• Այսօր Արհ. Տ. Գևորգ Արքեպս. Նորատունկյանի ծննդյան տարեդարձն է

    Շնորհավոր Ծննդյան տոն, Սրբազան Հա՛յր


    Սիրելի՛ կաթողիկէ հայ հավատացյալներ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի,

    այսօր Նորին Արհիապատվություն Տ․ Գևորգ Արքեպս․ Նորատունկյանի ծննդյան օրն է։ Այս բերկրալից առիթով Առաջնորդ Հորը մաղթում ենք քաջառողջություն, արևշատ և շնորհաշատ օրեր, ոգու ամրություն և տոկունություն՝ դիմագրավելու Եկեղեցու հովվական առաքելության ճանապարհին ծառացող մարտահրավերներին և բարդություններին։ Աղոթում ենք Սրբազան Հոր առաքելության և դիտավորությունների համար, որպեսզի Տերը զորացնի նրան իր գերբնական պարգևներով և կարողություններով՝ հովվելու համար նրա հոգևոր խնամքին հանձնված կաթողիկէ հայոց ժողովրդին, որ ապրում է Հայաստանում և սփռված Վրաստանի և Ռուսաստանի ընդարձակ տարածքներում։

     

    Արհ․ Տ․ Գևորգ Արքեպս․ Նորատունկյանը արդեն երրորդ տարին է, որ իմաստությամբ և մեծ նվիրումով հովվում է մեր Առաջնորդությունն՝ իր յուրահատկություններով և մարտահրավերներով հանդերձ և ունի բազմաթիվ ձեռքբերումներ, որոնցից մի քանիսը կուզենայինք ներկայացնել՝ ի փառս Առաջնորդության կաթողիկէ հայոց:

     

    Ձեռնարկեր` Սինոդականության ճանապարհով` համահունչ Ընդհանրական Եկեղեցու հովվական ռազմավարության

     

    1.2025-ին նրա վճռով ձևավորվեցին երեք դեկանատներ` Հայաստանի, Վրաստանի և Ռուսաստանի` երեք դեկանների կամ Ավագերեցների պատասխանատվությամբ: Նպատակը երեք կանոնական տարածքների հոգևոր դասին խորհրդակցական միասնական աշխատանքների մեջ միավորելն էր` իրենց առանձին Ավագերեցների գլխավորությամբ, որը զարգացնում է նրանց ինքնակազմակերպական, ինքնակառավարման կարողությունները, կոլլեկտիվ պատասխանատվության զգացումը և Եպիսկոպոսի հետ միասին հովվական պատասխանատվության առավել ինտենսիվ կիսումը: Յուրաքանչյուր դեկանատ ունենում է իր առանձին ժողովները` տեղային յուրահատուկ օրակարգերով և առանձին գործնական հանձնառտությունները՝ ըստ տեղական կարիքների: Սա տեղական սինոդականությունը զարգացնելու փորձ է, որը միաժամանակ մարմնավորումն է Եկեղեցու սոցիալական ուսմունքի փոխօգնության` subsidiarity, սկզբունքի:

     

    2.Երեք Ավագերեցների և Դիվանապետի մասնակցությամբ տարեկան երկու կամ ավելի անգամ տեղի է ունենում Ավագերեցների ժողով` Առաջնորդ Հոր գլխավորությամբ՝ քննարկելու և որոշումներ կայացնելու համար թեմի հմար առանցքային հարցերի շուրջ:

     

    3.Տարեկան երկու, այս տարի արդեն երեք անգամ, տեղի են ունենում Քահանայական Ժողովի նիստեր` ըստ կարելվույն, ընդգրկելով թեմի բոլոր քահանաներին, և արծարծելով հովվական, տնտեսական և այլ հարցեր՝ լսելով յուրաքանչյուրի կարծիքները՝ Առաջնորդի կողմից կարևոր որոշումները կայացնելիս հաշվի առնելու նպատակով:

     

    4.2026-ի գարնանը ձևավորվեց Առաջնորդության Ֆինանսական Խորհուրդը` բաղկացած 8 անձանցից, որոնցից 5-ը մասնագետներ են՝ ֆինանսների, հաշվապահության և իրավաբանության ոլորտներում: Ժողովները տեղի են ունենում այժմ 3 ամիսը մեկ, իսկ հետո կլինեն 6-ը ամիսը մեկ անգամ: Մշակվել է Ֆինանսական Խորհրդի կանոնադրություն` ըստ ԱԵԿ կանոնների և միջազգային փորձի:

     

    5.Նույն 2026-ի գարնանը սկսվեց Առաջնորդության Ընդհանուր Հովվական Խորհրդի ձևավորման աշխատանքները` աշխարհականների մեծամասնական ընդգրկվածությամբ: Ժողովները տեղի են ունենում տարեկան երկու անգամ՝ հստակ օրակարգերով: Հաստատվել է Հովվական Խորհրդի առանձին կանոնադրությունը:

     

    Նոր պաշտոնների նշանակումներ

     

    6.2025-ի հունվարին առաջին անգամ Առաջնորդության համար նշանակվեց Դիվանապետ` ժողովրդապետ քահանաներից մեկը: Հ. Հովսեփ Վրդ. Մելիքսեթյանը նշանակվեց Ռուսաստանի ասիական շրջանի հայ կաթողիկէների ժողովրդապետ: Այս նոր պաշտոնն առաջին անգամ ամրագրվեց Առաջնորդության հովվական առաքելության մեջ` տեղի լատին եպիսկոպոսի հետ համագործակցությամբ: Մոսկվայի ժողովրդապետ և Ավագերեց Հ. Պետրոս Ծ. Վրդ. Եսայանը՝ նշանակվեց այցելու ժողովրդապետ՝ Բելոռուսիայի և Ղազախստանի հայ կաթողիկէների համար՝ ընդլայնելով իր առաքելության կանոնական տարածքը: Հայաստանի Ավագերեց Գերպ. Հ. Ներսես Վրդ. Գալստյանին շնորհվեց Ծայրագույն Վարդապետի աստիճան:

     

    Ֆինանսատնտեսական բարեփոխումներ

     

    7.2024-ի դեկտեմբերից Առաջնորդությունն ունի երկու արհեստավարժ հաշվապահներ` մեկը Գլխավոր հաշվապահի հաստիքով:

     

    8.2025-ի հունվարի 1-ից Առաջնորդության հաշավապահությունը կատարվում է S 1 առցանց հաշվապահական ծրագրով, որը աշխարհում լավագույններից մեկն է: Ներդրվել է նոր գնումների քաղաքականություն` դիվերսիֆիկացման սկզբունքով: Մշակվում է Գնումների քաղաքականության ուղեցույցը, որը պատրաստ կլինի այս տարեվերջին:

     

    9.Մշակվել են ֆինանսական և վարքային վերահսկողության նոր փաստաթղթեր` համաձայն ԱԵԿ կանոնների և օգտվելով Ամերիկյան Եպիսկոպոսների Խորհրդի մշակած ուղեցույցների մոդելներից.

     

    Ֆինանսական Խորհրդի կանոնադրությունը,

    Վարքականոն,

    Հակազեղծարարության քաղաքականությունը,

    Օրինախախտումների ահազանգման քաղաքականությունը,

    Շահերի բախման կանխման քաղաքականությունը:

    Լրամշակվել է 2024-ին մշակված Խոցելի խմբերի պաշտպանության քաղաքականությունը:

     

     

    10.Քահանայական Ժողովի քննարկումների արդյունքում հաստատվել է Առաջնորդության 5-ամյա հովվական ռազմավարությունը:

     

    Հովվական ձեռնարկներ

     

    11.2025-ի ամռանը իրականացվեց 50 երիտասարդների Հույսի Ուխտագնացությունը Հռոմ` Երիտասարդության Հույսի Հոբելյանական տարվա առիթով:

    Նույն թվականի դեկտեմբերի երիտասարդների նախաձեռնությամբ ձևավորվեց ՀԿԵՄ-ը` Առաջնորդության հայ կաթողիկէ երիտասարդաց միությունը` սեփական կանոնադրությամբ, Առաջնորդի վճռագրով, երիտասարդներից մեկի նախագահությամբ, ով ընտրվեց երիտասարդների կողմից, ինչը նորություն էր, և Տ. Կոմիտաս Քհն. Դավեյանի հոգևոր առաջնորդությամբ:

    2026-ի Մեծ Պահքին տեղի ունեցավ չորսօրյա հոգևոր կրթություն ՀԿԵՄ-ի 60 երիտասարդների մասնակցությամբ` Երևանի Առաջնորդարանում, շատերն առաջին անգամ կատարեցին Սուրբ Գրքի շուրջ խորհրդածություն և քննարկումներ:

    2026-ի ամռանը Ստեփանավանում տեղի ունեցավ հինգօրյա հանգիստ և բանախոսության օրեր` 65 երիտասարդների մասնակցությամբ` Հայաստանից, Վրաստանից Ռուսաստանից, ինչպես նախորդ անգամներում: Նոյեմբերի 23-27-ը դարձյալ Երևանում նախատեսված է ՀԿԵՄ երրորդ հոգևոր կրթությունը՝ 60 երիտասարդների մասնակցությամբ:

    Երիտասարդները պատրաստվում են Երիտասարդության Համաշխարհային Օրերին 2027-ին, Հարավային Կորեայում: Դիվանապետը 2026-ի սեպտեմբերի 13-17-ին Սեուլում մասնակցեց նախապատրաստական հանդիպմանը:

     

    12.2025-ին ձևավորվեց Քրիստոնեականի դասավանդման աջակցման հանձնախումբը` Դիվանապետի պատասխանատվությամբ, որը ձեռնարկել է համայնքներում աշխարհական կրոնուսույցների պատրաստությունը` Ավետարանացման ընդարձակ ծրագրի շրջանակներում: Առցանց դասընթացները մեկնարկել են 2023-ի գարնանը և մինչ օրս շարունակվում են շաբաթական երկու դասաժամով, 15 մասնակիցներով, որոնց մի մասն արդեն սկսել է դավանդումը և առաքելական ակտիվ աշխատանքը ժողովրդապետություններում: 2026-ի հուլիսին Երևանում տեղի ունեցավ հոգևոր կրթություն` կրոնուսույցների համար, որին մասնակցեցին Հայաստանի, Վրաստանի և Ռուսաստանի ապագա կամ ներկա 15 կրոնուսույցները: Սա առաջին անգամն է թեմում, և ընթանում է բազմաթիվ դժվարություններ հաղթահարելով:

    Պատրաստվում է հրատարակության կրոնագիտության նոր արևելահայերեն ձեռնարկ` 9-12 տարեկան երեխաների համար, որը լույս կտեսնի առաջիկա ամիսներին:

    Ժողովրդապետություններում ձեռնարկվում են կանոնավոր կրոնուսուցման դասեր:

     

    13.Ամառային օրերին ժողովրդապետությունների մեծ մասում կազմակերպվում են բակային ժամբարներ` ժողովրդապետների և տեղի երիտասարդների կամավոր կազմակերպչական աշխատանքով:

    2026-ի հունիսին Ծաղկաձորում կազմակերպվեց միասնական ճամբար Հայաստանի համայնքների 100 երեխաների համար` ամբողջությամբ հայ կաթողիկէ կամավորական երիտասարդների կազմակերպչական աշխատանքով:

     

    14.Երկու անգամ Երևանում կազմակերպվել է Խորանի սպասավորների պատրաստություն` 65 երեխաների մասնակցությամբ` 2025-ին և 2026-ին, դասընթացներով, ժամանցով, խաղերով և ուխտագնացություններով:

     

    Վերանորոգություններ

     

    15.Ազատանում սկսվել են Սուրբ Աստվածածին եկեղեցու և քահանայատան նորոգման աշխատանքները: Մեծ Սեպասարում ավարտին են մոտենում երիտասարդական կենտրոնի հիմնանորոգման և կահավորման աշխատանքները:

     

    16.Այս տարի Ջավախքի Խուլգումո գյուղում ձեռք է բերվել նոր քահանայատուն և սկսվել են նորոգման աշխատանքները:

     

    17.Սկսվել են Գյումրիի` 2015-ին կառուցված Մայր Տաճարի արդեն քայքայված տանիքի վերանորոգման նախագծման աշխատանքները:

    Ընթացքի մեջ են նաև Գյումրիի Առաջնորդարանի 30 տարի չնորոգված եռահարկ շենքի վերանորոգման նախագծման աշխատանքները,

    2025թ. դեկտեմբերի 22-ին ՌԴ Վինյով քաղաքում տեղի ունեցավ հայ կաթողիկէ համայնքի նորակառույց Սուրբ Գևորգ Եկեղեցու հանդիսավոր օծման և նվիրագործման արարողությունը:

     

    Եկեղեցական Դատական Ատյան

     

    18.2026-ի հուլիսին Առաջնորդության մեջ առաջին անգամ տեղի ունեցավ կանոնագիտության դասընթաց` ժողովրդապետների համար, վարեց Թեմի Դատական Փոխանորդ, կանոնագիտության դոկտոր Գերհ. Հ. Ֆաբրիցիո Տուրրիցիանին:

    Կազմավորվեց Ատյանը` երեք դատավորներով, որոնք թեմի հոգևորականներն են: Երեք դատավորներից բացի նշանակվեցին նոր Ամուսնական Կապի Պաշտպան և Արդարության Պաշտպան` դարձյալ թեմի հոգևորականներից: Այսպիսով Ատյանում նոտարի հետ միասին ունենք 7 անդամ` ներառյալ Դատական Փոխանորդը:

    Սկսել ենք Արևելյան Եկեղեցիների Կանոնագրքի արևելահայերեն թարգմանությունը, որը ավարտին կմոտենա 2027-ին:

     

    19.2026-ի հունիսից, երբ Արհ. Տ. Գևորգ Արքեպս. Նորատունկյանը ստանձնեց նաև Հայկական Կարիտասի նախագահությունը, խորքային և արմատական բարեփոխումներ և վերագնահատումներ են ձեռնարկվել կազմակերպության գործունեության ուղղությունների, ծրագրային առաջնահերթությունների, վարչական համակարգի և կադրային քաղաքականության մեջ:

     

    Աղոթում ենք, որ այս բարեփոխումներն ու ձեռնարկները բազմապատկվեն գալիք տարում Առաջնորդության ամբողջ տարածքում և բոլոր հաստատություններում՝ Նորին Արհիապատվության առաջնորդությամբ:

     

    16 նոյեմբերի, 2026թ.

    Տ. Հովսեփ Քհն. Գալստյան

    Դիվան Առաջնորդության Կաթողիկէ Հայոց

Օրացույց

Օրացույց