• Բակային ճամբարներ՝ Աշոցքի հայ կաթողիկէ համայնքներում

    Երեխաների համակողմանի զարգացման համար


    Հայ Կաթողիկէ Առաջնորդությունն այս տարի ևս, բարերարների առատաձեռն նվիրատվություններով, համայնքներում կազմակերպեց ամառային բակային ճամբարներ` երեխաների համար: Այդ ծրագրի շրջանակներում Աշոցքի Ղազանչի և Սիզավետ գյուղերում հունիսի 22-28-ը մոտ հիսուն երեխաներ մասնակցեցին բակային ճամբարների, որոնք վարում էին տեղի երիտասարդները, Ղազանչիում` Մարիամի Լեգեոնի երիտասարդական խումբը` Աշոցքի հայ կաթողիկէների ժողովրդապետ Տ. Հովսեփ Քհն. Գալստյանի հոգևոր առաջնորդությամբ: Ճամբարներն ունեին հինգօրյա տևողություն` դասերի, աղոթքների և ակտիվ խաղերի հետաքրքիր օրակարգերով, որոնք ընդգրկում էին սեմինար-քննարկումներ`

    -քրիստոնեական վարդապետության թեմաների, Սուրբ Գրքի պատմությունների մասին,
    -բնապահպանության մասին` տարածքի պահպանության գործողություններով,
    -ընկերային հարաբերությունների, առաջնորդության, միմյանց սիրելու և ներելու մասին,
    -համացանցից օգտվելու, որոշ խմբային խաղերից զգուշանալու մասին:

     

    Բակային ճամբարները հիանալի հնարավորություն են երեխաների համար` իրենց համար սովորական միջավայրը դիտարկելու որպես միասնության, քրիստոնեական արժեքների վրա հիմնված մարդկային հարաբերություններ զարգացնելու, սեփական հմտությունները զարգացնելու և գիտելիքներն ավելացնելու համար: Նրանք` իրենց անիմատորների և ավագ ընկերների առաջնորդությամբ, որոնք աշխատում են իրենց համար` ամբողջովին կամավորության սկզբունքով, սկսում են իրենց կյանքի և նպատակների մասին մտածել նոր տեսանկյունից, արտադպրոցական ձևաչափով կազմակերպված հանդիպումների միջոցով սովորում են այլ կերպ ընկալել իրականությունը և մտածել ավելի լայն, որն օգնում է նրանց ավելի ճիշտ որոշումներ կայացնել նաև սեփական կոչումն ու մասնագիտությունն ընտրելու հարցում, ինչը շատ կարևոր է պատանեկան տարիքում:

    Իրենց ձեռքբերումների համար երեխաներն Առաջնորդ Հոր կողմից նվեր ստացան Տիրոջ հրաշքների մասին պատմող գրքույկներ:

     

    Տ. Հովսեփ Քհն. Գալստյան
    Դիվան Առաջնորդության Կաթողիկէ Հայոց

    30 հունիսի, 2026թ․

     

Օրացույց

Օրացույց