• Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասյանը Սբ. Պատարագ է մատուցել Վարշավայում և օծել խաչքար՝ նվիրված Սբ. Հովհաննես Պողոս Բ Պապին

    Ի սեր սուրբ Քահանայապետի և ի հարգանս Լեհաստանի պետության


    2018թ. սեպտեմբերի 22-ին Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասյանը հովվական այցով մեկնեց Լեհաստան: Սրբազան Հայրը հյուրընկալվեց Վարշավայի Արքեպիսկոպոս Վսեմաշուք Կարդինալ Կազիմիեժ Նիչի (Kazimierz Nycz) նստավայրում: Նույն օրը Վարշավայի Աստվածային նախախնամության եկեղեցում տեղի հայ համայնքի համար մատուցվեց Սուրբ Պատարագ՝ ձեռամբ Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասյանի, ներկայությամբ Կարդինալ Նիչի և համապատարագությամբ Վարշավայի հայ կաթողիկէների ժողովրդապետ Գերհ. Հ. Հովսեփ Ծ. Վրդ. Նաումովիչի, Գերհ. Հ. Հենրիկ Ծ. Վրդ. Բլաշչիկի, Հոգշն. Հ. Նարեկ Վրդ. Մնոյանի և սպասավորությամբ Լեհաստանում ուսանող հայ ճեմարանականների: Սուրբ Պատարագին ներկա էին նաև Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, Սբ. Հովհաննես Պողոս Բ Քահանայապետի և Կարդինալ Վիշինսկու թանգարանի տնօրեն Մարտին Ադամչևսկին, Լեհաստանի վարչապետի գրասենյակի պատասխանատուն, հայազգի սենատոր Լուկաշ Աբգարովիչը, պետության առջև լեհահայ համայնքի պատասխանատու Էդուարդ Մերենջեյովիչը և հայ համայնքի ներկայացուցիչներ:

    Սբ. Պատարագի ավարտին Արհ. Ռաֆայել Արքեպս. Մինասյանի ձեռամբ օծվեց մի հայկական խաչքար՝ նվիրված Սբ. Հովհաննես Պողոս Բ Քահանայապետի 2001թ. Հայաստան այցելության պատմական իրադարձությանը և նրա գահակալության 50-րդ տարեդարձին (Սբ. Հովհաննես Պողոս Բ-ը Քահանայապետ ընտրվեց 1978թ. հոկտեմբերի 16-ին և գահակալեց մինչև 2005թ. ապրիլի 2-ը): 2018-ը հոբելյանական է նաև Լեհաստանի պետության համար. լրանում է պետության պետության հիմնադրման 100-րդ տարեդարձը:  Խաչքարի տեղադրումը նախաձեռնել են ՀՀ դեսպան Էդգար Ղազայանը և Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասյանը՝ ի գնահատումն ծագումով լեհ Սբ. Հովհաննես Պողոս Բ Քահանայապետի հայրական սիրո և Լեհաստանի պետության հարգանքի՝ հանդեպ հայ ժողովրդի, որ պատմական ներկայություն է ունեցել Լեհաստանում և իր համեստ ավանդն ունեցել Լեհաստանի պետության, մշակույթի, հոգևոր ավանդության զարգացման գործում:

    Հիշեցնենք, որ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկէ առաջնորդությունը՝ որպես այդ տարածքներում վերածնյալ հայ կաթողիկէ համայնքների հոգևոր վարչության նոր միավոր, ձևավորվեց 1991թ. հոկտեմբերի 2-ին՝ Սբ. Հովհաննես Պողոս Բ Քահանայապետի որոշմամբ և ուղղակի հովանավորությամբ: Իսկ մեկ տարի անց դարձյալ նրա հովանավորությամբ Աշոցքում բացվեց Տիրամայր Նարեկի հիվանդանոցը:

     

    Այլ լուսանկարներ կարող եք տեսնել այստեղ:

Օրացույց

Օրացույց


Recent Comments