• Հոգևոր առաջնորդն իր շնորհակալությունն է հայտնում Լանջիկի եկեղեցու բարերարներին

    «Ցանկացած հայ քրիստոնյա պարտավոր է մեր հոգևոր տանը նեցուկ կանգնել»:


     

    Շիրակի մարզի Լանջիկ գյուղի Ս Աստվածածին հայ կաթողիկե   եկեղեցում 2016 թ-ի հոկտեմբերի 15-ին մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ՝  ձեռամբ Լանջիկի ժողովրդապետ Տեր Նարեկ քահանա Թադևոսյանի:

     

    Չնայած Լանջիկում եկեղեցին ու հոգևոր  կյանքը մշտարթուն են, բայց այդ օրվա Սբ. Պատարագը քահանան բնութագրեց որպես առանձնահատուկ տոնական Պատարագ.

     

    ‹‹Մենք կարողացանք  Լանջիկի Ս. Աստվածածին եկեղեցում ևս մեկ բարեկարգման աշխատանք ավարտին հասցնել, այս առիթով մենք Պատարագ ենք մատուցում և դրանով մեր երախտիքի խոսքն ենք ուղղում պրն. Կարապետ Առաքելյանին, ով իրականացրեց եկեղեցու բակի բազալտապատման աշխատանքը: Նշենք, որ սա բարերարի միակ աշխատանքը չէ, ամեն տարի եղել է մի բարեկարգում՝ ի շինություն եկեղեցու››:

     

    Սբ. Պատարագին ներկա գտնվող բարերարը մեծ ոգևորությամբ և փոխադարձ երախտագիտությամբ լցված՝ ընդունեց Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկէների առաջնորդ Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանի օրհնության գիրը, որն ընթերցվեց և հանձնվեց բարերարին:

     

    ‹‹Մեր օրհնության գիրն ենք հղում Լանջիկ համայնքի բարեպաշտ զավակ Կարապետ Առաքելյանին: Գնահատանքի և շնորհակալության մեծ զգացումով առիթ ունենք հիշելու և արժևորելու տարիներ շարունակ Ձեր ցուցաբերած օժանդակությունն՝ ի սպաս Լանջիկ համայնքի Ս.Աստվածածին հայ կաթողիկէ  եկեղեցու  բարեկարգման աշխատանքներին: Ամեն եկեղեցի, տաճար թե մատուռ, բնակարանն է ամենազոր Բարձրյալի, օթևան հրեշտակների և մարդկանց քավության ու փրկության կոթող, և յուրաքանչյուր  եկեղեցի  գործադրումն է Աստծո կողմից շնորհված մարդկության փրկագործության սրբազան առաքելության: Այսպիսի մեծ ծառայության աջակցություն բերած ամեն անձի արժանի գնահատականն ի վերուստ Ամենակալից է տրվում, իսկ մենք մեր հերթին մեր աղոթքն ու օրհնությունն ենք բերում ձեզ՝ ավելացնելով սրան ջերմագին բարեմաղթանքներ:
    Իբրև Հայր և առաջնորդ հայ կաթողիկէ համայնքի՝ ընդունեք երախտիքը մեր հազարավոր զավակների, ովքեր այսօր և վաղը իրենց խնկաբույր աղոթքը կբարձրացնեն առ Աստված՝ հայցելով ողորմություն ի սեր շինողաց Ս Եկեղեցու: Մեր օրհնության խոսքը կնքում ենք շարականի սրբազան տողով.

    Եկայք ժողովուրդ՝ ի Տաճար Փառաց Քրիստոսի, տուք ամենեքեան փառք ի բարձունս››,-ասված էր Սրբազան հոր օրհնության գրում:

     

    ‹‹Ցանկացած հայ քրիստոնյա, եթե ինչ  որ հնարավորություն ունի, ոչ թե պետք է, այլ պարտավոր է մեր հոգևոր տանը նեցուկ կանգնել: Ես շատ փոքր բան եմ արել և անչափ շնորհակալ եմ այսպիսի գնահատանքի արժանանալու համար››,-ասաց Կարապետ Առաքելյանը:

     

    Հավելենք, որ 2015թ.օգոստոսին Շիրակի մարզի Լանջիկ համայնքի «Սբ. Աստվածածին» եկեղեցին խմելու ջրով ապահովելու համար անցկացվել էր  160 մետրանոց ջրագիծ: Նույն տարվա  ընթացքում   դարձյալ գյուղացիների ու բարերաների  ջանքերով խճապատվել  և աստֆալտապատվել էր  նույն եկեղեցու բակը:

     

    Աննման Մինասյան

Օրացույց

Օրացույց