
Ծառայել Սրբություն Սրբոցին՝ ձգտելով սրբության
2026թ. հունիսի 1-5-ը Երևանի Հայ Կաթողիկէ Առաջնորդարանում կազմակերպվեցին Սուրբ Խորանի սպասավորների պատրաստության օրեր՝ նախաձեռնությամբ և օրհնությամբ Կաթողիկէ Հայոց Առաջնորդ Արհ. Տ. Գևորգ Արքեպս. Նորատունկյանի: Դասընթացները վարում էր Մոսկվայի հայ կաթողիկէների ժողովրդապետ, Ռուսաստանի հայ կաթողիկէ համայնքների Ավագերեց Գերհ. Հ. Պետրոս Ծ. Վրդ. Եսայանը՝ գործակցությամբ Վրաստանի հայ կաթողիկէ համայնքերի Ավագերեց Գերհ. Հ. Միքայել Ծ. Վրդ. Խաչկալյանի, Արժ. Տ. Կոմիտաս Քհն. Դավեյանի, Արժ. Տ. Հովսեփ Քհն. Գալստյանի, Արժ. Տ. Ռուբեն Քհն. Միսսիսյանի և Արժ. Տ. Միքայել Քհն. Դոմբուրյանի, ինչպես նաև երգի ուսուցչուհի Տկն. Գոհար Շախուլյանի: Դասընթացին մասնակցեցին 10-27 տարեկան 56 պատանիներ և երիտասարդներ՝ Հայաստանի և Վրաստանի համայնքներից:
Հագեցած օրակարգում ներառված էին տեսական զրույցներ՝ Սուրբ Պատարագի և Խորանի սպասավորության իմաստի մասին, գործնական դասեր՝ Սուրբ Պատարագի սպասավորությունը ճշգրիտ կատարելու համար, ինչպես նաև՝ աղոթասացության և երգեցողության դասեր, ամենօրյա Սուրբ Պատարագ և Վարդարանի աղոթք, սպորտային ակտիվություն՝ ֆուտբոլային խաղ և այլ խաղեր, ուխտագնացություն դեպի Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցին և ամրոցը:
Երիտասարդերի և պատանիների համար այս օրերը ոչ միայն գիտելիքների հարստացման, այլև՝ հոգևորականների հետ առավել մոտիկից շփվելու և իրենց հուզող հարցերին պատասխաններ ստանալու հնարավորություն էր: Նրանք հետաքրքրված էին թե՛ հայ կաթողիկէ ծեսի առանձնահատկություններով, որի նկատմամբ լցված են խանդավառ սիրով, թե՛ հավատքի և քրիստոնեական վարդապետության տարբեր հարցերով, որոնց մասին սեփական պատկերացումներն ու գաղափարներն ուզում էին հստակեցնել հոգևորականների հետ զրույցների միջոցով, որոնք տեղի էին ունենում դասերի և ոչ ֆորմալ հանդիպումների միջոցով:
Արհ. Տ. Գևորգ Արքեպս. Նորատունկյանը երկու հանդիպում ունեցավ երիտասարդների հետ՝ Սուրբ Պատարագի խորհրդի և քահանայական կոչման մասին:
Սրբազանն առավել հրավիրեց մտածել սպասավորության հոգու մասին, առանց որի ծիսական գործողություններն անիմաստ են. հարկավոր է գիտակցել, թե ինչի համար է սպասավորը Խորան բարձրանում, ինչ նպատակով է կատարվում այդ ծառայությունը: Ամեն մի գործողության հետևում թաքնված է հոգևոր մեծ իմաստ, որը պետք է հասկանալ: Սրբազանը հրավիրեց նաև մտածելու սպասավորների միջև եղբայրական հարաբերությունների զարգացման մասին:
Քահանայական ծառայության մասին իր հանդիպման ժամանակ Առաջնորդ Հայրը անկեղծորեն պատմեց իր քահանայական ծառայության կոչման պատմությունը, որը սկսվեց դեռ շատ մանուկ հասակում՝ պարզ աղոթքներից և Սուրբ Պատարագի հանդեպ սիրուց և զարգացավ ու հասունացավ, երբ հասկացավ, որ աշխարհիկ մասնագիտություններն իր համար չեն, այլ՝ իր համար են միայն հոգևոր ծառայությունն Աստծուն և Եկեղեցուն: Նրա պատմությունը առիթ տվեց մտածելու, թե ինչպես է Աստված կանչում քահանայական ծառայության կամ այլ տեսակի հոգևոր ծառայության. յուրաքանչյուրի հարաբերությունն Աստծո հետ եզակի մի պատմություն է և ուշադրության արժանի:
Վերջին օրը սպասավորները լսեցին նաև Գերհ. Հ. Պետրոս Ծ. Վրդ. Եսայանի զրույցը քահանայական կոչման զատորոշման և քահանայական ծառայություն սկսելու մասին: Պատանիները շատ հետաքրքրված էին այդ պատմություններով՝ ջանալով միաժամանակ հասկանալ սեփական կյանքի ճանապարհը և Աստծո հնարավոր կանչը՝ նվիրվելու հոգևոր ծառայության:
Տ. Հովսեփ Քհն. Գալստյան
Դիվան Առաջնորդության Կաթողիկէ Հայոց
5 հունիսի, 2026թ.





