
Հովվական այցելություններ
2026թ. հուլիսի 9-11-ը Արհ. Տ. Գևորգ Արքեպս. Նորատունկյանը հովվական այցելություններ կատարեց Ջավախքի հայ կաթողիկէ համայնքներ: Հուլիսի 9-ին Առաջնորդը Սուրբ Պատարագ մատուցեց Ծղալթբիլայի Սուրբ Աստվածածին եկեղեցում՝ առընթերակայությամբ տեղի ժողովրդապետ Արժ. Տ. Սահակ քհն. Աղեկյանի և աղոթակցությամբ Վրաստանի հայ կաթողիկէ համայնքների Ավագերեց Գերհ. Հ. Միքայել Ծ. Վրդ. Խաչկալյանի, ծնունդով նույն գյուղից, Սիբիրի հայ կաթողիկէների ժողովրդապետ Գերպ. Հ. Հովսեփ Վրդ. Մելիքսեթյանի, Արժ․ Տ․ Պողոս Քհն․ Գրիգորյանի, ինչպես նաև՝ Ախալցխայի և Բորժոմիի Հայ Առաքելական Եկեղեցու համայնքների հոգևոր տեսուչ Գերպ. Հ. Հակով Վրդ. Սահակյանի, և ներկայությամբ տեղի հավատացյալների բազմության: Սրբազանը Հայրը յընթացս Սուրբ Պատարագի իր հայրական երախտագիտությունը հայտնեց տեղի ժողովրդապետ Արժ. Տ. Սահակ Քհն. Աղեկյանին՝ նրան շնորհելով լանջախաչ՝ որպես գնահատում անցած տասը տարիների քահանայական վաստակի և 2019թ. սեպտեմբերից մինչ օրս Ծղալթբիլա, Սուխլիս, Ջուլղա համայնքներում իր կատարած գովելի ծառայության համար: Պետք է ասել, որ այս համայնքների հավատացյալներն աչքի են ընկնում հայ կաթողիկէ հավատքի պաշտպանության ավանդապահ և նվիրված բնութագրով, որի զարգացումն ու բարեզարդումը նաև այդ համայնքներում ծառայող հոգևորականների պտուղն է՝ հասունացած Սուրբ Հոգու շնորհներով: Առաջնորդի համար միշտ գնահատելի է քահանայական նվիրումը և անվերապահ ծառայությունը՝ ի փառս Աստծո:
Առաջնորդն իր հայրական այցելությամբ պատվեց նաև Ջուլղա, Սուխլիս, Ծինուբան, Նաոխրեբ, Աբաթխև և Ղուլալիս գյուղերի հավատացյալներին՝ նրանց հետ զրուցելով նրանց հուզող հարցերի շուրջ և բաշխելով իր հայրական օրհնությունը:
Հուլիսի 10-ին Առաջնորդ Հայրը ներկա գտնվեց նաև Հեշտիա գյուղի տոնին, որ այստեղ ամեն տարի նշվում է մեծ շուքով: Այս տարի գյուղը տոնեց իր հիմնադրման 198-րդ ամյակը: Գյուղի տոնը սկսվեց Սուրբ Պատարագով, որը մատուցվեց ձեռամբ Սրբազան Հոր և առընթերակայությամբ Հեշտիայի ժողովրդապետ Արժ. Տ. Անտոն Քհն. Անտոնյանի: Սրբազանն իր քարոզում շնորհավորեց Հեշտիայի տոնը և մեծ գնահատանքով ու գոհունակությամբ խոսեց գյուղի հոգևոր պատմության, ավանդապաշտության և աղոթասիրության մասին: Պատարագից հետո գյուղի հրապարակում տեղի ունեցավ տոնակատարության ելույթների և համերգային մասը: Ներկա էին տեղի հասարակական և քաղաքական գործիչներ` Վրաստանի Խորհրդարանի պատգամավորներ, Նինոծմինդայի քաղաքապետը, բարերարներ և բազմաթիվ հյուրեր, գյուղի ամբողջ բնակչությունը:
Հուլիսի 11-ին Սրբազանն այցելեց Ալաստան և Վարևան համայնքները՝ տեղի հավատացյալների բազմությանը ներկայացնելով այդ գյուղերի նորանշանակ ժողովրդապետ Արժ. Տ. Ռուբեն Քհն. Միսիսյանին, ով փոխարինեց Գերհ. Հ. Անդրեյ Ծ. Վրդ. Յանիցկիին, որ երկար տարիներ հավատարմորեն ծառայել է այդ համայնքներում՝ լինելով միաժամանակ Տուրցխ և մի քանի այլ գյուղերի ժողովրդապետը: Սրբազան Հայրը նախ խորին շնորհակալություն հայտնեց Հ. Անդրեյին նրա բազմավաստակ և բազմաբեղուն, Տիրոջ անխոնջ մշակի ծառայության համար` մաղթելով քաջառողջություն, քահանայական անսպառ եռանդ՝ շարունակելու իր ծառայությունը՝ որպես Տուրցխի ժողովրդապետ: Տ. Ռուբեն Քհն. Միսիսյանն այսուհետև կթեթևացնի նրա հոգևոր ծառայության ծանրությունը և ինքը կստանձնի Ալաստան և Վարևան գյուղերի հովվությունը՝ Կարտիկամ, Խուլգումո և Բավրա գյուղերի հովվության հետ զուգահեռ: Սրբազան Հայրն աղոթեց Տ. Ռուբենի համար` հայցելով Աստծո շնորհներն ու պարգևները, որպեսզի հոգ տանի իր խնամքին հանձնված ժողովրդի հոգևոր բարգավաճման մասին:
Վարևան գյուղում տոնվեց գյուղի տոնը, որի ժամանակ հիշատակում են նաև ծնունդով նույն գյուղից հայ կաթողիկէ հոգևորական, տաղերգու, աշուղ, մանկավարժ և հասարակական գործիչ Ղունկիանոս Կարնեցու տոնը, որին տեղի ժողովուրդը վերաբերվում է սրբի նման: Ըստ պահպանված տեղեկությունների, Ղունկիանոսը ծնվել է 1781-ի և 1786-ի միջև` Կարինում, կրթվել է Անտոնյան միաբանության վանքում` Լիբանանում, ծառայել տարբեր երկրներում, 1828-ից սկսած հաստատվել է Թբիլիսիում, ապա տեղափոխվել Վարեվան գյուղ` օգնելու նորագաղթ հայ կաթողիկէ բնակչությանը` երեխաների դաստիարակության և կրթության առաքելությամբ: Ղունկիանոսը եղել է բազմակողմանի մանկավարժ, վարժապետ և կրոնուսույց: Նրա գրչին են պատկանում բազմաթիվ հոգևոր երգեր, բանաստեղծություններ, որոնց մի մասն է միայն պահպանվել: Վախճանվել է 1841-ին և թաղվել գյուղի եկեղեցու մոտ, որտեղ կառուցվել է Սուրբ Ղունկիանոս անունը կրող մի մատուղ, որ ջավախահայության համար դարձել է ուխտատեղի: Ըստ որոշ տեղեկությունների, Ղունկիանոսը եղել է կուսակրոն հոգևորական և շատ հմուտ հայկական շարականների երգեցողության մեջ:
Արհ. Տ. Գևորգ Արքեպս. Նորատունկյանը ներկա գտնվեց Ղունկիանոսին նվիրված տոնակատարությանը և մատուցեց Սուրբ Պատարագ, հանդես եկավ հայրական պատգամով, որից հետո կատարեց Աստվածամոր մի քարե պատկերի օրհնության և օծման կարգը և տեղի ժողովրդի հետ միասին հացկերույթի սեղան նստեց` մտերմիկ զրույցի:
Տ. Հովսեփ Քհն. Գալստյան
Դիվան Առաջնորդության Կաթողիկէ Հայոց
12 հուլիսի, 2026թ.





