• Նախապատրաստություն Սեուլում տեղի ունենալիք ԵՀՕ-2027 միջազգային ուխտագնացությանը

    Քաջալերվեցե՛ք, ես հաղթեցի աշխարհին, Հվհ․ 16։33


    2026թ. սեպտեմբերի 13-17-ը Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում տեղի ունեցավ 2027թ. ամռանը նույն քաղաքում տեղի ունենալիք Երիտասարդական Համաշխարհային Օրերի նախապատրաստության երկրորդ միջազգային հանդիպումը, որին մասնակցեցին 259 անդամներ` աշխարհի տարբեր երկրների կաթողիկէ Եկեղեցիներից: Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի Հայ Կաթողիկէ Առաջնորդությունից հանդիպմանը մասնակցեց Տ. Հովսեփ Քհն. Գալստյանը` որպես ԵՀՕ-2017 ուխտագնացության պատասխանատուներից մեկը: Նախապատրաստական հանդիպմանը մասնակցում էին երկու կարդինալներ, եպիսկոպոսներ, այլ բարձրաստիճան հոգևորականներ և երիտասարդական խմբերի աշխարհական պատասխանատուներ:

     

    Բացման Սուրբ Պատարագը սեպտեմբերի 14-ին մատուցեց Հռոմի Սուրբ Աթոռի «Աշխարհականների, ընտանիքի և կյանքի Վերատեսչության» Նախագահ, պապական սենեկապետ Կարդինալ Քևին Ֆարելը: Իր քարոզում Կարդինալ Ֆարելը կատարեց հետևյալ շեշտադրումները.

     

    «Մինչ այսօր բազմաթիվ երիտասարդներ պայքարի մեջ են, Երիտասարդության համաշխարհային օրերը կարող են օգնել նրանց իրենց հայացքն ուղղել Քրիստոսին և ցույց տալ մի նոր մարդկություն, որը կարող է հաղթահարել ատելությունն ու բաժանումը: Արժե հանձնառու լինել այս նախապատրաստությանը. արժե աշխատել, զոհողություններ անել, ռեսուրսներ ներդնել և այդքան շատ մարդկանց մոբիլիզացնել, որովհետև երիտասարդներն են Եկեղեցու և աշխարհի ապագան: Հույսը վերավառել նույնիսկ մեկ երիտասարդի մեջ նշանակում է օգնել ողջ մարդկությանը քայլ անել դեպի առաջ»:

     

    Կարդինալ Ֆարելի ղեկավարած վերատեսչությունն է կազմակերպում 3-4 տարին մեկ աշխարհի տարբեր երկներում կազմակերպվող այս մեծածավալ և երիտասարդների համար շատ սպասված միջոցառումը, որին, սովորաբար, մասնակցում է 1,5 միլիոնից մինչև 2 մլն. երիտասարդ: Սա պահանջում է հսկայական կազմակերպչական աշխատանք: Սեուլում կայանալիք Երիտասարդության համաշխարհային օրերը նախատեսված է անցկացնել 2027 թվականի օգոստոսի 3-ից 8-ը:

     

    Ն. Ս. Ֆրանցիսկոս Պապն է ընտրել Կորեան` որպես 2027-ի ԵՀՕ-ի վայր: Կորեայի եկեղեցին իր երկուսուկես հարյուրամյակների պատմության ընթացքում` բազում հալածանքներն է կրել իշխող արքայատոհմերի կողմից, զրկանքներ կրել կորեական պատերազմի և հայրենիքի բաժանության պատճառով և 1950 թվականից վայելում է հարաբերականորեն խաղաղ տարիների հոգևոր վերելքը` տառապանքի և հավատքի պաշտպանության հարուստ փորձառությամբ, որով կիսվելու է միլիոնավոր երիտասարդների հետ` նրանց հնարավորություն տալով մտորելու սեփական հավատքի ակունքների մասին: Այս մասին շեշտեց Կորեայի Արքեսկոպոս Փիթեր Սուն Թայք-Չունգը` բացման արարողության ժամանակ:

     

    Խորհրդաժողովի ժամանակ խոսվեց 1985 թվականից կանոնավոր ձևով կազմակերպվող Երիտասարդական Համաշխարհային Օրեր միջոցառման պատմական փորձառության, արդյունքների և հովվական աստվածաբանական իմաստի մասին: Իրենց փորձառությամբ պանելային քննարկումների ժամանակ կիսվեցին վերջին երկու ԵՀՕ-ների կազմակերպիչները` բրազիլացի Կարդինալ Ամերիկո Ագիյարը, որը նախագահել է Լիսաբոնի 2023-ԵՀՕ-ը, և Պանամայի կազմակերպչական հանձնախմբի քարտուղար Վիկտոր Չանգը` աշխարհական: Ելույթ ունեցան նաև երիտասարդներ, որոնք խորհրդատվական կամավոր աշխատանքով աջակցում են Սուրբ Աթոռի Վերատեսչությանը:

     

    Երեք օրերի ընթացքում մանրամասնորեն բացատրվեցին ԵՀՕ-2027-ին մասնակցելու համար նախապատրաստական աշխատանքերի գործընթացը, ցույց տրվեցին Սեուլում տեղի ունենալիք օրակարգայիան իրադարձությունների վայրերը, խորհրդաժողովի անդամներն այցելեցին կորեացի կաթողիկէ նահատակների սրրբավայրը` Ջեոլդուսանում, և մասնակցեցին Սուրբ Պատարագի` Սեուլի Մյոնգդոնդ Կաթողիկէ Մայր Տաճարում, որը մատուցեց Սեուլի Արքեպիսկոպոսը: Վերջում թեմական երգչախումբը կատարեց ԵՀՕ-2027-ի պաշտոնական օրհներգը` ազգային երաժշտության գեղեցիկ տարրերով:

     

    Արհ. Տ. Գևորգ Արքեպս. Նորատունկյանի օրհնությամբ այս տարվա սկզբին ստեղծվել է ԵՀՕ-2027 Սեուլ միջոցառման ուխտագնացությունը կազմակերպող Առաջնորդության հանձնախումբը, որի կազմում են ՀԿԵՄ (Հայ կաթողիկէ երիտասարդաց միություն)  պատասխանատու երկու հոգևորականներ և յոթ երիտասարդներ, ովքեր մասնակցել են 2025թ. հույսի ուխտագնացությանը դեպի Հռոմ և նախաձեռնել են ՀԿԵՄ-ի ձևավորումը:

     

    Տ. Հովսեփ Քհն. Գալստյան

    Դիվան Առաջնորդության Կաթողիկէ Հայոց

    17 սեպտեմբերի, 2026թ.

     

Օրացույց

Օրացույց