• Առաջին անգամ կազմակերպվեց եռօրյա հանդիպում՝ պատանիների համար

    Այսօրվա նվիրյալ պատանիները կլինեն վաղվա երիտասարդները, ովքեր կնորացնեն Եկեղեցու դեմքը


    Երիտասարդության հետ հովվական աշխատանքը պահանջում է բազմակողմանի մոտեցում՝ երիտասարդության ամբողջական զարգացմանը նպաստելու և դրա համար համապատասխան լուրջ հիմքեր ստեղծելու համար: Հարկ է մտածել ոչ միայն այսօրվա երիտասարդությանը աջակցելու, այլև մոտ ապագայի երիտասարդության հոգևոր, բարոյական և սոցիալական կերպարի կերտմանը նպաստելու մասին: Այս նկատառումով Հայաստանի հայ կաթողիկէ առաջնորդարանն այս տարի առաջին անգամ զարգացողական եռօրյա հանդիպում նախաձեռնեց նաև այն պատանիների համար, որոնց տարիքը մեծ է ճամբարական տարիքից, բայց փոքր՝ երիտասարդական միջոցառումների համար: Այս անցումային տարիքի հետ աշխատանքը ընդհանուր միջոցառումների կազմակերպման իմաստով մշտապես բաց է եղել, բայց հիմա ծրագիր է մշակվել նաև նրանց ներգրավելու համար:

    Հոկտեմբերի 11-13-ը «Կարդինալ Աղաջանյան» կենտրոնում 15-16 տարեկան շուրջ երեք տասնյակ պատանիների համար կազմակերպեց եռօրյա հանդիպում: Մասնակիցները հրավիրվել էին միայն Հայաստանի հայ կաթողիկէ համայնքներից էին՝ ելնելով կենտրոնի ջեռուցման պայմաններից:

     

    Օրակարգը հագեցած էր աղոթքով, հոգևոր կրթության թեմաներով և սոցիալական հաղորդակցության հմտությունների զարգացմանն աջակցող վարժանքներով, խաղերով և ժամանցով: Հոգևոր կրթության հիմնական թեման քրիստոնեական կամավորությունն էր: Բացման խոսքով պատանիներին դիմեցին կենտրոնի տնօրեն Տ. Գրիգոր ավ. քհն. Մկրտչյանը և երիտասարդաց խմբի նախագահ Հ. Գառնիկ Ծ. Վրդ. Հովսեփյանը, ով ներածական խոսքով ընդհանուր գաղափար տվեց կամավորության մասին: Երեք օրերին ընթացքում հոգևորականները երիտասարդների հետ անցկացրեցին հոգևոր զրույցներ՝ հետևյալ թեմաներով.

     

    «Ի՞նչ է քրիստոնեական կամավորությունը» (Տ. Հովսեփ քհն. Գալստյան),

    «Կամավորությունը՝ ըստ Սբ. Հովհաննես Պողոս Բ Քահանայապետի» (Տ. Սահակ քհն. Աղեկյան),

    «Կամավորական ծառայությունը մեր համայնքներում» (Տ. Նարեկ քհն. Թադևոսյան),

    «Ինչպե՞ս է իրականացվում կամավորական ծառայությունը աշխարհում» (Հ. Եղիա վրդ. Դերձակյան),

    «Կամավորությունը ամենագեղեցիկ ծառայությունն է, որ մենք կարող ենք նվիրել Աստծուն՝ որպես Քրիստոսի աշակերտներ» (Հ. Ներսես վրդ. Գալստյան):

    Հոգևորին զուգահեռ անցկացվում էին զրույցներ և վարժանքներ՝ «Թիմային աշխատանք» (Սիրանուշ Մինասյան), «Առաջնորդություն» (Քրիստինե Մխիթարյան), «Կամավորական աշխատանքի օրինակներ» (Անի Ցոլակյան), թեմաներով, որոնք անցնում էին ոչ միայն բանախոսություններով, այլև թիմային մրցույթներով, վարժություններով, խաղերով, կամավորական աշխատանքի դերային ներկայացումներով, որոնք շատ հետաքրքիր և հաճելի էին պատանիների համար:

     

    Այս ամենը ուղեկցվում էին ամենօրյա Սուրբ Պատարագով և Վարդարանի աղոթքով՝ համահունչ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Քահանայապետի հոկտեմբեր ամսվա աղոթական դիտավորության՝ խնդրել Տիրամոր պաշտպանությունը Եկեղեցու համար՝ ընդդեմ  չարի հարձակումների:

    Չարի դեմ կարելի է պաշտպանվել և պայքարել միայն միասնական աղոթքով և միաբան աշխատանքով, խոնարհությամբ, ամուր հավատքով և երիտասարդական թարմ ավյունով, հասկանալով, թե ինչ է նշանակում աշխատել, ծառայել Քրիստոսի Եկեղեցուն անշահախնդիր նվիրումով՝ հետելով Տեր Հիսուս Քրիստոսի օրինակին: Եկեղեցասեր պատանիներն ու երիտասարդները, ովքեր այսօր իրենց մեջ ընդունում են հոգևոր և բարոյական, հաղորդակցական արժեքներ և սկզբունքներ, կարող են լինել այն առաջատար ուժը, ովքեր միշտ երիտասարդ կպահեն Եկեղեցու դեմքը:

     

    Հատվածներ՝ «Ի՞նչ է քրիստոնեական կամավորությունը» բանախոսությունից.

     

    Քրիստոնյա կամավորը այն անձն է, որ նախաձեռնում է ինչ-որ գործողություն՝ ըստ սեփական կամքի, իր ազատ ընտրությամբ և որոշմամբ, իսկ իր միակ ակնկալիքը ոչ թե դրամական փոխհատուցումն է կամ հասարակական դիրքը, այլ՝ Քրիստոսին նմանվելը և իր գործողություններով Աստծուն փառաբանելը:

     

    «Քրիստոնյաների համար կամավորական աշխատանքը պարզապես բարի կամեցողության արտահայտություն չէ, այլ հիմնված է Քրիստոսի անձնական փորձառության վրա»,

    Բենեդիկտոս 16-րդ Քահանայապետ:

     

    «Հիւանդներին բժշկեցէ՛ք, բորոտներին մաքրեցէ՛ք, դեւերին հանեցէ՛ք, ձրի առաք, ձրի էլ տուէ՛ք: Մի՛ ունեցէք ոչ ոսկի, ոչ արծաթ եւ ոչ էլ պղինձ դրամ՝ ձեր գոտիների մէջ, ոչ պարկ ճանապարհի համար, ոչ երկու զգեստ, ոչ կոշիկներ եւ ոչ էլ ցուպ, որովհետեւ մշակն արժանի է իր կերակրին»,

    Մտթ.10, 8-10:

     

    Կամավորական աշխատանքը.

    սովորեցնում է սիրել Աստծուն,

    սովորեցնում է սիրել դիմացինին՝ ինչպիսին որ կա,

    սովորեցնում է սահմանել բարձր նպատակներ,

    սովորեցնում է արժևորել աշխատանքը և հասկանալ սեփական կարողությունների արժեքը, որ տվել է Աստված,

    սովորեցնում է մտածել համընդհանուր բարիքի մասին՝ մոռանալով միայն «ես»-ի շահը,

    սովորեցնում է լինել գթասիրտ և մեծահոգի՝ ինչպես Հիսուս Քրիստոս Ինքն է:

    սովորեցնում է հասկանալ Քրիստոսի սերը և Սուրբ Պատարագը:

     

     

    Տ. Հովսեփ

     

    Այլ լուսանկարներ

Օրացույց

Օրացույց