• Տաշիրի 182-ամյակը․ տոն, որ միավորում է մեզ. Գերհ. Հ. Ներսես Ծ. Վրդ. Գալստյանի ելույթը

    Տո՛նդ շնորհավոր, սիրելի՛ Տաշիր


    2026թ. հոկտեմբերի 10-ին Լոռու մարզի Տաշիր համայնքը տոնեց իր հիմնադրման 182-ամյա հոբելելյանը: Տոնակատարությանը ներկա էին Տաշիրի տարաշրջանի հայ կաթողիկէ համայնքների ժողովրդապետ, Հայաստանի Կաթողիկէ Հայոց Ավագերեց Գերհ. Հ. Ներսես Ծ. Վրդ. Գալստյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Գուգարաց թեմի Առաջնորդ Գերշն. Տ. Հովնան Եպիսկոպոս Հակոբյանը՝ Տաշիրի տարածաշրջանում ծառայող հոգևորականների հետ միասին, Տաշիրի համայնքապետ պրն. Էդգար Արշակյանը, այլ պետական կառույցների պաշտոնատար անձինք: Տոնական հրապարակում հավաքվել էին Տաշիրի տարածաշրջանի տարբեր համայնքների ներկայացուցիչները՝ իրենց աշխատանքներով, ձեռքբերումներով ու ստեղծագործություններով ներկայացնելով տեղի աշխատասեր հասարակության ներուժը։ Օրն առավել մարդաշատ ու տոնական դարձրեց ծնունդով տաշիրցի, ճանաչված երգիչ Արկադի Դումիկյանի անակնկալ նվերը՝ գեղեցիկ համերգը։

     

    Տոնի առիթով Գերհ. Հ. Ներսես Ծ. Վրդ. Գալստյանի շնորհավորական ուղերձը.

     

    «Այսօր Տաշիրը տոնում է իր հիմնադրման 182-ամյակը։

    Տաշիրի տոնը, սակայն, միայն մեկ քաղաքի տարեդարձ չէ։ Այն նաև մեր տարածաշրջանի պատմության, ընդհանուր արմատների և փոխադարձ կապերի տոնն է։

     

    Գաղտնիք չէ, որ Տաշիրի բնակչության զգալի մասը սերում է տարածաշրջանի գյուղերից՝ Մեծավանից, Սարչապետից, Նորաշենից, Լեռնահովիտից և այլ բնակավայրերից։ Շատերն այստեղ են ծնվել ու մեծացել, բայց իրենց արմատների մասին խոսելիս ասում են՝ «Ես Մեծավանից եմ», «Ես Սարչապետից եմ» կամ հիշատակում են իրենց նախնիների գյուղը։ Սա պատահական չէ․ այդ կապերը շարունակում են ապրել մեր մարդկանց հիշողության, ընտանեկան պատմությունների, հավատքի և մշակույթի մեջ։

     

    Տաշիրի պատմական ինքնության կարևոր մասն են կազմում նաև 19-րդ դարում Արևմտյան Հայաստանի Մուշի և Ալաշկերտի գավառներից այստեղ հաստատված հայ կաթողիկէ ընտանիքների ժառանգները։ Մեր տարածաշրջանի պատմությունը, իհարկե, ավելի բազմաշերտ է․ այստեղ կողք կողքի ապրում են նաև Արցախից տեղահանված մեր հայրենակիցներ, Ջավախքից, Մառնեուլի շրջանի հայկական գյուղերից և այլ բնակավայրերից վերաբնակեցված հայեր, ինչպես նաև եզդի, ռուս և այլ համայնքների ներկայացուցիչներ։ Այս բազմազանությունը մեր տարածաշրջանի կյանքի մի մասն է, իսկ փոխադարձ հարգանքն ու համակեցությունը՝ մեր ընդհանուր պատասխանատվությունը։

    Տաշիրի տոնի առիթով իմ խոսքում ցանկանում եմ ընդգծել մի միտք, որն ինձ համար հատկապես կարևոր է.

    Տաշիրի տոնը ոչ միայն ուրախանալու, այլև մեր անցած ճանապարհին անդրադառնալու և ապագայի հանդեպ մեր պատասխանատվությունը գիտակցելու առիթ է։

    Մեր հյուրերին գուցե այսօր չկարողանանք զարմացնել շքեղ շենքերով կամ կատարյալ փողոցներով, բայց կարող ենք վստահ լինել, որ նրանք Տաշիրը կհիշեն մեր մարդկանց շնորհիվ։ Որովհետև քաղաքի ամենամեծ հարստությունը նրա բնակիչներն են՝ իրենց ազնվությամբ, աշխատասիրությամբ, անկեղծությամբ և հյուրասիրությամբ։

    Այսօր ես, մյուսների նման, առանձին տաղավար չունեմ, որովհետև իմ տաղավարը Տաշիրն է, իսկ իմ աշխատանքը՝ ծառայությունը տաշիրցուն։

     

    Ավելի քան տասնհինգ տարի է՝ ծառայում եմ մեր սիրելի տաշիրցիներին։ Տարիների ընթացքում համոզվել եմ, որ ծառայությունը միայն պաշտոն կամ պարտականություն չէ։ Այն որոշում է՝ մնալ այնտեղ, որտեղ քո ներկայությունը դեռ անհրաժեշտ է, կիսել մարդկանց հոգսերը և անել հնարավորը՝ նրանց կյանքը փոքր-ինչ ավելի լավը դարձնելու համար։

     

    Ինչպես իր խոսքում ընդգծեց Սրբազան Հայրը, նման միջոցառումները նաև հաշվետվության առիթ են։ Եվ այս բեմից ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել 1990-ականներից մինչև այսօր այն կազմակերպություններին ու բարերարներին, որոնք, թեև Տաշիրից չէին, բայց դժվար տարիներին ձեռք մեկնեցին մեր ժողովրդին և շարունակեցին աջակցել նրան։

     

    Հայ Կաթողիկէ Եկեղեցու միջոցով միջազգային կառույցների աջակցությամբ հազարավոր երեխաներ, երիտասարդներ, մայրեր և ընտանիքներ ստացան անհրաժեշտ օգնություն՝ նյութական, կրթական, սոցիալական և հոգևոր։ Այդ աջակցությունը շատերի համար դարձավ ոչ միայն դժվարությունները հաղթահարելու հնարավորություն, այլև հույսի ու արժանապատիվ կյանքի ճանապարհ։

     

    Եվ այսօր, միանալով բոլոր շնորհավորանքներին, ուզում եմ մեկ կարևոր մաղթանք հղել մեր քաղաքին ու նրա բնակիչներին։

    Թող գա՜ մի օր, երբ յուրաքանչյուր տաշիրցի իր ծննդավայրում տեսնի ապրելու, արարելու և իր երեխաների ապագան կառուցելու բավարար հնարավորություններ։ Թող ոչ ոք ստիպված չլինի հեռանալ իր տնից՝ ավելի լավ կյանք փնտրելու համար, և թող յուրաքանչյուր հեռացած մարդ վերադառնալու հույս ունենա։ Որովհետև մեր ծննդավայրը պարզապես այն վայրը չէ, որտեղ ծնվել ենք։ Այն մեր հիշողությունն է, մեր արմատները, մեր ինքնությունը։ Իսկ մեր բնակավայրը պետք է դառնա այն վայրը, որտեղ մենք ոչ միայն ապրում ենք, այլև ցանկանում ենք ապրել, ստեղծել և ապագա կառուցել։

     

    Տո՛նդ շնորհավոր, սիրելի՛ Տաշիր։

    Տո՛նդ շնորհավոր, սիրելի՛ տաշիրցիներ։

    Թող Տաշիրը միշտ մնա մեր սիրո, մեր ծառայության և մեր հույսի քաղաքը»:

     

    Դիվան Առաջնորդության Կաթողիկէ Հայոց

    12 հոկտեմբերի, 2026թ.

     

     

Օրացույց

Օրացույց