• Հարյուր երեխաներ մասնակցեցին բակային ճամբարի` Արևիկ գյուղում

    Երեխաների համակողմանի զարգացման առաքելությունը


    Շիրակի մարզի Արևիկ հայ կաթողիկէ համայնքում 2026թ. հուլիսի 23-27-ը կազմակերպվեց բակային ճամբար` Հայ Կաթողիկէ Առաջնորդության և «Արև-Վան» հասարակական կազմակերպության կողմից` տեղի ժողովրդապետ Արժ. Տ. Նարեկ Քհն. Թադևոսյանի հոգևոր առաջնորդությամբ, տկն. Սաթենիկ Վանոյանի և մի խումբ կամավորականների կազմակերպչական աշխատանքով, ինչպես նաև Ախուրյանի համայնքապետարանի աջակցությամբ: Բացման արարողությունը կատարվեց նախագահությամբ և օրհնությամբ Արհ. Տ. Գևորգ Արքեպս. Նորատունկյանի և ներկայությամբ Տ. Նարեկ Քհն. Թադևոսյանի, Տ. Միքայել Քհն. Դոմբուրյանի և Ախուրյան համայնքի ղեկավար պրն. Զավեն Մանուկյանի:

     

    Բակային ճամբարի օրակարգում երեխաները ներգրավված էին օրվա երկրորդ կեսին` ժամը 16:00-ից մինչև 21:30-ը:
    Օրակարգում ընդգրկված էին`
    – վարպետաց դասեր ձեռագործության, էկո-ստեղծագործության, նկարչության,
    – զրույցներ և քննարկումներ` արտակարգ իրավիճակներում ճիշտ վարքային դրսևորման վերաբերյալ,
    – զրույցներ հոգեբանական թեմաների մասին, որոնք օգնում են ավելի լավ հասկանալ սեփական ինքնությունը և ճիշտ կառուցել մարդկային հարաբերությունները,
    – դաս` առաջին բուժօգնության մասին,
    – ինտելլեկտուալ խաղ` «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»:

     

    Երեխաների հետ այս օրերին աշխատեցին Գյումրիի Գեղագիտական կենտրոնի տնօրեն Սուսաննա Մկրտչյանը, մանկավարժ-հոգեբան Հեղինե Գալոյանը, հրշեջ-փրկարարական ծառայության սերժանտ Վ. Մխիթարյանը, «ԽորանԱրդ» ՀԿ-ի Նախագահ Արմեն Պետրոսյանը, բուժքույր Սիմա Նազարեթյանը և կամավորական Միլենա Թադևոսյանը:

     

    Երեխաները նաև մասնակցեցին Սուրբ Գրքի հատվածների շուրջ խորհրդածության պահերի, միասնական աղոթքների և Սուրբ Պատարագի, որը մատուցեց Արժ. Տ. Միքայել Քհն. Դոմբուրյանը` գոհություն հայտնելով Աստծուն այս գեղեցիկ օրերի և կամավորականների համար, ովքեր ջանացին երեխաների ամառային հանգիստը համատեղել նրանց արվեստի, ինքնաճանաչման և սոցիալական հարաբերությունների հմտությունները զարգացնելու հետ:

     

    Ծրագիրը ֆինանսավորվում է ֆրանսիական l’Oeuvres d’Orient կազմակերպության և բարերար պրն. Միշել Դավուդյանի կողմից:

     

    Տ. Հովսեփ քհն. Գալստյան
    Դիվան Առաջնորդության Կաթողիկէ Հայոց
    30 հուլիսի, 2026թ.

     

     

    Ավելի շատ ֆոտոներ կարելի է գտնել Առաջնորդության ֆեյսբուքյան էջին։

Օրացույց

Օրացույց