• «Աւազակների քարայր է դարձել իմ այս տունը…ահաւասիկ ես տեսայ.ասում է Տէրը».Տօն Եկեղեցւոյ, ամենօրյա քարոզներ

    «Եւ յանկարծակի իր տաճարը կգայ Տէրը…», Մաղ., 3:1


    13 սեպտեմբերի, 2016թ.

     Այս շաբաթ Եկեղեցին, շարունակելով տոնել Սուրբ Խաչի տոնը, երկուշաբթի, ուրբաթ և շաբաթ տոնում է Խաչի տոնը, իսկ երեքշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ՝ Եկեղեցու տոնը: Այսօր Եկեղեցու տոն է:

     

    Խաչի խորհուրդը և Եկեղեցու խորհուրդը միմյանցից անբաժան են, որովհետև Տեր Հիսուս Քրիստոսի խաչելությամբ դրվեց հիմքը Եկեղեցու: Նրա կողից հոսած արյունն ու գինին եղան մշտաբուխ աղբյուրը՝ Սուրբ Հոգին, որը սնեց և սնում է Եկեղեցին (հմմտ.՝ Հովհ., 7:37-39): Քրիստոսի Սուրբ Զո՛հն է Եկեղեցու առանցքը՝ Տիրոջ Խորհրդավոր Մարմնի հիմքը, որին միանալով Սբ. Հաղորդությամբ՝ յուրաքանչյուրս նորոգում ենք մեր միությունը Տիրոջ հետ, ըստ այդմ՝ նաև Եկեղեցին:

     

    Եկեղեցու և Խաչի խորհրդավոր միության մասին այսօր խորհրդածում ենք՝ հիմք վերցնելով Հովհաննեսի ավետարանի 3:12-22 հատվածը, որտեղ պատմվում է այն դրվագը, երբ Հիսուս, Զատկի մոտ մի օր գալիս է Երուսաղեմ, տաճար և սկսում խարազանով դուրս քշել տաճարը պղծող առևտրականներին, լումայափոխներին՝ ասելով.«Իմ հոր տունը վաճառատան մի՛ վերածէք» (Հվհ., 3:16): Այս դրվագին են վերաբերում մարգարեական տողեր, օրինակ՝

     

    «Եւ յանկարծակի իր տաճարը կգայ Տէրը, որին փնտրում էք դուք եւ ուխտի պատգամաբերը, որին կամենում էք դուք», Մաղ., 3:1:

     

    «Իմ տունը բոլոր հեթանոսների համար աղօթքի տուն պիտի կոչուի». Ես., 56:7: Այս մասին ասում է նաև Հիսուս Մատթեոսի ավետարանի նույն դրվագում՝ Մտթ., 21:12-13:

     

    «Միթէ՞ ձեր աչքին աւազակների քարայր է դարձել իմ այս տունը, որի վրայ իմ անունն է դրուած: Ահաւասիկ ես տեսայ.ասում է Տէրը», Եր., 7:11:

     

    Հիսուս Իր Հորից Իրեն տրված իշխանությամբ մաքրում է իր Հոր տունը, Ի՛ր տունը, նախանձախնդրությամբ, «որը ուտում էր նրան», ինչպես գրում է Հովհաննեսը՝ հիշելով 68-րդ սաղմոսի տողերը: Հիսուս սպառվեց այդ նախանձախնդրությամբ, դա մի անզիջում սեր ու ինքնազոհություն էր: Հիսուս չէր կարող հանդուրժել իր Հոր Տան պղծումը և որն, ի վերջո, Իրեն խաչ բարձրացրեց: Տաճարի այս մաքրումը հրեաների համար ապաշխարության, մաքրագործման զորեղ մի կոչ էր, որ անում էր Տերն Ի՛նքը: Մովսեսը Սինա լեռից իջնելուց հետո ավերեց հրեաների սարքած կուռքը՝ ցուլը, որպեսզի նրանց հոգիներում տեղ ազատի Տիրոջ պատվիրանների համար, իսկ Հիսուս, քարեղեն տաճարը մաքրելով, ուզում էր մաքրել հրեաների հոգիները՝ Նոր Ուխտի համար, Նոր Տաճար կառուցելու համար, որ Իր Մարմինն էր, Երկնքի Արքայության սերմերը նրանց հոգիներում սերմանելու համար: Վաճառականությամբ, փողի շահույթով դյութված այդ խեղճ հոգիներում Հիսուս ուզում էր տեղ բացել աղոթքի համար, որպեսզի կարողանային հասկանալ իր Զատիկը, Զոհաբերությունը Խաչի վրա:

     

    Իր Զոհի մասին Հիսուս ակնարկեց՝ պատասխանելով իր իրավունքի մասին հրեաների հարցին.

     

    «Քանդեցէ՛ք այդ տաճարը եւ երեք օրուայ ընթացքում այն կը վերականգնեմ…բայց նա իր տաճարի մարմնի մասին էր խօսում». Հվհ., 3:19-21:

     

    Նույնացնելով քարե տաճարը Իր Մարմնի հետ՝ Հիսուս ուզում էր նրանց հասկացնել, որ իր մուտքով այդ տաճար՝ այլևս նոր իրականություն է սկսվում, որտեղ քարաշեն տաճարը ընդամենը նախատիպն է համընդգրկուն Նոր Տաճարի, որտեղ ընդգրկվում է ամբողջ տիեզերքը, որտեղ գալու է ամբողջ մարդկությունը, և բոլորն այդ Տաճարում պետք է լինեն մի և պետք է հիմնված լինեն մեկ անկյունաքարի վրա, որ Հիսուս Քրիստոս Ինքն է: Հիսուս, Իր Մարմնի քանդման ու վերականգնման մասին ակնկարկելով՝ տվեց մի նշան, որն, այդ ժամանակ հրեաներն ի վիճակի չէին հասկանալու, բայց աշակերտները հասկացան Նրա Հարությունից հետո: Այստեղ կա երկու մարգարեության իրականացում, որը հրեաները չընդունեցին՝ Հին Ուխտի մարգարեությունները՝ Տիրոջ տաճարը մաքրելու մասին և Հիսուսի մարգարեությունը՝ իր Խաչելության մասին:

     

    Նոր Տաճարի կամ Տիրոջ Տան մասին խոսում է նաև այսօրվա համար նախատեսված ընթերցումը Եբրայեցիներին ուղղված թղթից.

     

    «Նրա տունը մենք իսկ ենք, միայն թէ վստահութիւնը եւ յոյսի պարծանքը պահենք», Եբր., 3:6

     

    Մա՛յր Սուրբ, Մա՛յր Եկեղեցւոյ, բարեխոսի՛ր մեզ համար, որ կարողանանք մշտապես մեր Տան մեջ վառ պահել մեր հույսը և ուրախությունը, որ ոչ ոք չի կարող խլել մեզանից:

     

    Այս մասին տես նաև այս քարոզը:

     

    Տ. Հովսեփ քհն. Գալստյան

     

Օրացույց

Օրացույց