• Սուրբ Աթոռի և Հայ Կաթողիկէ Առաջնորդության ներկայացուցիչները մասնակցում են COP-17 խորհրդաժողովին

    Ն. Ս. Ֆրանցիսկոս Պապի կոչը՝ Լսել երկիր մոլորակի և աղքատների աղաղակը


    Ինչպես գիտեք, 2026թ. հոկտեմբերի 19-30-ը Երևանում կազմակերպվում է կենսաբազմազանության պաշտպանությանը նվիրված COP-17 խորհրդաժողովը՝ «Կենսաբազմազանության վերաբերյալ ՄԱԿ-ի կոնվենցիան» (CBD, ընդունվել է՝ 1992թ.) ստորագրող 17 կողմ երկրների մասնակցությամբ: Սա բնապահպանական ոլորտում աշխարհի խոշորագույն և կարևորագույն միջազգային գագաթնաժողովներից է, որը հյուրընկալում է Հայաստանը: COP-17-ի գլխավոր նպատակն է՝ կասեցնել և հակադարձել կենսաբազմազանության կորուստը, պահպանել երկրագնդի էկոհամակարգերը, բույսերի ու կենդանիների տեսակները և ապահովել բնական ռեսուրսների կայուն ու արդար օգտագործումը։ Համաժողովը ծառայում է որպես միջազգային հարթակ, որտեղ աշխարհի շուրջ 190 երկրների ներկայացուցիչներ, գիտնականներ, բնապահպաններ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ գնահատում են մեծամասշտաբ պարտավորությունների կատարումը և սահմանում առաջիկա տարիների գործողությունների ծրագիրը։

     

    Որպես Կաթողիկէ Եկեղեցու Սուրբ Աթոռի ներկայացուցիչներ՝ Ն. Ս. Լևոն ԺԴ Սրբազան Պապի օրհնությամբ համաժողովին մասնակցում են նաև Հայաստանում Պապական Նվիրակ Արհի. Տ. Անտե Արքեպս. Յոզիչը, Նվիրակության քարտուղար Գերհարգելի Հ. Ալիաքսանդր Ռահինիան, գործավար Սոֆի Պողոսյանը և Հայ Կաթողիկէ Առաջնորդության ներկայացուցիչ Արժ. Տ. Կոմիտաս Քհն. Դավեյանը՝ հավանությամբ Արհի. Տ. Գևորգ Արքեպս. Նորատունկյանի:

     

    Սուրբ Աթոռը ՄԱԿ-ում և ՄԱԿ-ի տարբեր բնապահպանական վեհաժողովներում (ներառյալ COP գագաթնաժողովները) ունի մշտական դիտորդի կարգավիճակ։  Չնայած Սուրբ Աթոռը CBD Կոնվենցիայի ստորագրող անդամ չէ, սակայն 2022 թվականին պաշտոնապես միացել է ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիային» (UNFCCC) և «Փարիզյան համաձայնագրին»՝ ցույց տալով իր լիարժեք հանձնառությունը՝ գլոբալ բնապահպանական ճգնաժամերի հաղթահարման գործում։ Կաթողիկէ Եկեղեցին՝ միջազգային բարոյական և հոգևոր առաջնորդողի և բարձրաձայնողի դերում, ակտիվորեն աջակցում է կենսաբազմազանության պահպանմանն ու կլիմայական արդարությանը՝ ազդելով աշխարհի ավելի քան 1,3 միլիարդ կաթողիկէների կյանքի որակի և բնապահապանական ոլորտում միջազգային քաղաքականության վրա: Այս ազդեցությունը հատկապես աճեց Ն. Ս. Ֆրանցիսկոս Պապի կողմից 2015-ին և 2023-ին հրապարակված Եկեղեցու սոցիալական ուսմունքի երկու կարևորագույն շրջաբերական նամակներով՝ Laudato Si’ և Laudate Deum, որոնք անդրադառնում էին բնապահպանական մեծամասշտաբ խնդիրներին և դրանց մարդածին, սոցիալական հենք ունեցող պատճառներին՝ իրար կապելով բնապահպանական աղետներն ու մարդկային աղքատությունը՝ որպես նույն պատճառներից բխող հետևանքներ: Երկրորդ նամակում Պապը շեշտում է, որ «երբ մարդ արարածը փորձում է զբաղեցնել Աստծո տեղը, նա դառնում է իր իսկ ամենամեծ թշնամին»։ Կաթողիկէ Եկեղեցին՝ իր սոցիալական ուսմունքով միշտ՝ որպես մարդկության խղճի ձայն, առաջ է մղել համաշխարհային հանրության ջանքերը՝ նկատելով փաստացի դանդաղկոտությունը և այլ շահերը, որոնք խանգարում են հստակ և միասնական գործողություններին:

     

    Դիվան Առաջնորդության Կաթողիկէ Հայոց

    20 հոկտեմբերի, 2026թ.

     

Օրացույց

Օրացույց