«Հույսը խնդրում է մեզ ոտքի կանգնել և ուղիղ նայել երիտասարդների աչքերի մեջ»
Երիտասարդության հիմնախնդիրներին նվիրված Կաթողիկէ Եպիսկոպոսների Սինոդոսի 15-րդ հերթական համագումարի մեկնարկը հոկտեմբերի 3-ին տրվեց Հռոմի Սուրբ Պետրոսի հրապարակում Սրբազան Քահանայապետի ձեռամբ մատուցված Սուրբ Պատարագով, որին ներկա էին համագումարի մասնակից 300 եպիսկոպոսները, երիտասարդներ, հավատացյալների հոծ բազմություն:
Իր քարոզի ընթացքում Սրբազան Քահանայապետը կոչ արեց եպիսկոպոսներին ականջալուր լինել երիտասարդների ձայնին, որպեսզի կարողանան կառուցել ավելի լավ մի աշխարհ: Քահայապետն իր վստահությունը հայտնեց առ այն, որ նոր սերունդները ունակ են մարգարեանալու և հեռուն տեսնելու: Նա աղոթեց, որ Սուրբ Հոգին Սինոդոսի հայրերին պարգևի շնորհը՝ լցվելու երազելու և հուսալու այն տաղանդով, որ ունեն երիտասարդները:
Քահանայապետն ասաց՝ առաջին անգամ է, որ Սինոդոսի համագումարին մասնակցում են երկու չինացի կաթողիկէ եպիսկոպոսներ, որով ավելի տեսանելի է Սուրբ Պետրոսի հաջորդի հետ աշխարհի բոլոր կաթողիկէ եպիսկոպոսների հաղորդութենական միությունը:
Քահանայապետը հույս հայտնեց, որ այս եկեղեցական համաժողովը կօգնի լայնացնելու հորիզոնները, մարդկանց սրտերը և «վերափոխելու մտավոր այն կաղապարները, որոնք այսօր մեզ պարալիզացնում, օտարացնում և բաժանում են երիտասարդներից՝ լքելով նրանց անպաշտպան՝ փոթորկոտ ծովերում, որպես որբեր՝ զուրկ հավատքի համայնքերից, որտեղ կարելի էր գտնել ապաստան և օժանդակություն, որբեր՝ զուրկ առաջնորդությունից և կյանքի իմաստից»:
Բայց «հույսը մարտահրավեր է նետում մեզ և փոխում է մեզ՝ խախտելով այն հարմարվողականությունը, որն ասում է՝ «միշտ էլ այդպես է եղել»…
Հույսը խնդրում է մեզ ոտքի կանգնել և ուղիղ նայել երիտասարդների աչքերի մեջ և տեսնել նրանց վիճակը», -ասաց Նորին Սրբությունը:
Նրա խոսքերով, այսօր երիտասարդները մեզ կանչում են միանալու իրենց՝ իրականությանը առերեսվելու ավելի մեծ հանձնառությամբ և պայքարելու այն ամենի դեմ, ինչը խանգարում է իրենց ապրել արժանապատիվ կյանքով: «Երիտասարդները մեզնից պահանջում են ստեղծարարություն, դինամիզմ, ողջամտություն, խանդավառություն և հույս: Նրանք մեզ խնդրում են մենակ չթողնել իրենց՝ մահ սփռող վաճառականների առաջ, ովքեր ճնշում են իրենց կյանքը և մթագնում իրենց հայացքը»:
Քահանայապետը հիշեցրեց եպիսկոպոսներին, որ նրանք կոչված են լինելու խոնարհ և առանց նախապաշարումների:
«Սերը՝ հանդեպ Ավետարանի և ժողովրդի, որը վստահված է մեր խնամքին, մարտահրավեր է նետում մեզ՝ ընդարձակելու մեր հորիզոնները և չմոռանալու այն առաքելությունը, որին կոչված ենք».-ասաց Քահանայապետը և հիշեցրեց Վատիկանի Բ տիեզերաժողովի ընթացքում՝ 1965թ., Պողոս Զ Քահանայապետի խոսքը՝ ուղղված երիտասարդներին.
«Քրիստոսի անունով է, որ մենք այսօր ձեզ կոչ ենք անում բացել ձեր սրտերը աշխարհի առջև, լսել ձեր եղբայրների աղաղակը և ձեր երիտասարդական ավյունը դնել ի ծառայություն նրանց: Պայքարե՛ք ամեն տեսակ եսասիրության դեմ: Մերժե՛ք բռնությունը, ատելությունը, որը պատերազմ ու թշվառություն է բերում, եղե՛ք առատաձեռն, մաքուր, հարգալից և անկեղծ, և խադավառությամբ կառուցե՛ք ավելի լավ մի աշխարհ, քան այն, ինչ ստեղծել են ձեզնից ավագները»:
Թարգմանեց Տ. Հովսեփ քհն. Գալստյանը