• Լինել ոչ թե ներփակված և եսասեր պաշտոնյա, այլ սիրո վկայությու՛ն տալ

    Արյդո՞ք մենք բաց ենք անակնկալների առջև, որոնք մեզնից զոհողություն են պահանջում


    Սուրբ Մարթայի տաճարում հոկտեմբերի 8-ի առավոտյան մատուցված Սբ. Պատարագի ժամանակ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը հորդորում է աշխարհականներին և քահանաներին խորհրդածել, թե ինչ ասել է լինել քրիստոնյա՝ կոչ անելով նրանց «բաց լինել» Աստծո անակնկալների առջև և նեցուկ լինել նրանց, ովքեր դրա կարիքն ունեն:

     

    Սա կոչ է լինելու «անկեղծ քրիստոնյաներ», քրիստոնյաներ, ովքեր «չեն վախենում իրենց ձեռքերն ու հագուստը կեղտոտելուց՝ մերձավորին մոտ լինելու համար», քրիստոնյաներ, ովքեր «բաց են անակնկալների առջև», և ովքեր, Հիսուսի նման, «վճարում են ուրիշների համար»: Սրանք էին Նորին Սրբություն Ֆրանցիսկոսի խոսքերը Սուրբ Մարթայի տաճարում առավոտյան մատուցված Սբ. Պատարագի քարոզի ժամանակ: Ոգեշնչվելով Ղուկաս Ավետարանչից վերցված օրվա ավետարանական ընթերցվածով՝ Քահանայապետն անդրադարձավ Բարի Սամարացու մասին առակի «վեց գործող անձանց», որոնց մասին Հիսուս պատմել էր օրենսգետին, ով նրան «փորձելու» համար հարցնում է. «Ո՞վ է իմ մերձավորը»: Ապա թվարկում է ավազակներին, վիրավորին, քահանային, Ղևտացուն, Սամարացուն և իջևանատան տիրոջը:

     

    Չանցնել կողքից, այլ՝ կանգ առնել, կարեկցել, օգնության ձեռք մեկնել

     

    Ավազակներն, ովքեր «ծեծում են մարդուն՝ թողնելով կիսամեռ», քահանան, ով տեսնելով վիրավոր մարդուն «անցավ գնաց»՝ առանց հաշվի առնելու իր առաքելությունը՝ մտածելով միայն «աղոթքի ժամը բաց չթողնելու մասին»: Նույն կերպ վարվեց նաև Ղևտացին՝ «կրթված օրենսգետը»: Սրբազան Քահանայապետը մեզ հորդորեց կանգ առնել «կողքից անցնելու» գաղափարի վրա, որը «պետք է այսօր մտնի մեր սրտերը»: Նա նկատեց, որ հենց երկու «պաշտոնյաներն» էին, ովքեր իրենց դիրքից ելնելով ասացին. «իմ գործը չէ» վիրավոր մարդուն օգնելը: Ի տարբերություն նրանց, նա, ով «անտարբեր չանցավ»՝ Սամարացին էր, «ով մեղավոր էր համարվում և արտաքսված էր Իսրայելի ժողովրդի կողմից»: «Ամենամե՛ծ մեղավորը», – ընդգծեց Նորին Սրբությունը, – «հենց նա՛ կարեկցանք դրսևորեց»: «Գուցե», – նշեց նա, – «այդ մարդը վաճառական էր, ով նույնպես գործի բերմամբ էր ճամփորդում. նա չնայեց իր ժամացույցին, չմտածեց արյան մասին, այլ ցած իջավ ավանակից, մոտեցավ նրան և յուղով ու գինով օծելով՝ կապեց նրա վերքերը: Նա կեղտոտեց իր ձեռքերն ու հագուստը, ապա՝ դրեց նրան գրաստի վրա և տարավ իջևանատուն՝ բոլորովին կեղտոտ…, արյունոտ…, և այսպես նա ստիպված էր հասնել այնտեղ: Սամարացին հոգ տարավ նրա մասին, չասաց. «Ես նրան այստեղ կթողնեմ, բժիշկ կկանչեմ: Ես գնում եմ: Ես արեցի այն, ինչ կարող էի»: Ո՛չ, նա հոգ տարավ նրա մասին՝ ասելով. «Հիմա դու իմ հոգսն ես, իմ տրամադրության տակ, բայց, որպեսզի ես քեզ ծառայեմ»: Նա պաշտոնյա չէր, այլ մարդ՝ ով ուներ բաց սիրտ»:

     

    Բաց լինել Աստծո անակնկալների առջև

     

    Այնուհետև, Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոսը խոսեց իջևանատան տիրոջ մասին, ով «խիստ զարմացած էր»՝ տեսնելով «մի օտարականի, մի հեթանոսի, – ինչպես ասում ենք, – քանի որ նա Իսրայելի ժողովրդից չէր», որ կանգ էր առել՝ մարդուն օգնության ձեռք մեկնելու համար, և վճարելով երկու դահեկան՝ խոստացավ վճարել մյուս բոլոր ծախսերը ևս իր վերադարձին: Իջևանատերը չի կասկածում, որ կստանա այն, ինչ կծախսի, – ավելացնում է Նորին Սրբությունը, – քանի որ սա է այն մարդու արձագանքը, ով վկայում է, նա, ով բաց է Աստծո անակնկալների առջև, ճիշտ այնպես, ինչպես սամարացին:

     

    Երկուսն էլ պաշտոնյաներ չէին:

    «Դո՛ւ, քրիստոնյա՞ ես: Դո՛ւք, քրիստոնյա՞ եք: Այո՛, այո՛, այո՛, կիրակի օրերին ես Պատարագի եմ գնում և փորձում եմ ճիշտ ապրել…, քիչ խոսել, քանի որ սիրում եմ միշտ խոսել, բայց մնացած ամեն ինչ ճիշտ եմ անում…

    Դուք բա՞ց եք: Բ՞աց եք Աստծո անակնկալների առջև, թե՞ փակ՝ ինչպես քրիստոնյա մի պաշտոնյա: Ես կիրակի օրը գնում եմ Սբ. Պատարագի, Սբ. Հաղորդություն ստանում, տարին մեկ անգամ խոստովանում, և այլն, և այլն… Ես հաստատուն դիրք ունեմ». այսպես են խոսում պաշտոնյա քրիստոնյաները՝ նրանք, ովքեր բաց չեն Աստծո անակնկալների առջև, նրանք, ովքեր չափազանց շատ բան գիտեն Աստծո մասին, սակայն չեն հանդիպում Աստծուն, նրանք, ովքեր երբեք զարմանքի չեն մատնվում վկայության առջև, ընդհակառակն, նրանք անկարող են վկայություն տալու:

     

    Հիսուսն ու Իր Եկեղեցին

    Հետևաբար, Նորին Սրբությունը հորդորում է բոլորին՝ աշխարհականներին ու քահանաներին, ինքներս մեզ հարց տալու, թե արդյո՞ք մենք քրիստոնյաներ ենք՝ բաց այն ամենի առջև, ինչ Տերն է մեզ տալիս ամեն օր, բաց Աստծո այն անակնկալների առջև, որոնք հաճախ, ինչպես այս սամարացին, դժվարություններ են առաջացնում մեզ համար, թե՞ պաշտոնյա քրիստոնյաներ ենք, ովքեր անում են այն, ինչ պետք է անեն, կարծելով, թե հետևում ենք «կանոններին», և ապա՝ կաշկանդվում նույն այդ կանոններով: Հին աստվածաբաններից ոմանք, – հիշատակում է Սրբազան Քահանայապետը, – ասել են, թե բարի սամարացու մասին այս հատվածի մեջ ամփոփված է «ողջ Ավետարանը»:

     

    Մեզանից յուրաքանչյուրն այդ վիրավոր մարդն է, իսկ Սամարացին՝ Հիսուսը, ով դարմանեց մեր վերքերը, մեր կողքին եղավ, հոգ տարավ մեր մասին, վճարեց մեզ համար, և ասաց իր Եկեղեցուն. «Եթե ավելին ծախսես՝ հանձն առ այդ ծախսերը, ես ամենը կվճարեմ վերադարձիս»: Խորհրդածե՛ք այս հատվածի մասին. այստեղ է ամփոփված ողջ Ավետարանը:

     

    Vatican News պարբերականից թարգմանեց Հրանուշ Սարգսյանը

Օրացույց

Օրացույց