Պատճառը, հավանաբար, քահանայի պայքարն էր՝ կանանց նկատմամբ բռնությունների դեմ
Նիգերում, Բուրկինա Ֆասոյի հետ սահմանի մոտ, ըստ ենթադրության, ջիհադիստների կողմից առևանգվել է իտալացի միսիոներ քահանա: Իտալիայի Արտաքին գործերի նախարարությունը հետաքննում է դեպքը:
Միսիոներ Հայր Պիերլուիջի Մակկալլին առևանգվել է 2018թ. սեպտեմբերի 17-ին երեկոյան:
Նիգերի կառավարության խոսնակը սեպտեմբերի 18-ին ասել է, որ արևմտաաֆրիկյան երկրում այս տարի սա եվրոպական երկրի քաղաքացու երկրորդ առևանգումն է:
Աֆրիկյան Առաքելությունների Կազմակերպության (ԱԱԿ) անդամ Հայր Մակկալլին ի սկզբանե եղել է հյուսիս-իտալական Կրեմա քաղաքի թեմից և երկար տարիներ որպես միսիոներ աշխատել է Կոտ դ’Իվուարում՝ նախքան Նիամեյի թեմի Բոմոանգա ժողովրդապետություն փոխադրվելը:
Մի ականատես ասել է, որ հիսունյոթամյա քահանան առևանգվել է տեղի միանձնուհու հետ միասին: Տարածաշրջանը պայքարում է տապալելու ջիհադիստների խմբավորումներին, ներառյալ մի քանիսին՝ կապված Ալ Քաիդայի և Իսլամական պետության հետ, որոնք ակտիվ են ինչպես Մալիի, այնպես էլ Բուրկինա Ֆասոյի հետ ունեցած Նիգերի սահմանների երկայնքով, որը թափանցելի է:
Իտալիայի Արտաքին գործերի նախարարությունը կապի մեջ է քահանայի ընտանիքի հետ և աշխատում է այդ ուղղությամբ:
Հայր Մակկալլիի ընտանիքն ասաց, որ լավատես են և աղոթում են՝ իրենց սիրելիի անվնաս վերադարձի համար:
Միսիոներական ոգի
Բոմոանգայի ժողովրդապետությունը, որտեղ Հայր Մակկալլին ծառայում է, մեկուսացած և անուշադրության մատնված շրջան է՝ ճանապարհների, հաղորդակցման ուղիների և ենթակառուցվածքների բացակայության պատճառով:
Սա ենթակառուցվածքային աղքատությամբ տառապող մի շրջան է՝ լուրջ խնդիրներով, որոնք առաջանում են առողջապահական ծառայությունների, ջրի և կրթության բացակայությունից:
Կանանց թլպատման ընդդիմախոսը
Խորապես նվիրված լինելով ավետարանացմանը՝ մարդկային արժանապատվության հարգման սկզբունքի արմատացմամբ՝ Հայր Մակկալլին միշտ ուշադիր է եղել տեղական խնդիրների նկատմամբ՝ աջակցելով զարգացմանն ուղղված միկրո-վարկային ծրագրերին և պայքարելով որոշ ավանդական սովորույթների դեմ, ինչպիսին է կանանց անդամահատումը (infibulation) և թլպատումը: Տեղական աղբյուրների համաձայն, սա կարող էր նրա առևանգման դրդապատճառը լինել:
Աֆրիկյան Առաքելությունների Կազմակերպությունը
Աֆրիկյան Առաքելությունների Կազմակերպությունը, որի անդամ է հանդիսանում Հայր Մակկալլին, Կաթողիկէ միսիոներների միջազգային ընկերություն է, որի անդամները ծառայում են Աֆրիկայի ժողովրդին ամբողջ աշխարհում:
ԱԱԿ-ն հիմնադրվել է Լիոնում, 1856 թ.: Այս կազմակերպության մոտ հազար անդամները գալիս են Աֆրիկայից, Ամերիկայից, Ասիայից ու Եվրոպայից և աշխատում են մի շարք աֆրիկյան երկրներում, ինչպես նաև՝ Եվրոպայում, Հյուսիսային և Հարավային Ամերիկայում և Ասիայում:
Vatican News կայքից թարգմանեց Հրանուշ Սարգսյանը