Սա հայ երիտասարդների ամենամեծաթիվ մասնակցությունն է համաշխարհային խոշորագույն հոգևոր միջոցառմանը:
17 հուլիսի, 2016թ.
Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանի օրհնությամբ, 2016թ. հուլիսի 17-ին հայ կաթողիկէ երիտասարդների 350 հոգանոց խմբի մի մասը Հայաստանից մեկնեց Թբիլիսի, իսկ այնտեղից՝ Վարշավա, որտեղից էլ կհասնեն Պլոցկ քաղաքը: Պլոցկում և այլ քաղաքներում ԵՀՕ-2016-ի մասնակիցների համար հուլիսի 20-25-ը կազմակերպվելու է «Թեմական օրեր» միջոցառումների շարքը: Հայ երիտասարդների մյուս խմբերը Լեհաստան կմեկնեն հուլիսի 20-21-ը: Նրանց ուղեկցում են հայկական խմբի ուխտագնացության կազմակերպիչները և Հայաստանում, Վրաստանում, Ռուսաստանում, Լիբանանում ծառայող հայ կաթողիկէ հոգևորականները: Հայ կաթողիկէ երիտասարդների խմբին, ինչպես գիտեք, միացել են նաև Հայաստանի լեհական համայնքի երիտասարդները և Հայ Ավետարանական Եկեղեցու խումբը: Սա 1996թ.-ից հետո Կաթողիկէ Եկեղեցու Երիտասարդաց համաշխարհային օրեր միջոցառումներին հայ երիտասարդների ամենամեծաթիվ մասնակցությունն է:
Կազմակերպիչները մեծ դժվարությամբ կարողացան հայթայթել նման մեծաթիվ ուխտագնացության համար անհրաժեշտ ահռելի գումարը, որը նրանց խնդրանքով նվիրեցին Կաթողիկէ Եկեղեցու տարբեր բարեսիրական հիմնադրամներ, մի զգալի մասն էլ հավաքեցին լեհ հոգևորականներն ու կամավորական երիտասարդները: Հայ երիտասարդները ևս ունեցան որոշակի ներդրում: Յուրաքանչյուր մասնակցի համար ապահովվում են ճանապարհածախսի և կեցության, սննդի հետ կապված բոլոր պայմաններն ու միջոցները: Պլոցկում նրանք հյուրընկալվելու են լեհ ընտանիքներում, ծանոթանալու են լեհական մշակույթին, հոգևոր արժեքներին, շփվելու են լեհ երիտասարդների հետ, ներկայացնելու են նաև հայկական մշակույթը: Հուլիսի 25-ին հայ ուխտավորները աշխարհի տարբեր անկյուններից ժամանած հազարավոր այլ տարեկիցների հետ միասին կմեկնեն Կրակով, որտեղ հուլիսի 26-29-ը տեղի կունենան բուն ԵՀՕ միջոցառումները: Կրակովում պայմաններն ավելի դժվար կլինեն, գիշերելու են դպրոցների, սպորտային համալիրների և այլ հաստատությունների դահլիճներում, քնապարկերով, սնվելու են սննդի ընդհանուր կետերում և այլն: Բայց դժվարությունները և որոշ զոհոությունները արժեն՝ ի նկատի ունենալով մեծ հոգևոր փորձառությունն ու միմյանց հետ շփվելու, Քահանայապետի հետ միասին աղոթելու բացառիկ հնարավորությունը, որը շատերի կյանքում եզակի իրադարձություն կլինի:
Այս տարի առաջին անգամ ԵՀՕ պատմության մեջ քրիստոնեական դասերը հայ երիտասարդների համար կլինեն հայերենով՝ հայ եպիսկոպոսների դասավանդմամբ:
Հուլիսի 20-29-ի ԵՀՕ-2016 միջոցառումներին հայ երիտասարդության մասնակցության մանրամասներին կայքի տեքստային տեղեկատվությամբ կծանոթացնենք առաջիկա օրերին, իսկ տեսանյութերով՝ Ձայն խաղաղություն TV խմբի վերադարձից հետո:
Ստորև կարող եք ծանոթանալ Պլոցկի և Կրակովի ծրագրերին:
Թեմական օրերը Պլոցկում
Օր 1՝ 20 հուլիսի, 2016թ., «Հանդիպում ջրհորի մոտ».մասնակիցների տեղավորում և բացման արարողություն
տեղավորում հյուրընկալող ընտանիքներում՝ մինչև 17:00,
բացման արարողությունները հյուրընկալող ընտանիքներում՝ 19:00 (ջերմեռանդություն, բանալիների հանձնումը քաղաքներին):
Օր 2՝ 21 հուլիսի, 2016թ., «Արմատները փնտրելիս»՝ մշակույթի և պատմության օր
նախաճաշ՝ հյուրընկալող ընտանիքում,
այց տարածքի տեսարժան վայրեր
ճաշ՝ 15:00-17:00
երեկոյան աղոթք՝ 18:00
երեկոյան ծրագրեր՝ մասնակիցների տեղակայման տարբեր վայրերում,
վերադարձ հյուընկալող տներ և ընթրիք՝ մինչև 22:00
Oր 3՝ 22 հուլիսի, 2016թ., «Խմելու ջուր տու՛ր», Ողորմության օրը
նախաճաշ՝ հյուրընկալող ընտանիքում,
այց տարածքի սրբավայրեր՝ մինչև 13:00
ճաշ՝ 13:00-14:00
ողորմության գործեր, ծառայություն հիվանդներին, տառապյալներին, կարիքավորներին
երեկոյան աղոթք՝ 18:00
երեկոյան ծրագրեր՝ մասնակիցների տեղակայման տարբեր վայրերում,
վերադարձ հյուընկալող տներ և ընթրիք՝ մինչև 22:00
Օր 4՝ 23 հուլիսի, 2016թ., «Ջրհորի առատաբուխ ջրերը», վկայության և հաղորդության օրը
նախաճաշ՝ հյուրընկալող ընտանիքում,
ժամանում Պլոցկ՝ մինչև 10:00
Սբ. Պատարագ՝ 11:00
ճաշ՝ 13:00
երիտասարդական միջոցառումներ, սպորտային, մշակութային միջոցառումներ
ճաշ՝ 18:00
երեկոյան աղոթք
վերադարձ հյուընկալող տներ՝ մինչև 01:00
Օր 5՝ 24 հուլիսի, 2016թ., «Կինը թողեց սափորը և գնաց քաղաք», ընտանիքի և հանգտսի օր
նախաճաշ, կիրակնօրյա Սբ. Պատարագ, ճաշ ընտանիքներում՝ մինչև 15:00
միջոցառումներ՝ մասնակիցների տեղակայման տարբեր վայրերում, հրավիրելով հյուրեր, հյուրընկալող ընտանիքներին,
վերադարձ հյուընկալող տներ և ընթրիք՝ մինչև 22:00
Օր 6՝ 25 հուլիսի, 2016թ., «Այլևս չես լինի սոված կամ ծարավ», օրվա առաքելություն և մեկնում
նախաճաշ՝ հյուրընկալող ընտանիքում,
մեկնում դեպի Կրակով:
ԵՀՕ օրերը Կրակովում
26 հուլիսի, 2016թ.
բացման արարողությունը և Սբ. Պատարագը
27 հուլիսի, 2016թ.
Կրոնի դասեր, զանազան միջոցառումներ
28 հուլիսի, 2016թ.
Հանդիպում Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի հետ, Կրոնի դասեր
29 հուլիսի, 2016թ.
Ճանապարհ Խաչի, Կրոնի դասեր
30 հուլիսի, 2016թ.
Աղոթք՝ Սրբազան Քահանայապետի հետ միասին
31 հուլիսի, 2016թ.
Հրաժեշտի Սբ. Պատարագը