(հատուած)
(PDF)
1. Հայ Կաթողիկէների ծագումը Հայաստանում
Երկար է Կաթողիկէ Հայոց պատմութիւնը՝ Հայաստանում. Անտարակոյս, նրանց արմատները տանեն մեզ մինչեւ հին դարեր, առընչուելով՝ Քաղկեդոնի աւանդութեան եւ նրա շուրջ տեղի ունեցած քրիստոսաբանական բարդ ու երկարատեւ հարցերի հետ: Ներկայ Հայ Կաթողիկէ Համայնքները կապուած են, յատկապէս, անցեալ դարի առաջին քառորդի ժամանակ կատարուած գաղթերին, Կարին-Էրզրումից, Ալաշկերտից, Մուշից, եւն…, երբ հայութեան որոշ մի զանգուած, առաքելական ու կաթողիկէ համայնքներից, թողնելով Արեւմտեան Հայաստանի վատ պայմանները, անցել են Ռուսական պաշտպանութեան տակ, հիմնելով մի քանի տասնեակ գիւղեր՝ Շիրակի, Արթիկի, Անիի, Ախուրեանի, Ղուկասեան-Աշոցքի, Տաշիրքի եւ Լոռիի նախկին շրջանների մէջ, ինչպէս նաեւ Ջաւախքի կողմերը (ներկայիս՝ Վրաստանի, Նինոցմինդա-Բագդանովկա, Ախալքալակ եւ Ախլցխա շրջաններում): Գաղթերը տեղի են ունեցել Ադրիանուպոլսոյ ռուս-թուրքական դաշինքից յետոյ (1829): Նորեկները կառուցել են եկեղեցիներ, դպրոցներ, ու նաեւ հիւանդանոց, ունեցել են սեփական ժողովրդապետ քահանաներ ու վարդապետներ, տուել են Հայ Կաթողիկէ Նուիրապետութեանը թեմական անդամներ, Վենետիկի ու Վիեննայի Մխիթարեան վանքերին անուանի միաբաններ, Զմմառու Ուխտին անդամակցող վանականներ: Հայ Կաթողիկէ այդ գիւղերի ու գաւառների համար, 19րդ դարի կէսերից, Հռոմի Ս. Աթոռը ստեղծել է եկեղեցական կազմակերպութիւն: Իսկ 1909 թուին, Առաքելական Կառավարիչ նշանակել, ամբողջ Կովկասի համար, Գրպծ. Տէր Սարգիս Վրդ. Տէր-Աբրահամեանին, Ալեքսանդրապոլցի (ծն. 1868թ., վիճ. Հռոմ, 1952), որ մինչեւ Սովետական կարգերի յայտնութիւնը պաշտօնավարել է անխափան, իր Աթոռն ունենալով Թիֆլիսում:
2. Նախա-Սովետական Շրջանի Վիճակագրական տուեալներ
Մեր ձեռքի տակ ունենք 1916 թուականի, Թիֆլիս տպագրուած պաշտօնական «Օրացոյց եւ Պատկեր տօնից»ը, ի կիրառութիւն եկեղեցեաց Կաթողոիկեայ Հայոց եղելոց ի պետութեան Ռուսիոյ, որ լոյս է տեսել վերոյիշեալ Առաքելական Կառավարիչի արտօնութեամբ. այնտեղ՝ ընդարձակօրէն տրւում է Ռուսաստանի Կայսրութեան մէջ ապրող ու գործող Կաթողիկէ համայն Նուիրապետական կազմի պատկերը (անուններ, տիտղոսներ, քաղաքներ, գիւղեր, եկեղեցիներ, վիճակագրական բազում տուեալներ, բնակչութեան թիւեր, եւն…): Նոյնը վերատպուել է 1918 եւ 1920 թուականներին:
Յիշեալ օրացոյցը հաշւում է, Թիֆլիս քաղաքից ու շրջակայքից բացի, 7 մեծ Աւագութիւններ, 86 ժողովրդապետութիւններով, ըստ հետեւեալ կարգի.
1. Ալեքսանդրապոլ (Շիրակ)՝ 16 ժողովրդապետութիւններով,
2. Լոռի՝ 6 ժողովրդապետութիւններով,
3. Ախալքալակ՝ 12 ժողովրդապետութիւններով,
4. Ախալցխա՝ 17 ժողովրդապետութիւններով,
5. Արդուին՝ 17 ժողովրդապետութիւններով,
6. Կարին՝ 12 ժողովրդապետութիւններով,
7. Սիմֆերոպոլ (Ղրիմ)՝ 6 ժողովրդապետութիւններով։
Ընդամէնը՝ 172 գիւղերի համար, 71 Հայ Կաթողիկէ եկեղեցականներ (63 քահանայ եւ 8 վարդապետ. վերջիններից 5-ը՝ Մխիթարեան Հայրեր են: Համագումար ժողովուրդին՝ 61240 հոգի, թիւ՝ որ այժմ աւելի քան եռապատկուել է, դուրս թողնելով անշուշտ՝ Արդուինը, Կարինը եւ Ղրիմը: Ըստ մեր կողմից խղճմտօրէն ճշտուած նոր հաշիւների, կարող ենք յայտարարել որ այժմ կան շուրջ 20 Հայ Կաթողիկէ գիւղեր Վրաստանում, 30-ի չափ էլ Հայաստանում, նաեւ քաղաքներ. ընդամէնը շուրջ 200.000 հայ կաթողիկէ հաւատացեալներով: Երեւանի Դիւաններում պահւում է մի փաստաթուղթ, ըստ որում դեռ 1923 թուականին խմբագրուել է յատուկ Կանոնադրութիւն՝ Երեւանի եւ շրջակայքի հայ կաթողիկէ Եկեղեցու համար, որ – ինչպէս ասւում է – իւր գոյութիւնն ունեցել է Հայաստանում 250 տարիներից ի վեր, եւ թէ նրա անդամները եկած հաստատուած են Երեւանում իբրեւ գաղթականներ՝ Վանի, Ալաշկերտի, Կարսի եւ այլ շրջաններից, ովքեր բոլոր ենթարկւում են Տփխիսի Առաքելական (=Պապական) Կառավարչին, որ կը տեսնէ ԽՍՀ Միութեան մէջ ապրող հայ կաթողիկէների գործերը (թուական, դիւանական համարներ, ստորագրութիւն, եւն…) 1916 թուականի օրացոյցի թուարկած ամբողջ տարածքներում, ունեցել ենք 70-ից աւելի գեղակառոյց եկեղեցիներ, մեծ մասամբ քարաշէն, նուիրուած Քրիստոս Փրկչին, Սուրբ Խաչին, Սուրբ Աստուածամօրը եւ ուրիշ սրբերի, եւ մի քանի մատուռներ։ Վերոյիշեալ հոգեւորականներից 40-ի չափ զոհուել են Ստալինեան վարչաձեւի հալածանքներից (1936-1939), բազմաթիւ եկեղեցիներ ու մատուռներ քանդուել կամ կիսափուլ են մնացել, օգտագործուած լինելով այլ անարգ նպատակների համար: Յարգա՜նք Ս. Աւետարանի եւ քրիստոնէական կրօնի համար նահատակուած մեր հոգեւորականներին, որոնցից շատեր Եւրոպայի բարձրագոյն ուսումնարաններ աւարտող գիտնականներ էին, ու նրանց սգաւոր ազգականներն այսօր իսկ խորին երկիւղածութեամբ օրհնում են յիշատակն արդարների:
3. Վերանորոգման Նաւակատիք
1991 թուականին Սովետական կարգերի փլուզումի պահին, Հռոմի Սրբազան Պապը՝ Ն. Ս. Յովհաննէս-Պօղոս Բ. իսկոյն վերահաստատեց 70 տարիներից ի վեր բռնաբարուած Նուիրապետութիւնները, եւ 1991թ. Հոկտեմբերի 2-ին հաստատեց մասնաւոր Առաջնորդական-Թեմ՝ Հայստանի, Վրաստանի, եւ Արեւելեան Եւրոպայի (այսինքն՝ Ուկրայինայի եւ Ռուսիոյ) Կաթողիկէ Հայոց համար, նրանց Առաջնորդ նշանալելով Վենետիկի Մխիթարեան՝ Հ. Ներսէս Վրդ. Տէր-Ներսէսեանին, ձեռնադրելով նրան Եպիսկոպոս (17.11.1992), Սեբաստիոյ Հայոց Արքեպիսկոպոսական Աթոռի տիտղոսով, Վատիկանի Ս. Պետրոսի Քահանայապետական Տաճարի մէջ, հայկական ծէսով, մասնակցութեամբ Հայ Կաթողիկէ Եկեղեցու Կաթողիկոս-Պատրիարքի եւ բոլոր եպիսկոպոսների։ Միաժամանակ կատարուեց Նաւակատիքը Աշոցքի «Նարեկի Տիրամայր» հիւանդանոցի (06.10.1991), որպէս նուէր հայ ժողովուրդին՝ Հռոմի Սրբզ. Պապի կողմից, թեթեւացնելու համար 1988 թուականի դեկտեմբերի 7-ի ահեղ երկրաշարժից ստեղծուած աղէտը: 1992թ.-ից Հայ Կաթողիկէ Համայնքը պաշտօնապէս գրանցուած է Հայաստանում (Յուլիսի 14), սեփական կանոնադրութեամբ, հիմնուելով ՀՀ Քաղաքացիական Օրենսգրքի եւ խղճի ազատութեան սկզբունքների հիման վրայ: Գիւմրիում, 1993 թուականի սեպտեմբերից, հաստատուած է Առաջնորդարանը (Աթարբեկեան փողոց, 82): Մի երկրորդ գրանցում ստորագրուել է 2000 թուականի Մայիսի 30-ին, օրէնքի իրաւական ճշտումներով եւ Կանոնադրութեան վերամշակումով, յանուն Հայաստանի Հայ Կաթողիկէ Եկեղեցու: Գրանցումը վավերացուել է ՀՀ Կառավարութեանն առընթեր Կրօնի Գործերի Պետ. Խորհրդի Նախագահութիւնից: Փանիկի, Արեւիկի, Լանջիկի, Ազատանի, Ձիթհանքովի եւ Աշոցքի Մեծ-Սեպասար գիւղերի եկեղեցիները, բոլորն էլ այժմ Շիրակի մարզում, արդէն իսկ վերաշինուած, մեծ ծախսերով, օրինապէս գործող են դարձել: Այդ տեղերում ամէն կիրակի Սուրբ Պատարագ է մատուցւում եւ այլ կրօնական արարողութիւններ են կատարւում (մկրտութիւն, պսակ, թաղում, տնօրհնէք, ջրօրհնէք, եւն)։ Պսակների եւ մկրտութեանց համար ունենք կանոնաւոր Տոմարներ: Բայց տակաւին բազում եկեղեցիներ, մանաւանդ Աշոցքում ու Տաշիրում, սպասում են հիմնական նորոգութեան. քիչ չեն նաեւ գիւղերը (կամ քաղաքները), որոնց եկեղեցիները կառուցուելու են հիմնովին:
4. Առաջնորդական նոր թեմը եւ իր աշխատակիցները
Սրբազան Առաջնորդի կողքին, Հովուական աշխատանքի են նուիրուած 3 վարդապետներ՝ Հայաստանի մէջ, 4 վարդապետ էլ՝ Վրաստանի մէջ, Ջաւախքի շրջաններում (սա՝ 2001թ. դրությամբ): Նմանապէս՝ 25 Կուսակրօն Քոյրեր (Մայրապետներ), հոգեւոր հովիւների կողքին՝ Շիրակի, Տաշիրի եւ Վրաստանի մէջ (Հեշտիա, Տուրցխ, Սուխլիս եւ Ծղալթբիլա), զբաղւում են կաթողիկէ հայ ընտանիքների զաւակների քրիստոնէական դաստիարակութեամբ, ամառնային-ճամբարների կազմակերպութեամբ, որբերի խնամակալութեամբ ու ձեռնարուեստի աշխատանքային կենտրոնների ստեղծումով: Յիսուսի փոքրիկ երկու քոյրեր, Շարլ դը Ֆուկոյի Եղբայրութիւնից, Աշոցքի Հիւանդանոցում օրինակ են քրիստոնէական անձնուէր աշատանքի, հիւանդների եւ կարիքաւորների օգնութեան գործում: Մայր Թերեզայի դուստր Կուսանները, Հայաստանում աշխատում են 1989 թուականից, սկիզբները՝ Երեւանում, այժմ՝ Սպիտակում, ի նպաստ հաշմանդամ երեխաների, աւետարանական օրինակելի աղքատութեամբ: Լուրջ մտահոգութեան առարկայ է նաեւ Հայ Կաթողիկէ Համայնքի համար ապագայ հոգեւորականներ պատրաստելու հարցը: Այդ նպատակով բացուել է սեփական Դպրեվանք-Ընծայարան, Գիւմրիում, ուր սովորում են 10 կաթողիկէ տղաներ: Ուրիշներ, աւելի մեծահասակ, հետեւում են փիլիսոփայութեան եւ աստուածաբանութեան դասընթացքների, Հռոմում, բնակութիւն հաստատած՝ Քահանայապետական Լեւոնեան Հայ Դպրեվանքի շէնքում:
5. Միջ-Եկեղեցական (Էկումենիկ) յարաբերութիւններ
Երջանկայիշատակ Վազգէն Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրերից ի վեր, մեր Հայ Կաթողիկէ Համայնքի յարաբերութիւնները Հայ Առաքելական Եկեղեցու Պետերի հետ՝ մտերիմ ու յարգալիր նկարագիր են ունեցել: 1992 թուականի Յունուարին, Հայ Կաթողիկէ Համայնքի նորընտիր Առաջնորդը վայելել է Ն. Ս. Օ. Վազգէն Ա. Վեհափառ Հայրապետի սիրալիր ասպնջականութիւնը, Ս. Էջմիածնի մէջ, շուրջ 40 օր: Յիշել արժան է, որ 1930ական թուականներին, Հայր Ներսէս Արքեպիսկոպսը աշակերտել է, Բուխարեստում, ապագայ Վազգէն Ա. Կաթողիկոսին։ Պարտք ենք համարում յիշել, որ Վեհափառ Վազգէն Ա. Կաթողիկոսը, նորանկախ Հայաստանում կրօնի եւ խղճի ազատութեան հարցերի քննարկման ժամանակ (1991), Գերագոյն խորհրդի դահլիճի մէջ արտասանած պաշտօնական ճառի ընթացքում՝ յիշատակել է, որ Հայաստանեայց Առաքելական Եկեղեցու կողքին, Հայաստանում վաղուց գոյութիւն է ունեցել՝ որպէս գործօն ու սեփական աղօթատեղիներով օժտեալ կրօնական համայնք՝ նաեւ Հայ Կաթողիկէ Եկեղեցին։ Նման յայտարարութիւն կատարել է նաեւ Ն. Ս. Օծ. Գարեգին Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Գիւմրիի Եօթ-Վէրք Մայր Եկեղեցում, իր հայրապետական հովուական անդրանիկ այցելութեան առիթով (1995). մեր համայնքի ներկայացուցիչների առաջ։ Հայ Կաթողիկէ հոգեւորականները Հայաստանում եւ Վրաստանում նուիրուած են քրիստոնէական քարոզութեան, սուրբ հաւատքի ամրապնդման, Աւետարանի տարածման, եկեղեցական խորհուրդների մատակարարման եւ հայեցի դաստիարակութեան նուիրական գործին, մեր հայ կաթողիկէ համայնքների մէջ, առանց երբեք հետապնդելու մարդորսական այլ նպատակներ, հարազատօրէն եղբայրական «էկումենիկ» ոգիով:
6. Հին հաւատքը վերարծարծւում է – Հանդիսաւոր Տօնակատարութիւններ
Հաւատքը տակաւին կենդանի է մեր հայ կաթողիկէ ժողովրդի սրտում: Ծերունիներն յաճախ արցունքով պատմում են մեզ անցեալի տխրահռչակ եւ ահարկու յիշատակները եւ անաստուած վարչաձեւի դառն իրադարձութիւնները. նրանք գոհութիւն են մատուցում Աստծուն, որ բացուել են եկեղեցիները եւ իրենց թոռները կարող են այժմ լսել ու սովորել, մեր դիւցազնային պատմութեան հերոսների արարքների հետ, նաեւ մեր կրօնի սրբազան աւանդոյթները եւ Սուրբ Աւետարանի ձայնը:
1996թ. Սեպտեմբերին, կրօնական մեծաշուք հանդէսներով տօնեցինք, Վրաստանում եւ Հայաստանում, – ի՜նչ հրաշք – Ն. Վ. Տ. մեծահռչակ եկեղեցական Գրիգոր-Պետրոս ԺԵ. Աղաջանեան Կարդինալի ծննդեան 100ամեակը, իր ծննդավայր Ախլցխայում եւ մերձակայ Սուխլիս հայաբնակ կաթողիկէ գիւղում. իսկ Գիւմրիում, ակադեմական բարձրորակ հանդէսով ոգեկոչուեց նրա յիշատակը, ժողովրդի խանդավառ մասնակցությամբ, Վ. Աճեմեանի անուան պետական թատերասրահի մէջ: Իրական մի հրաշք: Առաջին անգամն էր, որ հրապարակի վրայ յարգանք էր մատուցւում Աղաջանեան Կարդինալին, որի անունը ծանրապէս նախատուել էր ու նոյնիսկ անիծուել՝ անաստուած վարչաձեւի օրերին, լրագրերում, ամսաթերթերում եւ հանրագիտարաններում: 1997թ. նոյն սրահում բացառիկ հանդիսաւորութեամբ տօնուեց Հայ Կաթողիկէ Համայնքի Առաջնորդ Գրշն. Հ. Ներսես Արքպս. Տեր-Ներսէսեանի քահանայական հոգեւոր գործունէութեան եւ գրական-բանասիրական վաստակի 50ամեայ Յոբելեանը, որի առիթով իրենց շնորհաւորանքի օրհնութեան գիրն էին ուղղարկել Հռոմի Սրբազան Պապը եւ Գարեգին Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Շնորհաւորանքի ջերմ խօսքերով հանդէս եկաւ Երեւանի Մաշտոցի անուան Մատենադարանի Տնօրէն՝ Պր. Սեն Արեւշատեանը, որոնց բուռն ծափերով արձագանգեցին հանդիսականները։
2000թ. Նոյեմբերի 16-ին, տօնուեց մտերմական շրջանակի մէջ, Թեմական Արքեպիսկոպոսի կենաց 80-ամեայ տարեդարձը, որի առիթով շնորհավորանքի գիր էր ուղարկել Ն. Ս. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը, մեծապէս գնահատելով՝ Ս. Էջնիածնից՝ Հայաստանի Հայ Կաթողիկէ Եկեղեցու Առաջնորդի մշակութային երկարամեայ վաստակը, գրական ու եկեղեցային գործունէութիւնը:
7. Երրորդ Հազարամեակի Արշալոյսը
Ու նոր հազարամեակի հետ բացւում են նոր ու լուսաւոր հորիզոններ, յոյսով առլցուն, Հայաստանի տարածքում եւ Սփիւռքում: Ցնծութեամբ տօնւում է Հայոց պետականօրէն քրիստոնէացման 1700-ամեակը. համազգային մկրտութիւն, որը տեղի է ունեցել Հայաստանեայց Եկեղեցու առաջին Կաթողիկոս՝ Սուրբ Գրիգոր Լուսաւորչի ձեռքով. ընդհանրական Եկեղեցու պատմութեան մէջ անդրանիկ իրադարձութիւն. 301 թուականին Քրիստոսի: Հայաստանի մեծ Յոբելեանն է, որը սփռում է երկնային շնորհներ, Սուրբ – Գրային Արարատ լերան ստորոտից, ուրախութեամբ լցնելով ու միաւորելով աշխարհում սփռուած բոլոր Հայերի ոգիները: Վատիկանից, Սրբազան Պապը Հայաստան է ուղարկում Ս. Գրիգոր Լուսաւորչի պատուական մասունքները, 500 տարիներից ի վեր նախանձախնդրութեամբ պահուած՝ Իտալիոյ Նապոլի քաղաքում: Եւ Խոր-Վիրապից ծագում է Սուրբ Գրիգոր Հայրապետի Լոյսը, ի Հայաստան եւ ի Սփիւռս: Հոգեւոր գարունն է Հայաստանի նորանկախ Պետութեան: Հռոմի Սրբազան Պապի մօտալուտ այցելութեան աւետիսն արդէն հնչում է Հայոց ողջ աշխարհում, խանդավառ ակնկալութիւններով: Հնչում են բիւրաւոր զանգեր յաղթական. «Եկա՛յք, շինեսցուք սուրբ զխորանն լուսոյ, քանզի ի սմա ծագեաց մեզ լոյս՝ ի Հայաստան աշխարհի»: Նոր Հազարամեակ, Նոր Դար, Նոր Լոյս, Նոր Կեանք, Նոր Շնորհներ, Նոր Բարիքներ եւ օրհնութիւն աստուածային:
8. Յոբելեանից-Յոբելեան
Սրբազան Պապի այցը Հայաստան
Յոբելեան 2000 թուականի Սուրբ Տարուայ տօնակատարութիւններից յետոյ, Հայաստանում իսկոյն սկիզբ առին երկրորդ Մեծ Յոբելեանի հանդիսութիւնները, 1700-ամեակ քրիստոնէութեան որպէս Պետական Կրօնի հռչակման (301-2001), կրօնական ու քաղաքական բազմաթիւ ելոյթներով, ամբողջ տարում։ Բայց մեծագոյն հանդիսութիւնները վերապահուած էին Սեպտեմբեր ամսուն, կարծէք` համընկնելով ի պատրաստութիւն Ն.Ս. Յովհաննէս Պօղոս Բ. Հռոմի Սրբզ. Պապի Հայաստան կատարելիք հովուական այցելութեան. իրադարձութիւն` որը ոսկէ տառերով պէտք է քանդակել հայ ժողովուրդի պատմութեան մատեանում։ Հոգեւոր հրճուանքի օրեր էին դրանք, եւ երկնային առատազեղ շնորհների հեղման` բոլոր երկրում, եւ յատկապէս` Հայաստանի ու Վրաստանի հայ կաթողիկէների սրտերում։ Բացման ակադեմական հանդիսաւոր արարողութեամբ սկսեցին պաշտօնական տօնակատարութիւնները մայրաքաղաքում (21.09.2001).կատարուեց Ս. Միւռոնի օրհնութիւն Էջմիածնի նորակառոյց բաց-խորանի վրայ, նաւակատիք եւ օծում Երեւանի Ս. Գրիգոր Լուսաւորիչ նորաշէն Մայր Եկեղեցու. այս արարողութիւններին մասնակցեցին Քոյր Եկեղեցիների բազում Պատրիարքներ, որոնց մէջ նաեւ Հայ Կաթողիկէ Եկեղեցու Կաթողիկոս-Պատրիարքը, մի քանի Արքեպիսկոպոսների ընկերակցութեամբ։ Եւ ահա՛ երկրորդ Յոբելեանի տօնական արարողութիւնների փառքը։ Հայաստանի Հանրապետութեան Նախագահի եւ Ն.Ս. Օծ. Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաւէրով` Հայաստան է գալիս Հռոմի Սրբզ. Պապը, որ ժամանելու պահից, Երեւանի «Զուարթնոց» օդանաւակայանում (25.09.2001), քաղաքական ու եկեղեցական գերագոյն իշխանութիւնների կողմից հիւրընկալուած, առարկայ դարձաւ բացառիկ պատիւների եւ յատուկ ուշադրութեան, մինչեւ մեկնումի յուզիչ երեկոն (27.09.2001)։ Գալով Ղազախիստանից, ինքնաթիռից իջնելիս, իր շքախումբի հետ, Սրբզ. Պապը նախ եւ առաջ համբուրեց Հայաստանի սուրբ հողը, ի նշան խորին յարգանքի` հաւատքի մեր բազմա-հազար նահատակներին։ Ողջոյնի խօսքերի փոխանակումից յետոյ, մի երկար թափօրի շարասիւն շարժուեց, կէսօրուայ ջերմ արեւի տակ, դէպի Ս. Էջմիածին, ուր` Մայր Տաճարում եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Վեհարանում կատարուեցին եղբայրական ու սրտակցական փոխադարձ ելոյթներ, աղօթքներով, շարականներով եւ ուղերձներով, ուրախ եւ բարեհաճ մթնոլորտի մէջ, ի ներկայութեան բազում Կարդինալների, Եպիսկոպոսների եւ այլ լատին, առաքելական ու հայ կաթողիկէ հոգեւորականների։ Փոխանակուեցին հաճելի նուէրներ (25.09.2001)։ Բացառիկօրէն մտերմական բնոյթ ունէր Սրբզ. Պապի այցը Հանրապետութեան Նախագահին. յուզիչ` Ծիծեռնակաբերդի Յուշահամալիրի մէջ կատարուած աղօթքի ներամփոփ պահը, 1915-1922 թուականի ցեղասպանութեան զոհերի ի յիշատակ, որոնց ի պատիւ Սրբզ. Պապը օրհնեց մի նորատունկ ծառ։ Պաշտօնական մի ճաշկերոյթ, Ս. Էջմիածնի Վեհարանում, փակեց Պապական այցի երկրորդ օրուայ առաջին մասը։ Երեկոյեան, աղօթքի էկումենիկ արարողութիւն կատարուեց Երեւանի նորակառոյց Մայր Եկեղեցում, որը աւարտուեց Ս. Գրիգոր Լուսաւորչի մասունքների պաշտամունքով. մասնակցեցին բազմահազար հաւատացեալներ, մայրաքաղաքում ապրող հայ կաթողիկէ խմբակներ, ինչպէս նաեւ Հայ Քոյրերը, իրենց աշակերտուհիներով, որոնց խմբերգը հնչեցնում էր բակում «Դու ես վէմ» հռչակաւոր օրհներգը (26.09.2001)։ Այցելութեան վերջին օրը (27.09.2001), տօների հրաշափառ եզրափակումն էր, Պապական հանդիսաւոր պատարագով, ըստ Լատին ծէսի, Ս. Էջմիածնի նորակառոյց բաց-խորանի առաջ։ Սրբզ. Պապի կողքին համապատարագում էր Հայաստանի Հայ Կաթողիկէ Եկեղեցու Առաջնորդ Գրշն. Հ. Ներսէս Արքպս. Տէր-Ներսէսեանը, իր շուրջն ունենալով բազմաթիւ հայ կաթողիկէ վարդապետներ, սարկաւագներ ու դպիրներ, ասեղնագործ շքեղ շուրջառներ ու դպրաշապիկներ հագած, որոնք մեծ հանդիսաւորութեամբ ծիսակատարումն ոգեւորում էին, սփռելով խունկի բոյրն անուշ, քշոցների եւ բուրվառի հանդարտ նազանքով։ Երեւանի ակադեմական երգչախումբը, հայկական պատարագի ներդաշնակ մեղեդիներով յաճախ միջամտում էր, արարողութեան համապատասխան պահերին։ Ն.Ս. Օծ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը, որ ներկայ էր` մի քանի եպիսկոպոսներով բացեց արարողութիւնը, ողջոյնի ջերմ ու սրտայոյզ խօսքերով, ի պատիւ պատարագիչ Սրբազան Պապի։ Ապա Գրշն. Հ. Ներսէս Արքպս. Տէր-Ներսէսեան, երկարաշունչ ուղերձով ոգեկոչեց դարաւոր կապերը ընդ մէջ Հռոմի Ս. Աթոռի եւ Հայ Կաթողիկոսների։ Յուզմունքով, երախտագէտ զգացումներով շնորհակալութիւն յայտնեց Սրբզ. Պապին` այն մեծ նուէրների համար, որոնք պարգեւել էր Հայաստանին (հիմնարկում Աշոցքի «Տիրամայր Նարեկի» հիւանդանոցի, ստեղծում Առաջնորդական Թեմի), եւ այն քաջալերական ու մխիթարիչ վերաբերմունքի համար, որը ցոյց էր տուել վերջին տասնամեակում։ Սրբզ. Պապի քարոզը, հայերէն ընթերցումով, յուզեց բոլոր ներկաներին։ Նրա հայրական յորդորը, վերանորոգ ոգով ապրելու քրիստոնէական կեանքը, խորացած հաւատով, եղբայրական սիրով ու էկումենիկ զգացումներով արծարծուն, խանդավառեց բոլորի սրտերը։ Հայ հին եւ նոր մարտիրոսների ոգեկոչումով, Իր կողմից վերջին ժամանակներում Հայաստան ուղարկուած վեհանձն ու քաջարի անձնաւորութիւնների յիշատակութեամբ լուսաւորուեցին Սրբզ. Պապի խօսքերը, որոնց աւելացրեց իր առաքելական օրհնութիւնը` հաւատացեալնեերի երկար ծափահարութիւնների մէջ։ 8.000 Կաթողիկէ Հայեր, Հայաստանի եւ Վրաստանի 37 բնակավայրերից, նոյնիսկ շատ հեռաւոր գիւղերից ու քաղաքներից գիշերն ամբողջ ճանապարհորդելով, արշալոյսին ոտք էին դրել Ս. Էջմիածնի սրբաշէն հրապարակում, որ բոլոր Հայրերի կրօնական Կենտրոնն է, բարեպաշտօրէն մասնակցելու համար անկրկնելի արարողութեանը։ Հարիւրաւոր դրօշներ ու պաստառներ ծածանում էին յողջոյն Սրբզ. Պապին, հոգեւոր անպատմելի հրճուանքով։ 20 Հայ կաթողիկէ վարդապետներ Ս. Հաղորդութիւն էին բաշխում, հացի եւ գինու տեսակներով, բազմահազար ուխտաւորներին։ Պատարագից յետոյ, մի հաճելի այցելութիւն ի Քանաքեռ (15 րոպէ հեռու` Երեւանի կենտրոնից), նոր լոյսով ողողեց Հայ Կաթողիկէ Կենտրոնի Վանատունը։ Ժամը 13.30ին, Սրբզ. Պապի շքախուբը կանգ առաւ դրօշազարդ դարպասի առաջ, հաւաքուած հաւատացեալների խանդավառ ծափահարութիւնների մէջ։ Երկու երեխաներ, հայկական տարազներով, Կենտրոնի մուտքին, աւանդական աղն ու հացը նուիրեցին Սրբզ. Հիւրին, որ ճաշակեց, օրհնելով փոքրիկներին։ Մատրան մէջ, աղօթքի լուռ պահից յետոյ. Սրբզ. Պապը Գրշն. Առաջնորդին նուիրեց ոսկեզօծ գեղեցիկ սկիհ։ Ի պատիւ Սրբզ Պապի տրուած ճաշին, մասնակցեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը` երկու Արքեպիսկոպոսների ընկերակցութեամբ։ Սրբզ. Պապին հետեւում էին Կարդինալներ ու Եպիսկոպոսներ, Կաթողիկէ Հայոց Ամենապատիւ Պատրիարքը, իր Եպիսկոպոսներով, հայ կաթողիկէ 25 վարդապետներ` մեր Առաջնորդական Թեմից ու արտասահմանից։ Ճաշի ընթացքում, Գրշն. Առաջնորդը հակիրճ ուղերձով, խոնարհաբար ողջոյն մատուցեց Սրբզ. Պապին, Եղիսաբեթի յուզիչ խօսքերով` ուղղուած Մարիամ Կոյսին, Ային-Քարեմում։ Ապա Սրբզ. Պապին նուիրեց գեղաքանդակ մի մեծ սափոր, Աստուածամօր Աւետման տեսարանի գունազարդ պատկերագրութեամբ։ Ճաշից յետոյ, Սրբզ. Պապը օրհնեց Հայ Քոյրերին, որոնք ծառայում են Հայաստանի Հայ Կաթողիկէ Թեմում, նոյնիսկ սեղանի ծառայող սպասեակներին, եւ շէնքի փոքրիկ պատշգամբից օրհնեց երեխաներին, որոնք ուրախութեամբ ու երգերով ներքեւից աղաղակում էին եւ հայցում Սրբզ. Պապի օրհնութիւնը։ Շքախումբը կը վերադառնար Ս. Էջմիածին, ուր` երեկոյեան ժամին, կը կատարուէր մի կարճատեւ արարողութիւն հրաժեշտի, եւ Սրբզ. Պապի ու Կաթողիկոսի կողմից համատեղ ստորագրութեամբ մի փաստաթուղթ էր հրապարակում, ոգեկոչելու համար 2001 թուականի փառապանծ Յոբելեանը, Ս. Գրիգոր Լուսաւորչի օրհնեալ յիշատակով պայծառացած, բայց նաեւ ընդգծելու մեր պատմութեան ամէնից արիւնոտ իրադարձութիւնները` 1915 թուականի ողբերգական էջը, այժմ Սրբզ. Պապի այցելութեամբ եւ օրհնութեամբ անջնջելի։ Փաստաթղթում նշւում են նաեւ Ամենայն Հայոց վերջին երկու Կաթողիկոսների հետ ստորագրուած համաձայնագրերը, եւ ի մասնաւորի` քրիստոսաբանական դաւանանքի շուրջ կատարուած յայտարարութիւնները։
Խոր-Վիրապում, իբր վերջին անգամ` հնչեցին շարականներ ու աղօթքներ, մինչ ուխտական մի վառ լապտեր, Լուսաւորչի տառապանքի վիրապից ստանալով իր լոյսը, Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռքից փոխանցւում էր Սրբզ. Պապին։ Օդանաւակայանում, հրաժեշտի ուղերձներից յետոյ, վերջալոյսի յետին ցոլքերի հետ, մինչ Հռոմի Սրբզ. Քահանայապետը յամրաքայլ բարձրանում էր ինքնաթիռի սանդուղով, թրթռում էր լապտերի բոցն ուխտական։ Լո՜յս սուրբ, որ միացնելու էր Հայաստանն ու Արեւելքը համայն` Յաւերժական Քաղաքին։ Եւ ճրագի լոյսն այդ դողդոջ, վերարծարծում էր Հայոց սրտերում, Ս. Ներսէս Շնորհալի Կաթողիկոսի ձեռամբ 1144 թուականին արձանագրուած տողերը, որոնք հնչում են այսպէս. «Եւ դու, Հռոմ, մայր քաղաքաց – գերապայծառ եւ պատուելի, Մեծին Աթոռդ Պետրոսի – Առաքելոց Գլխաւորի, Եկեղեցիդ անշարժելի – ի Կեփայեան շինեալ Վիմի, Դրանց դժոխոց անվանելի – եւ կնիք երկնիցն բացողի»։ (Ողբ Եդեսիոյ, տպ. Վենետիկ, 1928, սկիզբ)։
9. Վերջին իրադարձութիւններ 2001 թուականի
2001 թուականի ընթացքում մի գեղեցիկ պարգեւ ստացանք Գրշն. Հ. Վարդան Արքեպիսկոպոս Քէշիշեանի անուանումով որպէս Աջակից մեր Թեմի, որ ստորագրեալիս հետ մասնակցեց Հռոմի Սրբզ. Պապի Հայաստան կատարած այցելութեան հանդիսութիւններին։ Թիֆլիսում տեղի ունեցաւ մի պաշտօնական հաւաքոյթ, եպիսկոպոսների, քահանաների, մայրապետների եւ Վրացական Կարիտասի անդամների (Սալեզեան, Կամիլեան, հայ ու վրացի), որը կազմակերպել էր Առաքելական Նուիրակ` Գրշն. Արքպս. Փիթըր Ցուրպրիգգեն (20-22 Նոյեմբերի)։ Հանդիսաւոր մի պատարագ մատուցեց Թիֆլիսի Ս. Պետրոս-Պօղոս տաճարում, Գրշն. Հ. Ներսես Արքպս. Տէր-Ներսէսեանը, մասնակցութեամբ տեղացի բարեպաշտ հայ կաթողիկէ բազմաթիւ հաւատացեալների. արարողութեանը մասնակցում էին առաքելական, անգլիկան եւ ասորի ուղղափառ հոգեւորականներ։ Պատարագի աւարտին, Գրշն. Նուիրակը հաղորդեց Հ. Էմմանուէլ Ծ. Վրդ.. Տապպաղեանի անուանումը` որպէս Առաջնորդական Փոխանորդ` Վրաստանի Հայ Կաթողիկէ Համայնքի…
ՀԱՅՐ ՆԵՐՍԷՍ ՏԷՐ-ՆԵՐՍԷՍԵԱՆ Տիտղ. Արքեպիսկոպոս Սեբաստիոյ Հայոց Նախկին եւ Ա. Առաջնորդ Հայ Կաթողիկէ Եկեղեցու Հայաստանի, Վրաստանի եւ Արեւելեան Եւրոպայի