• Թվային տեխնոլոգիաների առանձնահատկությունները, երիտասարդների մտավախությունները և Կորեայի հիմնախնդիրը

    Սերունդների միջև անջրպետը հիշողության կորուստ է առաջացնում, ինչն էլ հանգեցնում է այն բանին, որ երիտասարդները արմատներ չունեն:


     

    Երիտասարդների թեմայով անցկացվող Եպիսկոպոսների Սինոդոսի վերաբերյալ հոկտեմբերի 11-ի մամլո ասուլիսի հիմնական թեմաները երեքն էին. թվային աշխարհը, վախը, մենությունը և Կորեական թերակղզին:

     

    Դոկտոր Պաոլո Ռուֆֆինին՝ Վատիկանի Հաղորդակցության վարչության ղեկավարը, ասաց, որ Սինոդոսի համագումարի քննարկումները շարունակվում են խաղաղ և ուրախ մթնոլորտում, որն ուղեկցվում է եպիսկոպոսների ու երիտասարդների անկաշկանդ շփմամբ: Շեշտը դրված էր այն հանգամանքի վրա, որ բարեգործությունը չպետք է պարզապես քարոզվի, այլև՝ կիրառվի գործնականում: Պրն. Ռուֆֆինին լրագրողներին հաղորդեց, թե երիտասարդներից մեկը Սինոդոսի հայրերին ասել է, որ հազարավոր երիտասարդների հայացքներն ուղղված են նրանց, որպեսզի Սինոդոսից որևէ որոշակի բան ստանան, նրանք վստահ են, որ հայրերը կարդարացնեն իրենց հույսերը:

     

    Թվային աշխարհ

     

    Դոկտոր Ռուֆֆինին ասաց, որ, չնայած թվային աշխարհը մեծ ձեռքբերում է, որը դյուրին է դարձնում տեղեկատվության փոխանակումը, այնուամենայնիվ, այն նաև սահմաններ է գծում: Նենգափոխման վտանգը և բռնության մշակույթը չափազանց իրական են ինչպես նկարներում, այնպես էլ գրավոր խոսքում: Եկեղեցին պետք է օգնի թվային աշխարհ վերադարձնել մարդասիրությունը:

    Իտալիայից Արքեպիսկոպոս Բրունո Ֆորտեն ասաց, թե Սինոդոսի համագումարն ընդունեց, որ կան բազմաթիվ երիտասարդներ, ովքեր միայնակ են, ներգրավված չեն փոխհարաբերությունների իրականության մեջ, սակայն նախընտրում են դրանք փնտրել համացանցում: Սինոդոսի համագումարը քննության ենթարկեց այն հարցը, թե ինչպես է Եկեղեցին կապ հաստատում այս երիտասարդների հետ, ովքեր միայնակ են խավարի մեջ՝ իրենց համակարգիչների առջև, որոնք սպառնում է կուլ տալ նրանց:

     

    Վախ և մենություն

     

    Արքեպիսկոպոս Ֆորտեն ուրվագծեց երիտասարդի երկու պրոֆիլ, որոնք ըստ նրա երևան են եկել քննարկումների արդյունքում: Առաջինն այն երիտասարդներն են, ովքեր բազմաթիվ հույսեր ու ցանկություններ ունեն ապագայի հետ կապված, հատկապես նրանք, ովքեր խուսափում են քաղաքական և տնտեսական իրավիճակներից: Երկրորդը արևմուտքի երիտասարդներն են, ովքեր ավելի երկչոտ ու մենակ են: Նա ասաց, որ այս ամենն առաջանում է թվային աշխարհից, բայց պատճառ է հանդիսանում նաև երիտասարդների և իրենց անցյալի ու ավագ սերնդի միջև եղած անջրպետը: Սերունդների միջև անջրպետը հիշողության կորուստ է առաջացնում, ինչն էլ հանգեցնում է այն բանին, որ երիտասարդները արմատներ չունեն:

    Հնդկաստանից մի ունկնդիր՝ պրն. Պերսիվալ Հոլտը, նշեց, որ նույնիսկ Սինոդոսի ընթացքում, սերունդների միջև գոյացած անդունդի պատճառով, որոշ եպիսկոպոսներից մեծ ջանքեր էին պահանջվում երիտասարդներին հասկանալու համար: Նրանք փորձում էին հաղթահարել այս դժվարությունները, քանի որ դա անհրաժեշտ էր երկխոսությունը շարունակելու համար: Եկեղեցին և երիտասարդները պետք է համբերատարությամբ ուղի հարթեն միասին, – ավելացրեց նա:

    Եպիսկոպոս Լազարո Յու Հյունգ-սիկը՝ Հարավային Կորեայից, նշեց, որ ինքը ևս հանդիպել է երկյուղած երիտասարդների, ովքեր վախենում էին զոհաբերություններից և այն ազդեցությունից, որ իրենց կենսակերպի վրա կարող էր թողնել Հյուսիսային և Հարավային Կորեաների վերամիավորումը: Նա հավատում է, որ սա երիտասարդների մեծամասնությունը չէ, քանի որ շատերը նպաստավոր են համարում նման քայլը:

     

    Կորեա

     

    Խոսելով Կորեայում տիրող իրավիճակի մասին՝ եպիսկոպոս Հյունգ-սիկն ասաց, թե մինչև անցյալ տարի շատերը հավատացած էին, որ Հյուսիսային և Հարավային Կորեաների միջև պատերազմ կլինի: Հիմա այդ կարծիքը փոխվել է: Այս փոփոխությունը նա վերագրում է Օլիմպիական խաղերին՝ նկատի առնելով, որ միջոցառումն օգնեց հարաբերություններ հաստատել երկու երկրների միջև: Եպիսկոպոսը հավատում է, որ Հյուսիսային Կորեան պատրաստ է սկսել սահմանի բացման գործընթացը: Նա ասում է, թե Հարավային Կորեայի առաջնորդ Մուն Ջեինն իր հյուսիս-կորեացի պաշտոնակից Կիմ Չեն Ընին ասել է, որ երկիրը համաշխարհային միության կազմ վերադարձնելու լավագույն միջոցը Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին այցելության հրավիրելն է: Եթե Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն այցելություն կատարի, ապա՝ դա հսկայական քայլ կլինի դեպի Կորեական թերակղզու խաղաղություն: Եպիսկոպոսը նախազգուշացրեց, որ դեռևս շատ աշխատանք կա անելու և անհրաժեշտ կլինեն փոփոխություններ՝ նա հատկապես ակնարկեց Հյուսիսային Կորեային, որ երաշխավորի կրոնի ազատությունը: Կարծիքներ լսելով և հավաքելով, հատկապես երիտասարդների կարծիքը, Եկեղեցին կարող է օգնել սայլը տեղից շարժել և այսպիսով՝ ստեղծել համագործակցության մթնոլորտ:

     

    Vatican News պարբերականից թարգմանեց՝ Հրանուշ Սարգսյանը

Օրացույց

Օրացույց