
Եվ քեզ համար է սրբությունը
2026թ. հոկտեմբերի 30-31-ը Ղազանչիի ժողովրդապետական կենտրոնում տեղի ունեցավ Մարիամի Լեգեոնի այս տարվա երկրորդ երկօրյա հոգևոր հոգևոր կրթությունը` «Արդյո՞ք կարող ենք սուրբ լինել» թեմայով և Տ. Հովսեփ քհն. Գալստյանի առաջնորդությամբ: Հոգևոր կրթությանը մասնակցեցին 24 լեգեոնականներ` Երևանի, Սպիտակի, Ղազանչիի և Մեծ Սեպասարի պրեզիումներից: Երկու օրերի խտացված օրակարգը ներառում էր.
-ամենօրյա Սուրբ Պատարագ,
-Սուրբ Հաղորդության երկրպագություն և Վարդարանի աղոթք,
-երկու բանախոսություն` «Ի՞նչ է սրբությունը» և «Ինչպե՞ս կարող ենք ապրել սրբությամբ» թեմաներով` ներշնչված Ն. Ս. Ֆրանցիսկոս Պապի «Ցնծացե՜ք և ուրախացե՜ք» նամակի և Աստծո Ծառա Ֆրանկ Դաֆֆի «Կարո՞ղ ենք սուրբ լինել» հոդվածի գաղափարներով, որոնք ուղեկցվում էին թեմայի վերաբերյալ հարցադրումների շուրջ խորհրդածություններով և խմբային քննարկումներով,
-Սուրբ Ֆրանցիսկոս Ասսիզեցուն նվիրված 1972թ. «Եղբայր արև, քույր լուսին» ֆիլմի դիտում և քննարկում` ներածական բացատրությամբ,
-Սուրբ Քարլո Աքութիսի մասին վավերագրական ֆիլմի դիտում և քննարկում:
Սրբությունը Մարիամի Լեգեոնի առաքելության գլխավոր նպատակն է. ապրել սրբությամբ` որպես լեգեոնական և օգնել ուրիշներին սրբանալ` դրանով իսկ պատերազմ մղելով չարի դեմ Սուրբ Կույսի հետ միասին` որպես Մարիամի հավատարիմ զինվոր: Սուրբ Ֆրանցիսկոսի օրինակը, որի մահվան 800-ամյակն ենք տոնում այս տարի, լեգեոնականներին ստիպեց մտածել 13-րդ դարի եկեղեցական մարտահրավերների և մեր ժամանակների մարտահրավերների մասին. ինչպե՞ս կարող ենք Ավետարանի հանդեպ արմատական նվիրումը և քրիստոսանմանությունը ապրել այսօր, ի՞նչ էր «աղքատ» Ֆրանցիսկոսի գլխավոր ուղերձը` իտալական հասարակությանը և Տիեզերական Եկեղեցուն և ի՞նչ ունի այդ ուղերձը մեզ ասելու այսօր` որպես 21-րդ դարի հայ կաթողիկէներ, Մարիամի բանակում աղոթքով և կամավոր առաքելություններով մարտնչող զինվորներ: Այս թեմաների շուրջ միասնական քննարկումները, որոնք ուղեկցվում էին Վարդարանի, Լիթանիայի աղոթքներով` Ամենասուրբ Հաղորդության աստվածային լույսի ճառագայթների ներքո, հոգևոր յուրահատուկ խթան հանդիսացան տարածաշրջանի առանձնահատկություններով պայմանավորված բարդ առաքելություն կատարող լեգեոնականների համար:
Տ. Հովսեփ Քհն. Գալստյան
Դիվան Առաջնորդության Կաթողիկէ Հայոց
1 նոյեմբերի, 2026թ., Տոն Ամենայն Սրբոց





