• Հռոմում մեկնարկեց Եկեղեցում երիտասարդների հիմնախնդիրներին նվիրված եպիսկոպոսական համաժողովը

    «Երիտասարդներ, Հավատք և Կոչման Ընկալում»


    Հոկտեմբերի 1-ի առավոտյան, մամլո ասուլիսի ժամանակ, Եպիսկոպոսների Սինոդոսի Գլխավոր քարտուղար Կարդինալ Լորենցո Բալդիսսերին զանգվածային լրատվամիջոցներին հակիրճ տեղեկատվություն ներկայացրեց «Երիտասարդներ, Հավատք և Կոչման Ընկալում» թեմայով Եպիսկոպոսների Սինոդոսի 15-րդ հերթական համաժողովի ընթացակարգի և նպատակների վերաբերյալ: Համաժողովը մեկնարկել է հոկտեմբերի 3-ին Հռոմում և կտևի երեք շաբաթ: Համագումարին մասնակցում է նաև Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Կաթողիկոս Պատրիարք Ամեն. Տ. Գրիգոր Պետրոս 20-րդը:

     

    Եպիսկոպոսների Սինոդոսի այս համագումարը վճռորոշ հանգրվան է Եկեղեցու կյանքում: Այժմ իսկական ժամանակն է անդրադառնալու նրա Եկեղեցու ներկա կարգավիճակին և նայելու դեպի ապագա, ժամանակն է համապատասխան ձևով արձագանքելու փոփոխությունների հորձանուտում հայտնված ներկա աշխարհին, նոր նպատակներ սահմանելու ու յուրացնելու նոր գործելաձևեր, որպեսզի սայթաքումներ չլինեն:

     

    Կարդինալ Բալդիսսերին հանգամանորեն մեկնաբանել է Սինոդոսի համագումարի ընթացակարգը՝ նշելով, որ երկու շաբաթ առաջ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը ստորագրել է նոր Առաքելական սահմանադրույուն, որն ամրապնդում է  Աստծո ժողովրդի միասնական մասնակցությունը եկեղեցական գործընթացներում և նպաստում ինչպես եպիսկոպոսների, այնպես էլ եպիսկոպոսների և Սրբազան Քահանայապետի միջև երկխոսությանն ու համագործակցությանը:

     

     Նա ասել է, որ սա ավելի մեծ ազդեցություն կունենա ավարտական փաստաթղթի վրա, որի պատրաստմանն են կոչված Սինոդոսի հայրերը: Փաստաթուղթը պատրաստ կլինի Սինոդոսի հայրերի և այսպես կոչված 49 վերահսկիչների ելույթները լսելուց հետո, որոնցից 36-ը երիտասարդներ են, ովքեր ընտրվել են հինգ մայրցամաքներից՝ ներկայացնելու իրենց հասակակիցներին:

     

    Մասնակիցների ընդհանուր թիվը 300 է՝ կարդինալներ, եպիսկոպոսներ, քահանաներ, հոգևորական և աշխարհական փորձագետներ: 1965թ.-ից ի վեր, ինչ Պողոս VI Պապը հաստատեց Եպիսկոպոսների Սինոդոսը, առաջին անգամ է, որ Չինաստանից երկու եպիսկոպոսներ այս անգամ կարողացել են ներկա լինել Սինոդոսի համագումարին՝ շնորհիվ Սուրբ Աթոռի և Պեկինի միջև վերջին ամիսներին կնքված պատմական համաձայնագրի:

     

    Ինչ վերաբերում է Սինոդոսի Սրահի ներսում ընթացող իրադարձությունների հետ հաղորդակցմանը, ապա Սուրբ Աթոռի Հաղորդակցության վարչությունը կհրապարակի զեկույցներ, տեսանյութեր, ամենօրյա բազմալեզու ճեպազրույցներ և բազմաթիվ ակտիվ գործողություններ սոցիալական ցանցերի միջոցով՝ ներառյալ թվիթերում տեղադրված #synod2018  հատուկ հեշթեգը:

     

    Հոգևորականների կողմից սեռական բռնության երևույթը

     

    Այն հարցին, թե արդյոք հոգևորականների կողմից սեռական բռնության լայն տարածում գտած դեպքերի վերաբերյալ վերջին բացահայտումները կարող էին անվստահության և զայրույթի մթնոլորտ ստեղծել երիտասարդների մոտ, ինչը կարող է անջրպետ առաջացնել երիտասարդների և Եկեղեցու միջև հաղորդակցման համար, Բալդիսսերին պատասխանեց, թե վստահ է, որ Սինոդոսը նաև հիանալի հնարավորություն կընձեռի կարծիքներ փոխանակելու այս բարդ խնդրի շուրջ:

     

    Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Քահանայապետը հուսով է, որ ներկա կգտնվի սինոդոսյան մի շարք (եթե ոչ բոլոր) խորհրդակցություններին, ինչը վկայում է այն մասին, որ նա չի ցանկանում, որ այս ամենը դիտվի որպես իրադարձություն փակ դռների հետևում՝ որոշ արտոնյալ հրավիրյալների համար միայն: Նա խնդրել է հարյուրավոր երիտասարդների միանալ իրեն և Սինոդոսի մասնակիցներին՝ շաբաթ օրը, Վատիկանի հանդիպումների սրահում՝ երաժշտական երեկոյի և կենդանի զրույցի համար:

     

    – Եկեղեցին,- նորից ու նորից ընդգծել է Բալդիսսերին,- ուզում է անել իրենից կախված ամեն ինչ՝ մարդկանց հետ այս ճանապարհն անցնելու համար, և սա այն է, ինչ մտադիր ենք անել այս Սինոդոսի ընթացքում՝ «բաց աչքերով և ականջներով, բայց նաև՝ բաց սրտով և մտքով», ընդունելով Եկեղեցու առջև ծառացած մարտահրավերները, որոնց պատճառը «երիտասարդների անդադրում լինելն է»:

     

    Թարգմանեց Հրանուշ Սարգսյանը

Օրացույց

Օրացույց