գյուղում կառուցվել է եկեղեցի, որը սակայն ժամանակի ընթացքում ավերվել է: 1908 թ. հավատացյալների նախաձեռնությամբ Սառնաղբյուրի քարով հին եկեղեցու դիմաց կառուցել են նորը՝ Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը կոմունիստական կառավարման տարիներին եղել է հացահատիկի պահեստ: 1990-ական թթ. գյուղի կաթողիկէ համայնքը եկեղեցին վերանորոգելու ցանկությամբ դիմեց այդ ժամանակ հայ կաթողիկէ համայնքներում ծառայող Գերհ. Հ. Կոմիտաս ծ. վրդ. Մանուկյանին, ով իր հերթին խնդրեց Հայաստանի, Վրաստանի Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկէների առաջնորդ Արհ. Տ. Ներսես արքեպս. Տեր-Ներսիսյանին վերանորոգել Լանջիկի խոնարհված եկեղեցին։ Հայր Կոմիտասի և լանջիկցիների երազանքը իրականացավ 1996-ին. Եկեղեցին նորոգվեց և զանգերը դարձյալ սկսեցին մարդկանց հրավիրել Սուրբ Պատարագի և ծիսական այլ արարողությունների։
Քսան տարի անց եկեղեցին դարձյալ կարիք ուներ վերանորոգման աշխատանքների, որոնք ձեռնամուխ եղավ Արևիկ, Լանջիկ, Ազատան և Ձիթհանքով համայնքների ժողովրդապետ Արժ. Տեր Նարեկ քհն. Թադևոսյանը: Նրա խնդրանքով Սբ. Աստվածածին եկեղեցու նորոգության համար կատարվեցին նվիրատվություններ, հավաքվեց ընդհանուր գումարով մոտ 14 մլն 800 հազար դրամ, որից 3 մլն 715.000-ը տրամադրեց Հայկական Կարիտասը՝ տարբեր դոնոր կազմակերպությունների ֆինանսավորմամբ, 1մլն 300.000 դրամը տրամադրեց Անի համայնքապետարանը, իսկ մոտ 10 մլն. դրամ հանգանակվեց Լանջիկ համայնքի բնակիչներից: Նվիրատվությունների պտուղը եղավ այն, որ 2017-2018թթ. ընթացքում Լանջիկի եկեղեցին հիմնովին վերանորոգվեց. եկեղեցում տեղադրվեց ջեռուցման համակարգ, ապահովվեց խմելու ջրով, հարդարվեցին պատերը, նորացվեցին մուտքի դուռը, պատուհանները, ջահերը, ատյանի ճաղավանդակները, վարագույրների կախիչները՝ գեղեցիկ զարդարանքներով, նորացվեցին նաև սրբապատկերները, գմբեթի խաչը, բարեկարգվեց բակը, որտեղ արդեն կա նաև ցայտաղբյուր, կատարվեցին այլ աշխատանքներ:
Սբ. Աստվածածին եկեղեցու վերաօծումը
2018թ. հոկտեմբերի 27-ին Լանջիկի Սբ. Աստվածածին եկեղեցին վերաօծվեց ձեռամբ Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի և Արևելյան Եվրոպայի առաջնորդ Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանի, մասնակցությամբ Գերհ. Հ. Գառնիկ ծ. վրդ. Հովսեփյանի, Հոգշն. Հ. Եղիա վրդ. Դերձակյանի, Արժ. Տ. Գրիգոր ավ. քհն. Մկրտչյանի, Արժ. Տ. Նարեկ քհն Թադևոսյանի, Հոգշն. Նարեկ վրդ. Մնոյանի, Հոգշն. Հ. Գևորգ վրդ. Սարգսյանի, Անարատ Հղության հղության հայ քույրերի, Մայր Թերեզայի Գթության քույրերի, Անի համայնքի ղեկավարի, Լանջիկի գյուղապետի, Փանիկի գյուղապետի, Հայկական Կարիտասի ներկայացուցիչների, այլ հյուրերի և հավատացյալների բազմության: Մատուցվեց նաև Սուրբ Պատարագ:
Արժ. Տ. Նարեկ քհն. Թադևոսյանը խոսեց նորոգման աշխատանքների մասին.
«Արհիապատիվ Սրբազան Հա՛յր, հոգեշնորհ վարդապետնե՛ր, արժանապատիվ քահանաներ, առաքինազարդ քույրեր, պարոն գյուղապետ, սիրելի ներկաներ և հյուրեր, բարեպաշտ հավատավորներ, այսօր Լանջիկ համայնքի համար պատմական մեծ իրադարձություն է, քանզի միաշունչ և միախորհուրդ կերպով համախմբվել ենք ականատեսը լինելու Սուրբ Աստվածածին հայ կաթողիկե եկեղեցու վերաօծման արարողությանը: Սիրելինե՛ր, հայ կաթողիկե ժողովրդապետությունից և Լանջիկ համայնքից պահանջվեց երեք տարի, որպեսզի կարողանայինք նախապատրաստական աշխատանքները ավարտին հասցնել, և 2018թ ապրիլից մեկնարկեցին եկեղեցու վերանորոգման աշխատանքները և այսօր եկեղեցին՝ վերանորոգված և վերաօծված, հանձնում ենք մեր հավատավոր ժողովրդին։
Օգտվելով առիթից՝ իմ խորին շնորհակալությունն եմ ուզում հայտնել նվիրատու կազմակերպություններին և այն անձանց, ովքեր իրենց մասնակցությունն են բերել վերանորոգման այս աշխատանքներին: Մասնավորապես, շնորհակալությու՛ն Հայկական Կարիտաս բարեսիրական հասարակական կազմակերպությանը՝ ի դեմս գործադիր տնօրեն՝ պրն. Գագիկ Տարասյանի, ինչպես նաև Միացյալ Նահանգների կաթողիկէ եպիսկոպոսների խորհրդաժողովին:
Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև Անիի համայնքապետարանին՝ ի դեմս պրն. Արտակ Գևորգյանի, և Լանջիկ գյուղի մեր բարեպաշտ բոլոր նվիրատուներին՝ Հովհաննես Կարապետյանի ընտանիքին՝ ֆինանսական ներդրում ունենալու համար, ինչպես նաև՝ Գոհար Կարապետյանին և Սուսաննա Պողոսյանին՝ եկեղեցու վերանորոգման աշխատանքները գերազանց համակարգելու համար»:
Սուրբ Պատարագի ընթացքում Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանը, իր ուրախությունը հայտնելով կատարված աշխատանքի համար՝ հավատացյալներին հրավիրեց նաև հոգևո՛ր վերանորոգման:
Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանի քարոզը
«Հույժ սիրելի քույրե՛ր և եղբայրնե՛ր,
Ուրախ եմ, որ դարձյալ ձեզ հետ եմ՝ այս ուրախալի առիթով, որ այս վերանորոգված եկեղեցու վերաօծումն է:
Այս եկեղեցու նորոգումը և վերաօծումը մեծ ուրախություն է, բայց մի ուրախություն, որը մեզ պարտավորեցնում է՝ հրավիրելով ուրիշ վերանորոգման՝ մեր հոգևոր նկարագրի, «ներքին մարդու» նորոգությանը, ինչպես գրում է Պողոս առաքյալը կորնթացիներին. «…թէպէտեւ մեր այս մարդը քայքայւում է, բայց մեր ներքին մարդը նորոգւում է օրըստօրէ…քանզի չենք նայում տեսանելի բաներին, այլ՝ անտեսանելիներին, որովհետեւ տեսանելիները ժամանակաւոր են, իսկ անտեսանելիները՝ յաւիտենական» (Բ Կոր.4, 16-18): Ես էլ այսօր հանուն մեր «ներքին մարդու» նորոգության բոլորիս հրավիրում եմ մեր ուշադրությունը սևեռել այս տեսանելի գեղեցիկ շինության անտեսանելի՛ խորհրդի՝ Եկեղեցու հոգևոր խորհրդի վրա, որ դու՛ք եք և մենք բոլո՛րս, մեր՝ միասնական հավաքականությունը, որ հավաքված ենք այստեղ՝ հանուն Սուրբ Երրորդության և Սուրբ Պատարագի ընթացքում միանում ենք Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Զոհաբերությանը՝ այդպիսով ինքներս մեզ, մեր կյանքը, մեր աղոթքները, մեր գործերը ընծայաբերելով Աստծուն՝ որպես մեր սիրո թանկարժեք երաշխիք: Սուրբ Պատարագը կամ, այլ խոսքով, Քրիստոսի սե՛րն է Եկեղեցու միության շաղախը. բոլորս այստեղ դառնում ենք «մեկ հաց մեկ մարմին», ըստ Պողոսի. միանում ենք Քրիստոսին և միանում ենք միմյանց: Քրիստոսի սե՛րն է մեր միասնության և ներքին նորոգության ճշմարիտ աղբյուրը: Քրիստոսի Խորհրդավոր Մարմինը՝ Եկեղեցին, իրականություն դարձավ Քրիստոսի «ի սպառ սիրով, որով սիրեց յուրայիններին» (Յվհ. 13, 1) և իրականություն է դառնում է Քրիստոսի հանդեպ մեր փոխադարձ սիրով, որը իմաստ կունենա միայն այն դեպքում, եթե սնվի Քրիստոսի սիրուց և սովորի Քրիստոսից՝ հասկանալով Նրա կյանքը, չարչարանքը, ուսուցումը, Սուրբ Զոհաբերությունը՝ որպես սիրո գործադրության կատարյալ օրինակ: Այլ խոսքով, մեր սերը՝ Աստծո և մերձավորի հանդեպ, արժեքավոր է դառնում միայն այն ժամանակ, երբ այն միացնում ենք Տեր Հիսուս Քրիստոսի սիրուն, որ բոլորիս Գլուխն է, իր Եկեղեցու Գլուխն է և Իր աստվածային կյանքն է նվիրում այստեղ կանգնած յուրաքանչյուրի համար, ով իրեն համարում է Քրիստոսի Խորհրդավոր Մարմնի մեկ մասնիկը:
Պողոս առաքյալը Կորնթացիներին ուղղված առաջին նամակում մեզ տվել է սիրո մասին մի օրհներգ, որը ձեզ համար թող լինի սիրո նորոգության մի առիթ: Նա գրում է. «Եթէ խօսեմ մարդկանց լեզուները եւ հրեշտակներինը, բայց սէր չունենամ, կը նմանուեմ մի պղնձի, որ հնչում է, կամ ծնծղաների, որ ղօղանջում են: Եւ եթէ մարգարէութիւն անելու շնորհ ունենամ եւ հասկանամ բոլոր խորհուրդներն ու ամբողջ գիտութիւնը եւ եթէ ունենամ ամբողջ հաւատը մինչեւ իսկ լեռները տեղափոխելու չափ, բայց սէր չունենամ ոչինչ եմ: Եւ եթէ իմ ամբողջ ունեցուածքը տամ աղքատներին եւ իմ այս մարմինը մատնեմ այրուելու, բայց սէր չունենամ, ոչ մի օգուտ չեմ ունենայ» (Ա Կոր.13, 1-3):
Ուրեմն, սիրելի հավատացյալնե՛ր, մտածե՛նք այն նպատակների մասին, որոնք մեզ մղում են բարեգործության, գիտության և հավատքի: Եթե Քրիստոսի հանդեպ սե՛րն է մեզ առաջ մղում մեր գործերում և պրպտումներին, ուրեմն մենք ճիշտ ճանապարհին ենք, իսկ եթե թերանում ենք այդ սիրո մեջ, եթե այնքան էլ չենք հասկանում մեր հանդեպ Քրիստոսի սիրո արժեքը և մեր փոխադարձ անշահախնդիր սիրո կարևորությունը, եթե չենք ուզում ավելի հաճախ մասնակցել Սուրբ Պատարագի և միանալ Քրիստոսին՝ Սուրբ Հաղորդությամբ, ուրեմն ինչ-որ մի բան այն չէ սիրո՝ մեր ընկալման մեջ, ուրեմն դեռ չենք հասկացել, թե ինչ է արել և ամեն վայրկան ինչ է անում մեզ համար մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս:
Այս ուրախությունը, որ մենք այսօր ունենք, թող լինի սկի՛զբը մեր բոլորիս հոգևոր նորոգության և թո՛ղ, որ Աստվածամոր մայրական բարեխոսությամբ վերածվի անանց և ճշմարիտ այն ուրախության, որ հիմնված է Քրիստոսի հետ միության վրա, ներքին սրբության վրա, որի մասին Հովհաննես Մկրտիչն ասում էր. «այս ուրախությունը, որ իմն է, կատարյալ է» (Յվհ. 3, 29):
Ուզում եմ խոսքս ավարտել Պողոս առաքյալի՝ Եփեսացիներին ուղղված նամակի տողերով. «Ահա թէ ինչու եմ ծնկի գալիս Հօր առաջ…որպէսզի դուք, ըստ Իր փառքի մեծութեան, իր Հօգու միջոցով զօրութեամբ ամրանաք ներքնապէս, այնպէս որ ձեր հաւատի միջոցով Քրիստոս բնակուի ձեր սրտերում եւ դուք սիրոյ մէջ արմատաւորուած եւ հաստատուած լինէք. եւ կարողանաք հասկանալ բոլոր սրբերի հետ, թէ ինչ է լայնութիւնը, երկարութիւնը, բարձրութիւնը եւ խօրութիւնը, այսինքն՝ ճանաչէք Քրիստոսի սէրը, որ գերազանց է, քան ամէն գիտութիւն, որպէսզի լցուէք Աստծոյ լրիւ ամբողջութեամբ (Եփ. 3, 14-19): Ամեն»:
Այնուհետև, Ռաֆայել Սրբազանը Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի և իր օրհնագրերը հանձնեց Լանջիկի եկեղեցու վերանորոգման համար ֆինանսական ներդրում ունեցած Անի համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանի ընտանիքին, Լանջիկի բնակիչներ Կարապետ Առաքելյանի, Համլետ Հովհաննիսյանի, Սլավիկ Մարդոյանի, Միքայել Միքայելյանի ընտանիքներին և Սուսաննա Պողոսյանին:
Արհ. Ռաֆայել արքեպս. Մինասյանի օրհնագրում ասված էր.
«Գնահատանքի և շնորհակալության մեծ զգացումով առիթ ունենք հիշելու և արժևորելու տարիներ շարունակ Ձեր ցուցաբերած օժանդակությունն՝ ի սպաս Լանջիկ համայնքի Սբ. Աստվածածին հայ կաթողիկէ եկեղեցու վերանորոգման աշխատանքների: Ամեն եկեղեցի, տաճար թե մատուռ, բնակարանն է ամենազոր Բարձրյալի, օթևան հրեշտակների և մարդկանց քավության ու փրկության կոթող, և յուրաքանչյուր եկեղեցի գործադրումն է Աստծո կողմից շնորհված մարդկության փրկագործության սրբազան առաքելության: Այսպիսի մեծ ծառայության աջակցություն բերած ամեն անձի արժանի գնահատականն ի վերուստ Ամենակալից է տրվում, իսկ մենք մեր հերթին մեր աղոթքն ու օրհնությունն ենք բերում ձեզ՝ ավելացնելով ջերմագին բարեմաղթանքներ:
Իբրև հայր և առաջնորդ հայ կաթողիկէ համայնքի՝ ընդունեք երախտիքը մեր հազարավոր զավակների, ովքեր այսօր և վաղը իրենց խնկաբույր աղոթքը կբարձրացնեն առ Աստված՝ հայցելով ողորմություն՝ ի սեր շինողաց Սբ. Եկեղեցու:
Մեր օրհնության խոսքը կնքում ենք շարականի սրբազան տողով.
«Եկայք ժողովուրդ՝ ի Տաճար փառաց Քրիստոսի, տուք ամենեքեան փառք ի բարձունս››:
Սբ. Պատարագից հետո Լանջիկի Մշակույթի տան մեջ տեղի ունեցավ համերգային միջոցառում: Նախ պարային ելույթ ունեցան Լանջիկի եկեղեցասեր երիտասարդները: Երիտասարդները նաև մանրամասն ներկայացրեցին եկեղեցու նորոգության պատմությունը և իրենց գնահատանքի խոսքը:
«Լանջիկի եկեղեցու վերանորոգումն ապացույցն է այն իրողության, որ Լանջիկ համայնքն ապրում է հավատի մեջ և նրա հավատը դեպի Աստված անսահման է, դրան վկան Եկեղեցու վերաօծումն է».-ասաց Անժելա Հովհաննիսյանը:
Պարային ելույթներ ունեցան նաև Լանջիկ և Անի համայնքների պարային համույթները: Իսկ Անի համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանն իր շնորհակալական խոսքն ասաց եկեղեցու նորոգության բոլոր մասնակիցներին և համայնքապետարանի կողմից հատուկ շնորհակալագիր հանձնեց Տ. Նարեկ քհն. Թադևոյանին՝ Լանջիկում կատարած բարեգործությունների համար, ինչպես գրված է շնորհակալագրի մեջ:
Լիլիթ Մկրտչյան
Տ. Հովսեփ քհն. Գալստյան