• Ընտանիք ունենալու ուրախությունը և Կանայի հարսանիքի հրաշքը. Պապի քարոզը՝ Էկվադորի Guayaquil քաղաքում

    Ընտանիքը լավագույն սոցիալական կապիտալն է: Այն չի կարելի փոխարինել այլ հաստատությամբ».
    Ֆրանցիսկոս Սրբազան Պապ:


    7 հուլիսի, 2015թ.

    Սրբազան Պապը 2015թ. հուլիսի 6-ին Սբ. Պատարագ է մատուցել Էկվադորի Guayaquil քաղաքում՝ Semanes այգում: Ներկա են եղել տասնյակ հազարավոր մարդիկ, ովքեր մեծ խանդավառությամբ են դիմավորել Պապին՝ ծաղկեփնջեր սփռելով նրա պապամոբիլի առջև:

     

    Իր քարոզում Սրբազան Պապը մեկնաբանել է Կանայի հարսանիքի հրաշքի պատմությունը (Հվհ., 2:1-11), որտեղ Հիսուսը, Մարիամի խնդրանքով հարսանիքի մասնակիցներին գինի է տալիս՝ ջուրը փոխարկելով գինու:

     

    Հիսուսն օգնում է, երբ Մարիամը դիմում է իրեն.«Նրանք գինի չունեն»: Կանայի հարսանիքի դրվագը կրկնվում է բոլոր ժամանակներում՝ յուրաքանչյուր ընտանիքում, որովհետև Մարիամը՝ որպես Մայր, բարեխոսում է բոլորիս համար: Մարիամը ուշադիր է բոլորիս կարիքների հանդեպ: Նա նկատեց, որ հարսանքավորները գինի չունեն.

    գինին երջանկության, սիրո նշան է:

     

    «Որքա՛ն շատ տարեցներ, երիտասարդներ իրենց տներում երջանկության և սիրո պակաս ունեն: Որքա՛ն շատ կանայք, տխուր, միայնակ, կանգնած են փաստի առաջ.ինչպե՞ս, ե՞րբ սերը կորավ իրենց կյանքից: Որքա՛ն տարեցներ իրենց իրենց լքված են զգում, դուրս՝ ընտանեկան ուրախություններից, մի կողմ նետված՝ մի քիչ սիրո կարոտ: «Գինու» այս պակասը կարող է լինել նաև հետևանք՝ գործազրկության, հիվանդության և բարդ պայմանների…

     

    Մարիամը պահանջող մայր չէ, սկեսուր չէ, ով դժգոհում է…մեր սխալներից կամ, որ մենք մոռացել ենք մի բան անել: Մարիամը պարզապես մի Մայր է: Միշտ մեր կողքին է, ուշադիր, մտահոգ: Գեղեցիկ է լսել՝ «Մարիամը Մայր է»: Կարո՞ղ եք ինձ հետ միասին ասել.«Մարիամը Մայր է…».խնդրել է Պապը:

    Հավատացյալների բազմությունը կրկնել է.«Մարիամը Մայ՛ր է»:

     

    Ինչպես ինքն իր խնդրանքը դրեց Աստծո ձեռքերում և վստահեց Հիսուսին, թեև Հիսուս ասաց, որ իր չարչարանաց ժամը դեռ չի եկել, այդպես էլ մեզ Մարիամը սովորեցնում է՝ մեր ընտանիքները վստահել Աստծուն,  անդադար աղոթել:

     

    Աղոթքը մեզ բարձրացնում է վեր՝ մեր հոգսերից, այն ամենից, որ վիրավորում է, հուսահատեցնում է, աղոթքը մեզ օգնում է մտնել դիմացինի վիճակի մեջ և հասկանալ:

     

    Մարիամը պատվիրում է հարսանքավորներին անել այն ամենը, ինչ Հիսուսը կասի իրենց՝ այսպիսով մեզ հրավիրելով բացել մեր սրտերը Հիսուսի առջև, ով եկավ ծառայելու, ոչ թե՝ ծառայություն ընդունելու: Պապը վստահ է, որ ծառայություն սովորելու լավագույն տեղ է ընտանիքը, որտեղ ծառայում ենք միմյանց՝ սիրելով:

     

    Ընտանիքում սովորում ենք՝ ինչպես խնդրել՝ առանց պահանջելու, ասել «շնորհակալություն», կառավարել մեր բարկությունը և ագահությունը, ներողություն խնդրել, երբ վիրավորում ենք, վիճում ենք, որովհետև բոլոր ընտանիքներում էլ վեճեր կան:

     

    «Ընտանիքը մոտակա հիվանդանոցն է.երբ մեկը լավ չի զգում, գնում է այնտեղ՝ ավելի լավ զգալու, առաջին դպրոցն է երիտասարդների համար, լավագույն տունը՝ տարեցի համար:

     

     Ընտանիքը լավագույն սոցիալական կապիտալն է: Այն չի կարելի փոխարինել այլ հաստատությամբ».Ֆրանցիսկոս Սրբազան Պապ:

     

    Ընտանիքը նաև փոքրիկ Եկեղեցի է, շարունակել է Քահանայապետը, ընտանիքում մոր կաթի հետ խմում ենք հավատքը: Երբ երեխան զգում է ծնողների սերը, զգում է Աստծո սերը:

     

    Ընտանիքում հրաշքներ են լինում մեր ունեցած ամենաչնչին բաներով, ինչի մասին չենք էլ երազում: Կանայում նոր գինու համար օգտագործվեց ավազանների ջուրը, որոնց մեջ լվացվում էին: Աստված կարող է անմաքուր բաներից հրաշքներ գործել ու առատացնել իր շնորհները այնտեղ, ուր մեղքն ավելացել է (Հմմտ.՝ Հռոմ. 5:20):

     

    Քահանայապետն իր քարոզն ավարտեց մեծ հույսով՝ հիշեցնելով, որ ի վերջո Կանայում հարսանքավորները նոր գինի ունեցան, որի համը գերազանց էր: Սա է բարի ավետիսը բոլորիս համար, լավագույն գինին դեռ առջևում է, բոլորը կհամտեսեն դրանից:

     

    «Գալու է ժամանակը, երբ ամեն օր սեր ենք ճաշակելու…լավագույն գինիները կլինեն նրանց համար, ովքեր ամեն ինչ վտանգում են՝ սիրո համար: Եվ սա կլինի՝ ի հեճուկս բոլոր վիճակագրությունների, որոնք այլ բան են ասում, լավագույն գինին կունենան բոլոր նրանք, ովքեր այսօր անհույս կորած են զգում իրենց…Աստված միշտ փնտրում է արհամարհվածներին, ովքեր այլևս գինի չունեն, ովքեր միայն հուսահատության բաժակն են խմում…

     

    Նոր գինին կստիպի մեզ վերադարձնել ընտանիք լինելու ուրախությունը, ընտանիքում ապրելու ուրախությունը».ասել է Սրբազան Պապը և հրավիրել մտածելու Մարիամի խոսքերի շուրջ.

     

    «Արե՛ք այն, ինչ կասի ձեզ»:

Օրացույց

Օրացույց