• Սուրբ Սարգսի տոնը՝ Գյումրիի Սրբոց Նահատակաց եկեղեցում

    «Լույսի մեջ ապրելու համար հարկ է նեղություններ կրել»:


     23 հունվարի, 2016թ.

     Վասն հավատոյ նահատակված Սբ. Սարգսի, նրա Մարտիրոս Որդու և 14 նահատակ ընկերների հիշատակության տոնը Հայ Եկեղեցին այս տարի նշեց հունվարի 23-ին: Հայ Կաթողիկէ եկեղեցիներում մատուցվեց Սբ. Պատարագ, կազմակերպվեցին երիտասարդական միջոցառումներ:

     

    DSC07297Գյումրիի Առաջնորդանիստ Սրբոց Նահատակաց եկեղեցում Սբ. Պատարագը մատուցեց Գյումրիի ժողովրդապետ Արժ. Տ. Գրիգոր ավ. քհն. Մկրտչյանը: Ներկա երիտասարդներին և մյուս հավատացյալներին իր խոսքն ուղղելով՝ Տեր Գրիգորն ուշադրություն հրավիրեց հավատքի համար նահատակության խորհրդին.

     

    «Լույսի մեջ ապրելու համար հարկ է նեղություններ կրել, չարչարանքներ կրել, վերցնել Հիսուսի Խաչը և հետևել Նրան: Հիսուս ասում է՝ ով, որ ուզում է ինձ հետևել, թող վերցնի իր խաչը և գա իմ հետևից: Բայց մենք շատ հաճախ չենք ուզում խաչ վերցնել, այլ ուզում ենք հեռու մնալ խաչից, այն աստիճան, որ ուզում ենք մեռցնել այն սերը, որն Աստված դրել է մեր մեջ: Հալածանք, թշնամություն, այս բոլորը պետք է, որ պատահեն, ասում է Հիսուս:

     

    Այդպիսի հալածանքներ կրեց նաև Սուրբ Սարգիսը: Այդքան չարչարանքներ կրելով՝ երբեք չուրացավ Տիրոջը՝ Քրիստոսին: Սպանվեց, նահատակվեց, բայց իր հավատքը երբեք չկորցրեց: Այսօր քչերը կարող են այդպես անձնուրաց ապրել իրենց հավատքի համար: Երբ տեսնում ենք, որ մեկը քիչ թե շատ հավատքով է ապրում, ասում ենք՝ այս մարդը սուրբ է, բայց մենք բոլո՛րս էլ կոչված ենք սուրբ լինելու: Աստծո Որդին իջավ Երկնքից, որպեսզի բոլո՛րս սրբանանք և սրբությամբ առաջնորդվենք դեպի Երկինք: Դրա համար անհրաժեշտ է լոկ հավատարիմ լինել Քրիստոսի պատվիրաններին, «Սիրեցէ՛ք զմիմեանս» խոսքին: Եթե մենք իրար չենք սիրում, չարախոսում ենք միմյանց, սա քրիստոնեավայել չէ, հակասում է Աստծո սիրուն: Հիշեցե՛ք, ինչ որ չեք ուզում, որ մարդիկ ձեզ անեն, նույնն էլ դուք մի արեք ուրիշներին: Խոնարհությունը և սերն է, որ փրկում է մեզ: Հաճախ ասում ենք՝ «ե՛ս, ինձ նմանը չկա»:

     

    Սրբազան Պապի կողմից հռչակված այս տարվա ընթացքում պետք է ողորմություն տանք, ոչ թե ֆինանսական ողորմություն, այլ՝ իրական ողորմություն, որը մարդուն կներշնչի սեր և վստահություն: Այլապես, նույնիսկ շատ էլ աղոթենք, եթե եկեղեցուց դուրս ենք գալիս և մոռանում Տիրոջ մասին, իմաստ չունի մեր աղոթքը:

     

    Հայցում եմ Սբ. Սարգսի բարեխոսությունը, որպեսզի ամուր լինենք հավատքով, սիրով, երկյուղածությամբ, խոնարհությամբ»:

     

    DSC07306Սբ. Պատարագից հետո երիտասարդների հետ հանդիպում ունեցավ Տեր Գրիգորը և խոսեց երիտասարդական միությունից Եկեղեցու և իր ակնկալիքների մասին՝ գալիք ամիսների ընթացքում, երիտասարդներին խնդրեց մտածել ու իրականացնել ծրագրեր՝ երիտասարդական կյանքն աշխուժացնելու, հոգևոր զարգացման համար:

     

    Հանդիպումից հետո երիտասարդներն սկսեցին իրենց միջոցառումը: Երիտասարդական ավյունը, բարձր տրամադրությունը, պատշաճ երաժշտությունն ու պարը գեղեցիկ տոնական մթնոլորտ ստեղծեցին: Սողոմոնն ինքն է իր Ժողովողում պատվիրում երիտասարդներին.

     

    «Ուրախացի՛ր, երիտասա՛րդ, քո երիտասարդութեամբ, թող սիրտդ քեզ զուարճացնի քո երիտասարդ օրերին», Ժող., 11:9:

     

    DSC07313 DSC07311

     

     

     

Օրացույց

Օրացույց