
Մեր հավատքը հատուկ հայկական գույն ունի, մեր հավատքը հայկական է:
2026թ. նոյեմբերի 7-8-ը Արհ. Տ. Գևորգ Արքեպս. Նորատունկյանը հովվական այցելություն կատարեց Սոչիի, Տուապսեի հայ կաթողիկէ համայնքներին և տեղի լատին Եպիսկոպոսին՝ շնորհավորելու համար Սոչիի լատին ժողովրդապետության հիմնադրման 26-ամյակի առթիվ:
Սոչիի Սրբոց Թադեոս և Սիմոն Առաքյալների Աթոռանիստ եկեղեցում նոյեմբերի 8-ին Առաջնորդ Հայրը մատուցեց Սուրբ Պատարագ, որին իր հրավերով աղոթակից եղան Սարատովի Սուրբ Կլեմենս լատինածես Առաջնորդության Եպիսկոպոս Կլեմենս Պիկկելը և Սոչիի լատինածես ժողովրդապետ Հ. Արկադի Գրաբովսկին: Եպիսկոպոս Պիկկելը Պատարագից առաջ շնորհակալություն հայտնեց հրավերի համար և իր ուրախությունը հայտնեց առ այն, որ նույն եկեղեցում նույն օրը տարբեր ժամերի մատուցվում են լատինածես և հայածես Պատարագներ՝ որպես նշան Կաթողիկէ Եկեղեցու բազմազանության և միության: Արհ. Տ. Գևորգ Արքեպս. Նորատունկյանը ևս շնորհակալություն հայտնեց Եպիսկոպոս Պիկկելին ներկայության համար և շնորհավորեց լատինածես ժողովրդապետության 26-ամյակի առթիվ: Սուրբ Պատարագի իր քարոզի ժամանակ Սրբազանը հրավիրեց խորհրդածելու Եկեղեցու երեք պատկերների մասին՝ առաջին պատկերը նախնական քրիստոնեության ժամանակ տներում ձևավորված Եկեղեցին է, քանի որ տաճարներ դեռևս չկային, երկրորդը՝ հալածված Եկեղեցին, երբ մարդիկ դարձյալ աղոթում էին տներում և գետնադամբաններում, երրորդ պատկերը սովետական տարիների Եկեղեցին էր՝ դարձյալ հալածված, և պաշտամունքային կյանքը կենտրոնացած տներում, բայց հավատքը երբեք չթուլացավ: Առաջնորդը խոսեց նաև «Կաթողիկէ» բառի իմաստի մասին. Կաթողիկէ եկեղեցին բազմաթիվ ազգերի և ծեսերի մի գեղեցիկ ամբողջություն է:
Տուապսեի Սուրբ Պետրոս և Պողոս Առաքյալների եկեղեցում Սրբազանը Սուրբ Պատարագի քարոզի ժամանակ խոսեց Հայրոսի աղջկա հարության մասին, ապա՝ հավատքին, հայկական ծեսին և մշակույթին հավատարիմ մնալու մասին: «Մեր հավատքը հատուկ հայկական գույն ունի, մեր հավատքը հայկական է: Հավատարիմ մնացե՛ք ձեր գույնին, հայերեն խոսեցե՛ք ձեր զավակների հետ, հավատարիմ մնացե՛ք հայկական ծեսին: Ոմանք ասում են, թե հայերեն չգիտեն և միայն բարբառները գիտեն, բայց չէ՞ որ այդ գյուղական բարբառը սրբություն է, մի՛ ամաչեք խոսել այդ բարբառով, փրկե՛ք այդ բարբառը, որովհետև այդ բարբառով ձեր հավատքն եք պահում», ասաց Սրբազանը:
Տեղի համայնքների հայ հավատացյալները մեծ ուրախությամբ և ջերմությամբ ընդունեցին Առաջնորդ Հոր այցելությունը և զրուցեցին սիրո սեղանների շուրջ:
Դիվան Առաջնորդության Կաթողիկէ Հայոց
11 նոյեմբերի, 2026թ.





