Մխիթարյան ինքնությունը, նախ և առաջ, պահանջում է լինել կրոնավորներ, մարդիկ՝ ովքեր ամբողջությամբ նվիրված են Աստծուն
2018թ. սեպտեմբերի 16-ին, կիրակի՝ Վենետիկի Մխիթարյան միաբանության Սուրբ Ղազար մայրավանքի եկեղեցում տեղի ունեցավ միաբանության Մայր տան հիմնադրման 300-ամյակին նվիրված տոնախմբությունների փակման Սբ. Պատարագը, որին ներկա գտնվեց նաև Արևելյան Եկեղեցիների Ժողովի կառավարիչ Կարդինալ Լեոնարդո Սանդրին, ով Սուրբ Զոհի ավարտին ընթերցեց այս առիթով Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի Միաբանության Քահանայապետական պատվիրակին հղած շնորհավորական պատգամը:
Նորին Սրբությունը սրտանց շնորհավորելով միաբանության Վենետիկի Մայր տան հիմնադրման 300-ամյակը, գոհություն է մատուցում Տիրոջը` բոլոր այն շնորհապարգևների համար, որ դարերի ընթացքում առատորեն հեղել է միաբանության ու նրա անդամների վրա, ովքեր կրոնավորական կյանքն ապրեցին հավատարմությամբ, այն ապացուցեցին հերոսությամբ, մինչև իսկ՝ նահատակությամբ:
«Երանելի Մխիթարին, որին իմ նախորդը՝ Պիոս ԺԲ-ն, դասեց Արևելյան Եկեղեցիների կրոնավորական կյանքի մեծ բարեկարգողների շարքին, եղավ հայ ազգի կողմից հավատքի ըմբռնման կառուցողը՝ իրենից հետո թողնելով հոգևոր ու մշակութային անվերջ մի ժառանգություն, որը Մխիթարյան միաբանությունը կանչված է պահպանելու, խորացնելու ու տարածելու՝ ի նպաստ համայն հայ ժողովրդի», – գրել է Նորին Սրբությունն իր պատգամի մեջ՝ ընդգծելով Մխիթար Աբբահոր ու մխիթարյանների երկու արժեքավոր իրողությունները՝ հայկական աստվածաբանության մարդաբանության ավանդությունն ու համամիութենական ոգին:
Այնուհետև, Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոսը մատնանշել է միաբանության 300 տարվա պատմության ընթացքում դիմագրաված հին ու նոր դժվարություններն ու վստահեցրել, որ «Սուրբ Աթոռը միշտ հատուկ ուշադրություն է դարձրել Մխիթար Աբբահորը և նրա զավակներին, ու այսօր ևս մոտ է միաբանությանն ու պատրաստ նրան աջակցելու»:
«Այսօր Սուրբ Ղազարում և ամենուրեք յուրաքանչյուր կրոնավոր կանչված է բաց պահելու առաքելության հորիզոններն ու հարաբերությունների կապը, որովհետև Մխիթարյան ինքնությունը, նախ և առաջ, պահանջում է լինել կրոնավորներ, մարդիկ՝ ովքեր ամբողջությամբ նվիրված են Աստծուն», – գրել է Սրբազան Քահանայապետը՝ հրավիրելով ուշադրություն դարձնել այն բանին, որ «այդ կոչումը չի կարելի իրականացնել առանց եղբայրների հետ իսկական հաղորդակցության և առանց աղքատության, ողջախոհության ու հնազանդության ուխտերի ամբողջական և ուրախ ընկալումի, որոնք ակնաղբյուրն են Ավետարանական իսկական վերանորոգումի ու վստահ երաշխիքը այսօրվա դժվարությունների մեջ»:
Պատգամի վերջում Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոսը մաղթել է, որ միաբանության հիմնադիր Մխիթար Աբբահոր վառած լապտերը շարունակի լուսավորել հայ ազգի փշոտ ու ծաղկուն ճանապարհը՝ Քրիստոսի հավատքով ու այն հույսով, որ Նրա Խոսքը կպարգևի հավիտենական կյանք: Նորին Սրբությունն իր առաքելական օրհնությունները շնորհելով՝ խնդրել է, որ միաբանները հիշեն իրեն աղոթքներում:
Աղբյուրը՝ Vaticannews