• Սբ. Պսակից առաջ զույգերի հոգևոր պատրաստությունը խիստ կարևոր է

    «Միայն այն ժամանակ, երբ միասին բախվում են առօրյա կյանքին, որը կոչ է ամուսիններին՝ քայլելու ինքնազոհության և զոհաբերության ճանապարհով, ոմանք գիտակցում են, որ լիովին չեն հասկացել, թե ինչ է նրանց սպասվում»:


    2018թ. սեպտեմբերի 27-ին, նախաձեռնությամբ Հռոմի թեմի և Հռոմեական Ռոտայի, Նորին Սրբություն Ֆրանցիսկոսը հանդիպում ունեցավ ամուսնության և ընտանիք կազմելու պատրաստվող մոտ 850 մասնակիցների հետ: Նախապատրաստած մեկնաբանություններում Սրբազան Քահանայապետը խոսեց քրիստոնյա ամուսիններին «ուղեկցելու» անհրաժեշտության, ինչպես նաև ամուսնական ուխտի համար «քրիստոնեական վարդապետությանը հարատև հաղորդակից լինելու» հնարավորության մասին, ինչը ենթադրում է «նախապատրաստումը, տոնակատարությունը և առաջին պահերը» նոր ընտանիքի կյանքում: Նորին Սրբությունը կոչ արեց «կիսել ճանապարհը», որի նախաձեռնությունը ստանձնել են քահանաները, հովվական աշխատողները և քրիստոնյա ամուսինները:

     

    Գիտակցված ընտրություն

     

    Օրը նվիրված էր ընտանիքին վերաբերող մարտահրավերների և հովվական ծրագրերի ուսումնասիրությանը. ընտանիքը համարվում է «տնային եկեղեցի և կյանքի սրբավայր», ինչը հանուն համընդհանուր բարօրության «կարևոր և անփոխարինելի» է: Անդրադառնալով այս թեմային՝ Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը ընտանիքը համարեց «հսկայական, համալիր և նուրբ» առաքելության ոլորտ.

     

    «Այս թեմայի շուրջ ես հանգամանորեն խոսել եմ հատկապես «Սիրո բերկրանքը»՝ Amoris laetitia, առաքելական հորդորում՝ հիմքում դնելով քրիստոնեական ամուսնության նախապատրաստման դժվարին ճանապարհի ծայրահեղ անհրաժեշտությունը, որը չպետք է կրճատել՝ հասցնելով մի քանի հանդիպումների: Ամուսնությունը պարզապես «սոցիալական» իրադարձություն չէ, այլ՝ իսկական ուխտ, որը ենթադրում է պատշաճ նախապատրաստություն և գիտակցված տոնակատարություն: Իրականում, ամուսնական կապը զույգից պահանջում է գիտակցված ընտրություն, որի կիզակետում ցանկությունն է կառուցել մի բան, որին երբեք չի կարելի դավաճանել կամ լքել:

     

    Երիտասարդ ամուսիններին պետք է ուղեկցել

     

    Նորին Սրբությունը նշեց, որ որոշ թեմեր արդեն իսկ մշակում են նախաձեռնություններ, որոնք «ընտանիքների համար տարվող հովվական աշխատանքն ավելի համապատասխան կդարձնեն որոշակի իրավիճակներին», այդ թվում նաև սեմինարներ և ոչ պաշտոնական հանդիպումներ, որոնցում կարող են նաև ներգրավվել երկար տարիների փորձառություն ունեցող ամուսնացյալ զույգեր, ինչպես նաև հոգեբանության ոլորտի փորձագետներ:

     

    Հաճախ խնդիրների հիմնական արմատները, որոնք երևան են գալիս պսակադրության արարողությունից հետո, կարելի է գտնել ոչ միայն թաքնված ու հեռավոր անհասունության մեջ, որը հանկարծակի պոռթկում է, այլ, նախ և առաջ, քրիստոնեական հավատքի թուլության մեջ և եկեղեցական հոգատար ուղեկցման բացակայության մեջ, այն մենության մեջ, որում շատ հաճախ հայտնվում են նորապսակները հարսանեկան արարողությունից հետո: Միայն այն ժամանակ, երբ միասին բախվում են առօրյա կյանքին, որը կոչ է ամուսիններին՝ քայլելու ինքնազոհության և զոհաբերության ճանապարհով, ոմանք գիտակցում են, որ լիովին չեն հասկացել, թե ինչ է նրանց սպասվում:

     

    Նախապատրաստում և ուղեկցություն

     

    «Որքան խորն է և տևական նախապատրաստական ընթացքը, – բացատրում է Նորին Սրբությունը, – այնքան ավելի շատ երիտասարդ զույգերը կսովորեն հաղորդակցվել Աստծո շնորհին և զորությանը, նաև «հակամարմիններ» կստեղծեն, որոնք անհրաժեշտ են՝ ամուսնական և ընտանեկան կյանքում դժվարությունների և հուսահատության անխուսափելի պահերին առերեսվելու համար, սակայն այս ամենը բավարար չէ: Հովվական հոգածության ավելի մեծ արդյունավետության կարելի է հասնել, եթե ճիշտ ճանապարհը ցույց տալը չի ավարտվում հարսանեկան արարողությամբ, այլ՝ ուղեկցում է զույգին գոնե ամուսնական կյանքի առաջին տարիներին: Առանձին զույգերի հետ զրույցների, ինչպես նաև համայնքային իրադարձությունների միջոցով հնարավոր է օգնել երիտասարդ ամուսիններին ձեռք բերելու կարողություններ և աջակցել ապրելու իրենց կոչումը: Այս ամենին կարելի է հասնել միայն զույգերի հավատքի զորացման շնորհիվ:

    Ճգնաժամային իրավիճակներ և նոր ամուսնական կարգ   

     

    «Ինչ վերաբերում է այն ամուսիններին, ովքեր իրենց հարաբերություններում լուրջ խնդիրների են բախվում և հայտնվում ճգնաժամի մեջ, – ասաց Նորին Սրբություն Ֆրանցիսկոսը, – անհրաժեշտ է աջակցել նրանց՝ վերականգնելու հավատքը և վերագտնելու Պսակի Սուրբ Խորհրդի շնորհը:  Որոշ դեպքերում պետք է գնահատել արդարությամբ և ներքին ազատությամբ, նաև համապատասխան ցուցումներ տալ՝ անվավեր ճանաչելու գործընթաց սկսելու համար:

    Նրանք, ովքեր հասկացել են, որ իրենց միությունը սուրբ խորհրդից բխող ճշմարիտ ամուսնական միություն չէ, և ցանկանում են դուրս գալ այդ իրավիճակից, կարող են եպիսկոպոսների, քահանաների և հովվական աշխատողների մոտ գտնել անհրաժեշտ աջակցություն, որն արտահայտված է ոչ միայն իրավական նորմերով, այլ, նախ և առաջ, լսելու և հասկանալու տրամադրվածությամբ: Այս տեսակետից, նոր ամուսնական կարգի վերաբերյալ օրենքը գործուն միջոց է, որը պետք է կիրառվի կոնկրետ կերպով և, առանց բացառության, բոլորի կողմից, եկեղեցական բոլոր աստիճաններում, քանի որ դրա հիմնական նպատակը salus animarum-ը՝ հոգիների փրկությունն է: Ուրախ էի իմանալ, որ շատ եպիսկոպոսներ և Դատարանի առաջնորդական փոխանորդներ պատրաստակամորեն ընդունել և գործադրել են նոր ամուսնական կարգը՝ խղճի հանգստության համար, հատկապես, մեր եկեղեցական ամենաաղքատ և ամենահեռավոր համայնքներում:

     

    Ողջունել նաև նրանց, ովքեր միասին են ապրում

     

    Հաշվի առնելով հոգիների հավերժական փրկության նշանակությունը՝ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Քահանայապետի փափագն էր, որ «թեմական ընտանիքի հովվական աշխատանքի հեռանկարը երբևէ կդառնա ավելի լայնածավալ»՝ ընդունելով Ավետարանի «յուրահատուկ» ոճը: Սա պետք է վերաբերի նաև «երկխոսությանը և ընդունելույանը, նույնիսկ, այն երիտասարդներին, ովքեր որոշել են ապրել միասին՝ առանց ամուսնանալու», – ասաց նա, – քանի որ նրանք ևս «կարիք ունեն, որպեսզի տեսնեն ամուսնության գեղեցկության վկայություններ»:

     

    Vatiican News պարբերականից թարգմանեց Հրանուշ Սարգսյանը

Օրացույց

Օրացույց