• Գերշն. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասյանի ելույթը Վիեննայում տեղի ունեցած էկումենիկ ժողովի ժամանակ

    Գերշն. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասյանի ելույթը Վիեննայում տեղի ունեցած էկումենիկ ժողովի ժամանակ


    Հոկտեմբերի 25-26-ը Վիեննայում, Հալթբրնի Ամրոցում Զալցբուրգի Արքեպիսկոպոս Գերշն. Տ. Անդրեաս Լաոնի նախաձեռնությամբ տեղի է ունեցել միջեկեղեցական խորհրդաժողով՝ քրիստոնեական ընդհանուր արմատների արժևորման, էկումենիկ երկխոսության զարգացման նպատակով.թեման հետևյալն էր.«Կիպրոսի Եկեղեցու ընդհանուր քրիստոնեական արմատները՝ Երուսաղեմի Եկեղեցու՝ Եկեղեցիների Մոր, դիտակետից»: Այդ խորհրդաժողովը հարգանքի տուրք էր Երուսաղեմի Եկեղեցուն և հրաժարյալ Քահանայապետ Նորին Սրբություն Բենեդիկտոս 16-րդին: Խորհրդաժողովին մասնակցել են Արևելյան Կաթողիկե և Ուղղափառ Եկեղեցիների հոգևորականներ, այլ քրիստոնեական հարանավանությունների ներկայացուցիչներ, Konigsegg-Aulendorf-ի կոմսն ու կումսուհին: Կիպրոսի Մարոնիտ Եկեղեցու գլուխ Արքեպս. Ժոզեֆ Սուեյֆի առաջնորդությամբ միասնական աղոթք է բարձրացվել վասն խաղաղության, որից հետո Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկեների առաջնորդ Գերշն. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասյանը Զալցբուրգի Արքեպիսկոպոսի հետ միասին մատուցել է Սբ. Պատարագ` հայկական ծեսով, հայկական երգչախմբի երգակցությամբ: Սբ. Պատարագի ընթացքում Ռաֆայել Սրբազանը Զալցբուրգի Արքեպիսկոպոսի հետ միասին Սբ. Հաղորդության օրհնությունն է բաշխել Սբ. Խորանի առջև ծնկի եկած Արևելյան քրիստոնեական Եկեղեցիների և հարանվանությունների ներկայացուցիչներին, որից հետո կատարվել է Սբ. Հաղորդության միասնական երկրպագություն:

     Խորհրդաժողովի ընթացքում ի թիվս այլոց, ելույթով հանդես է եկել նաև Գերշն. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասյանը՝ ընդառաջելով կազմակերպիչների խնդրանքին՝ խոսելու Երուսաղեմում Հայ Կաթողիկե համայնքի մասին: Սրբազան Հայրը նախ շնորհակալություն է հայտնել` իրեն այդ խորհրդաժողովին հրավիրելու համար, և նաև ասել, որ Ավստրիան շատ մոտ է հայ ժողովրդին և որ իր համար մեծ ուրախություն է հատկապես Ավստրիայի Կարիտասի և Հայկական Կարիտասի միջև համագործակցությունը: Ռաֆայել Սրբազանը, նախքան Երուսաղեմում հայ կաթողիկե համայնքին անդրադառնալը, ամփոփ բայց բովանդակալից կերպով ներկայացրել է Հայ Կաթողիկե Եկեղեցու պատմությունը: Նա փաստել է, որ Հայ Եկեղեցին ի սկզբանե, մինչև 5-րդ դարակեսը, միասնական է եղել, առանց Կաթողիկե և Առաքելական թևերի: Համառոտ անդրադարձ կատարելով Քաղքեդոնի ժողովի բանաձևումներից հետո Արևմտյան և Արևելյան մի քանի Եկեղեցիների միջև առաջացած տարաձայնություններին` Սրբազանը փաստել է, որ դրանք սխալ մեկնաբանությունների հետևանք էին, բայց, ցավոք, ամուր տեղ գրավեցին հետագայում Հայ Եկեղեցու բաժանման պատճառների մեջ: Նշանավոր կաթողիկոսներ Ներսես Շնորհալին, Ներսես Լամբրոնացին և ուրիշներ, գիտակցելով, Ընդհանրական Եկեղեցու հետ մեկ լինելու առանցքային կարևորությունը, ջանքեր գործադրեցին վերականգնելու միությունը, բայց պատմական պայմանները թույլ չտվեցին: Արքեպիսկոպոս Մինասյանը ուշադրություն է հրավիրել հատկապես այն փաստի վրա, որ Հայ Կաթողիկե Եկեղեցին, ավելի ստույգ` հայ կաթողիկե համայնքները չեն ծնվել 18-րդ դարում, այլ գոյություն են ունեցել հնուց  ի վեր, գրեթե ամենուրեք` թե’ Հայաստանում, թե’ հայկական գաղթավայրերում, իսկ Աբրահամ Արծիվյանը վերահաստատեց Հայ Կաթողիկե նվիրապետությունը Հալեպում, 1742թ.: Ներկայում գոյություն ունեցող Հայ Կաթողիկե Եկեղեցին ժառանգն է այն Հայ Եկեղեցու, որը կառուցեց Սբ. Գրիգոր Լուսավորիչը, և որը պաշտպանում էին Սբ. Սահակը, Սբ. Մեսրոպ Մաշտոցը հայոց կաթողիկոսները, այն 16-17-րդ դարերում Արևելքում առաջացած այսպես կոչված «համաձայնող» (concordant) կաթողիկե եկեղեցիներից չէ: Հայ կաթողիկեները, որպես ամբողջ հայ ժողովրդի անբաժանելի մաս, իրենց ներդրումն են ունեցել ազգի զարգացման մեջ, կիսել բոլոր տառապանքները, ցեղասպանության նահատակներ դարձել:

     Խոսելով Երուսաղեմում հայ կաթողիկե համայնքի մասին խոսելիս Սրբազան Հայրը պատմել է Վիա Դոլորոսա փողոցի վրա Տիրամոր Չարչարանաց Եկեղեցու կառուցման և հայ կաթողիկե նվիրապետության ստեղծման մասին: Գերշն. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասյանը 2005-2011թթ. եղել է Երուսաղեմի և Ամմանի Պատրիարքական Փոխանորդ:

     Սրբազան Հայրն իր ելույթում անդրադարձել է նաև Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկե թեմի ձևավորմանը, որը տեղի ունեցավ սովետական ռեժիմի փլուզումից հետո: Արքեպիսկոպոսը հպարտությամբ է ասել, որ այժմ Հայ Կաթողիկե և Հայ Առաքելական նվիրապետության և համայնքների միջև բարեկամական և փոխադարձ հարգանքի հիման վրա զարգացող հարաբերություններ և համագործակցություն կա, ինչն օգնում է հաղթահարել մեկուսացված կենսաձևը: «Այսօր մենք շարունակում ենք կառուցել և օգնել բոլոր հայերին առանց խտրականության, Ավետարանի սիրով և հարգանքով, սոցիալական, կրթական և այլ ոլորտներում».ընդգծել է Սրբազան Հայրը: Օգտակար տեղեկություններ ներկայացնելով կաթողիկեների, կաթողիկե գյուղերի և հոգևորականների թվաքանակի, կատարվող աշխատանքի մասին` թեմի առաջնորդն իր ելույթի վերջում ասել է.«Ես սիրում եմ տարբերությունները ազգերի և ժողովուրդների միջև, բայց երբեք չեմ ընդունի բաժանումը մեկ ընտանիքի անդամների միջև, որովհետև նրանք եղբայրներ ու քույրեր են: Աստուծոյ Միածին Որդիներկիր չեկավ կաթողիկեների, ուղղափառների կամ բողոքականների համար: Մենք անդամներն ենք մեկ մեծ ընտանիքի.ի գիտություն ընդունենք այս իրականությունը հարգանքով և ավետարանական սիրով»:

     Խորհրդաժողովի հաջորդ օրը` հոկտեմբերի 26-ին, մասնակիցները միասնական ուխտագնացություն են կատարել դեպի Մարիազելի (Mariazell) սրբավայր, որտեղ աղոթք են բարձրացրել առ Աստված` Երուսաղեմի Եկեղեցու նպատակների և Մերձավոր Արևելքի ու Եվրոպայի եկեղեցիների միջև էկումենիկ երկխոսության առաջխաղացման համար:

     

Օրացույց

Օրացույց