• Երիտասարդներն իրենց կարծիքն են արտահայտում Սինոդի վերաբերյալ

    Սեփական կոչումը հասկանալու հիմքը սերն է Աստծո հանդեպ


     

    Ժոզեֆ Կաո Հու Մինհ Տրին՝ քսանմեկամյա վիետնամցի երիտասարդ ունկնդիրն իր կարծիքն արտահայտեց Սուրբ Աթոռի Լրատվական կենտրոնում հոկտեմբերի 4-ին տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ: Նա ուրախություն հայտնեց Հռոմում գտնվելու համար՝ նշելով, թե ինչ մեծ պատիվ է մասնակցությունը, և թե որքան երախտապարտ է Աստծուն՝ այս գործընթացում ներգրավվելու համար: Նա վերլուծեց կոչման իմաստը, և թե ինչպես են ամենուր՝ համացանցի, You Tube-ի, ամսագրերի և այլնի միջոցով, երիտասարդները կողմնորոշվում, թե «ինչպես գտնել սեփական կոչումը»:

     

    «Սա թարմ տենդենց է, հատկապես՝ Վիետնամում», – ասաց նա: Չնայած սրան, նա ափսոսանք հայտնեց այն մասին, որ կան բազմաթիվ մարդիկ, ովքեր մեր օրերում պայքարում են իրենց կոչումը գտնելու և երջանիկ կյանքով ապրելու համար: Նա նկատեց, որ այժմ մարդիկ հաճախ երկու ծայրահեղությունների միջև են գտնվում, երբ չեն գտնում սեփական կոչումը կամ երբ սխալ են ընկալում սեփական կոչումը:

     

    Հաշվի առնելով այն փաստը, որ եպիսկոպոսները երբեմն դժվարությունների են բախվում երիտասարդների հետ փոխըմբռնման հարցում, նա գնահատեց այն ջանքերը, որ գործադրվում են երիտասարդներին լսելու և ուղեկցելու համար:

    Ժոզեֆն ընդգծեց, որ Եկեղեցին կարող է ճկուն ու հարմարվող լինել և աշխատել լուծումներ գտնելու ուղղությամբ, սակայն ամեն բանի հիմքում «Սուրբ Հոգին է և հավատքը»:

     

    «Տիրոջ հանդեպ սերն է, որ գոհություն է պարգևում բոլորին», – ասաց նա:

     

    Հիսուսը և Մարիամը երիտասարդներ էին

     

    Պաոլո Ռուֆֆինին՝ Վատիկանի Հաղորդակցության վարչության ղեկավարը, լրագրողներին հաղորդեց, որ Սինոդոսի համագումարում քննարկվող կարևոր հարցերն  էին ընտանիքի դերը հավատքի փոխանցման գործում և Եկեղեցու վստահելիությունը երիտասարդների համար:

     

    Ճեպազրույցի ընթացքում Վատիկանի Հաղորդակցության վարչության ղեկավարն ընդգծեց սինոդոսական բոլոր հայրերի և ներկա երիտասարդների միջև ազատ և բաց քննարկումները, քանի որ նրանց քննարկման թեման երիտասարդներն էին, հավատքը և կոչման ընկալումը: Այս առավոտ, երիտասարդներից մեկը, ով առաջինը ելույթ ունեցավ, ասաց, որ իր կոչման իրականացման ճանապարհին է և պատրաստվում է դառնալ միանձնուհի: Նրա ելույթի հիմնական միտքն այն էր, թե ինչպես ամենուր տարբեր մշակույթներ ներկայացնող երիտասարդներն ուզում են, ցանկանում և փափագում լինել լսված՝ այնպիսին, ինչպիսին կան և այնտեղ՝ որտեղ գտնվում են:

     

    Առանձնապես ընդգծելով երիտասարդների կարևորությունը՝ Հաղորդակցության վարչության ղեկավարը նկատեց. «Գիտենք, որ Հիսուսն ու Մարիամը նույնպես երիտասարդներ էին»:

     

    Կարիք ունենք վստահելի Եկեղեցու

     

    Վատիկանի Հաղորդակցության վարչության ղեկավարը և մյուսները հաստատեցին, որ Եկեղեցին պետք է վստահելի լինի երիտասարդների աչքում: Թեև ելույթներում չէին գերակշռում Եկեղեցու հետ կապված սկանդալների մասին ակնարկները, այնուամենայնիվ, դրանք հիշատակվում կամ դրանց մասին ակնարկվում էին տարբեր ելույթներում՝ շեշտելով, որ այս ամենը հաշվի առնելով՝ Եկեղեցին պետք է վերականգնի իր վստահելիությունը:

     

    Ի պատասխան այն հարցի, թե ինչու չեն հրապարակվելու ելույթ ունեցողների անունները՝ նա հայտարարեց, թե այսպես են վարվել անցյալում: Նաև ասաց, որ բոլորովին դեմ չէ անունների հրապարակմանը, բայց «սա բանավեճ չէ», և կարող է խոչընդոտ հանդիսանալ մասնակիցների ազատ արտահայտման համար:

     

    «Որպես այդպիսին՝ սա արվում է ի նշան հարգանքի», – նշեց նա, – «քանի որ Սինոդոսի նպատակը միասնականության ձևավորումն է»:

    Այս առավոտ ելույթով հանդես եկան Սինոդոսի քսանհինգ հայրեր, ինչպես նաև երիտասարդներ և Կարդինալ Սերջիո դա Ռոկան՝ Եպիսկոպոսների Սինոդոսի գլխավոր խոսնակը: Ելույթների միջակայքում Սինոդոսի հայրերին տրվում է երեք րոպե, որպեսզի անձնապես խորհեն ասվածի շուրջ, և նրանք, ովքեր մասնակցում էին, նշեցին, թե ինչպես երևում է՝ այս մեթոդն արդյունավետ է:

     

    Եկեղեցին՝ որպես Ընտանիք և Ընտանիքը՝ հանուն Հավատքի

     

    Որոշ թեմաներ, որոնց վրա կենտրոնացած էր հիմնական ուշադրությունը, վերաբերում էին երիտասարդների՝ լսված լինելու անհրաժեշտությանը, երիտասարդներ, ովքեր մերժված են՝ այս կամ այն կերպ, աշխարհի տարբեր կողմերում, և թե ինչպես պետք է նրանք ընդունվեն ու դասակարգերի չբաժանվեն:

     

    «Նրանք ընդունեցին, որ Եկեղեցին պետք է վերագտնի իր «հայրությունը», որպեսզի ընկալվի որպես «ընտանիք»», – ասաց նա:

     

    Քննարկվել են նաև հետևյալ հարցերը. «Ընտանիքը հավատքի փոխանցման օրրանն է: Եկեղեցու առաքելությունը ընտանիքների հետ աշխատանք տանելն է՝ հավատքի փոխանցման համար», – ասաց, նա՝ նշելով, որ այս ամենը ներառում էր նաև քննարկումներ սերունդների միջև փոխհարաբերությունների վերաբերյալ:

     

    Եղան նաև բազմաթիվ երկխոսություններ երիտասարդների մարգարեության և ապագայի վերաբերյալ՝ այն մասին, թե ինչպես են կարողանում տեսնել ապագան, և հետևաբար, Սինոդոսի հայրերն ընդգծեցին նրանց լսելու անհրաժեշտությունը:

     

    Նա հաստատեց, որ քննարկվել է Եկեղեցու վստահելի լինելը, քանի որ ելույթները շոշափել են «ներման հարցը, որ խնդրել և խնդրում է Եկեղեցին»: Նա նկատեց, որ, անկասկած, սա ներառում է բռնությունները, բայց ոչ միայն, բոլոր ուղղություններով, Եկեղեցին պետք է ներում խնդրի: Այս ամենը քննարկվել է, և կշարունակվի քննարկվել մոտակա օրերին ևս:

     

    Vatican News կայքից թարգմանեց Հրանուշ Սարգսյանը

Օրացույց

Օրացույց