«Տվեք ինձ մի բանակ, որ Վարդարան է աղոթում, և ես կնվաճեմ աշխարհը»
Հոկտեմբեր ամիսը Կաթողիկէ Եկեղեցում, ըստ ավանդության, նվիրված է Սուրբ Կույս Մարիամի Վարդարանի ջերմեռանդությանը: Իսկ հոկտեմբերի 7-ը, մասնավորապես, Վարդարանի Տիրամոր տոնն է: Այս առթիվ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը կոչ արեց ամբողջ Ընդհանրական Եկեղեցուն այդ օրը բոլոր համայնքներում միասնաբար Վարդարան աղոթել՝ Եկեղեցին չարի հարձակումներից պաշտպանելու համար: Իր խնդրանքը Սրբազան Քահանայապետը տարածեց «Քահանայապետի աղոթքի համաշխարհային ցանցի» միջոցով: Կոչին արձագանքեցին աշխարհի բոլոր կաթողիկէ համայնքները և նույն օրը՝ տարբեր ժամերի, բոլոր համայնքներում Վարդարան աղոթեցին՝ խնդրելով Տիրամոր պաշտպանությունը Եկեղեցու համար:
Հայաստանի, Վրաստանի և Ռուսաստաի հայ կաթողիկէ համայնքներում ևս հոկտեմբերին 7-ին կազմակերպվեց Վարդարանի միասնական աղոթասացություն՝ Սբ. Պատարագից առաջ կամ հետո, եկեղեցում և այլ սրբավայրերում:
Հայ կաթողիկէ համայնքներում արդեն իսկ արմատացած է մայիս և հոկտեմբեր ամիսներին Վարդարան աղոթելու և Տիրամորը նվիրված ջերմեռանդական միջոցառումների, թափորների կազմակերպումը (իսկ, մի քանի համայնքներում, օրինակ, Մեծ Սեպասարում, Ղազանչիում, Սիզավետում, Բավրայում ամբողջ տարին՝ բոլոր կիրակնօրյա Սբ. Պատարագներից առաջ հոգևոր հովվի առաջնորդությամբ աղոթում են Վարդարան): Հայ կաթողիկէների մոտ աստիճանաբար վերականգնվում է Վարդարանի ջերմեռանդության հոգևոր արժեքը և սերը, որը սերնդափոխության և անաստավածության հետևանքով բավական մոռացության էր մատնված: Այսօր երիտասարդներից շատերը սովորություն ունեն ամեն օր աղոթելու Վարդարան և չարի հարձակումների դեմ պայքարել Սուրբ Կույսի հովանավորությամբ: Համայնքներում աղոթում են Տեր Հիսուս Քրիստոսի մեկ և Ընդհանրական Սուրբ Եկեղեցու անսասանության, չարից պաշտպանվելու, հայ կաթողիկէ ինքնության ծաղկունքի, հայրենիքի բարօրության, հայ ընտանիքների հոգևոր, ազգային նկարագրի պահպանության, հիվանդների և տարեցների առողջության, սրբության և այլ դիտավորություններով: Հայ կաթողիկէն այսօր հասկանում է, թե որքա՛ն կարևոր է հայի համար Վարդարանի աղոթքը, որովհետև ծանոթ է Ընդհանրական Եկեղեցու պատմական փորձառությանը և անբաժանելի մասն է Տիրոջ Կաթողիկէ՝ Ընդհանրական մեկ Եկեղեցու:
1571թ. հոկտեմբերի սկզբին Արևմտյան Եվրոպայի քրիստոնյաներին սպառնում էին Օտտոմանյան կայսրության թուրք մահմեդական զորքերը. դա քրիստոնյա քաղաքակրթության պահպանության հարց էր դարձել, համայնքների գոյության խնդիր: Օրհասական այդ օրերին Ն. Ս. Սբ. Պիոս Ե Սրբազան Քահանայապետը խնդրեց Կաթողիկէ ողջ Եկեղեցուն ամեն օր Վարդարան աղոթել: Տիրամայրը լսեց այդ միասական աղոթքները. հոկտեմբերի 7-ին Լեպանտոյի ծովային ճակատամարտում թուրքական զորքերը պարտություն կրեցին և նահանջեցին: Թուրքերի հարձակումները հետագայում շարունակվեցին, բայց քրիստոնյա Եվրոպան փրկվեց, իսկ հաղթանակը վերագրվեց Վարդարանին: Սբ. Պիոս Ե-ը այդ հոկտեմբերի 7-ը հռչակեց Վարդարանի Տիրամոր տոն, իսկ Վարդարանը՝ Եկեղեցին չարից պաշտպանվելու հզոր զենք:
Սա Վարդարանի հզոր ազդեցության միակ պատմական փաստը չէ: Օրինակ, Իռլանդիայում, որտեղ կաթողիկէները մշտապես աղոթել են Վարդարան, կարողացել են պահել իրենց համայնքները: Երբ Օլիվեր Կրոմվելը, որ 17-րդ դարում ուզում էր ճնշել կաթողիկէներին, հուսահատված գրում է իր վերադասներին. «Ամեն ինչ վատ է, դուք տվել եք մեզ փող, զենքեր: Բայց պետք է ասեմ, որ Իռլանդիայում ամեն մի տուն աղոթքի տուն է, և երբ այս մոլեռանդ իռլանդացիներին կանգնեցնում եմ զենքերի նշանառության տակ, նրանք իրենց ձեռքն են վերցնում աղոթահամրիչներն ու երբեք չեն հանձնվում»: Հենց Վարդարա՛նն է Իռլանդիան պահել կաթողիկէ՝ դարերի ընթացքում: Երկրորդ համաշխաշխարհային պատերազմի տարիներին Ավստրիան կարողացավ պահել իր կաթողիկէ ինքնությունը՝ շնորհիվ Վարդարանի, ինչպես համոզված են ավստրիացիները: Այս օրինակեները շատ են, նաև՝ հայերի մոտ:
Պիուս ԺԱ Քահանայապետը Վարդարանի մասին ասել է. «Եթե ուզում եք ունենալ խաղաղություն ձեր սրտերում, տներում, ձեր հայրենիքում, ամեն երեկո հավաքվեք Վարդարան աղոթելու: Մի՛ բաց թողեք նույնիսկ մեկ օր, ամեն օր աղոթեցեք, ինչքան էլ ծանրաբեռնված լինեք»:
Իսկ Պիուս Թ Քահանայապետն ասել է. «Տվեք ինձ մի բանակ, որ Վարդարան է աղոթում, և ես կնվաճեմ աշխարհը»:
Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը խնդրում է Տիրոջ Եկեղեցուն այս հոկտեմբերին ամեն օր աղոթել Վարդարան՝ ապաշխարությամբ և Սուրբ Հաղորդություն ընդունելով և աղաչելով, որ Սուրբ Կույսն ու Միքայել հրեշտակապետը պաշտպանեն Եկեղեցին սատանայից, որ միշտ ուզում է սեպ խրել հավատացյալների միջև և քանդել Եկեղեցին: Քահանայապետը խնդրում է Վարդարան աղոթելիս ասել նաև հետևյալ աղոթքները.
«Ապավինում ենք քո պաշտպանությանը, ո՛վ Սուրբ Մայր Աստծո: Լսի՛ր մեր խնդրանքները և նայի՛ր մեր կարիքներին, ազատի՛ր մեզ միշտ բոլոր վտանգներից, ո՛վ փառավորյալ և Երանելի Կույս Մարիամ»:
Իսկ Վարդարանի ավարտին աղոթել Լևոն ԺԱ Քահանայապետի հետևյալ աղոթքը.
«Սու՛րբ Միքայել հրեշտակապետ, պաշտպանի՛ր մեզ ճակատամարտում, եղի՛ր մեր պաշտպանությունը ընդդեմ սատանայի նենգամտության և թակարդների: Մենք խոնարհությամբ աղոթում ենք, որ դու, ո՛վ Իշխան հրեշտակների, Աստծո զորությամբ դժոխք նետես սատանային և նրա բոլոր դևերին, որոնք թափառում են աշխարհում՝ փնտրելով, թե որ հոգին կարող են կործանել: Ամեն»:
Տ. Հովսեփ քհն. Գալստյան