
Հոգեխնամ առաքելության ընդլայնում
Աստվածային նախախնամությամբ, 2026թ. հունվարի 29-ին Արհ. Տ. Գևորգ Արքեպս. Նորատունկյանի տնօրինությամբ Ռուսաստանի հայ կաթողիկէների Ավագերեց, Մոսկվայի ժողովրդապետ Գերհ. Հ. Պետրոս Ծ. Վրդ. Եսայանը համատեղությամբ նշանակվեց նաև այցելու ժողովրդապետ՝ Բելառուսիայի և Ղազախստանի հայ կաթողիկէների համար: 2026թ. մայիսի 6-14-ը՝ Համբարձման տոնին ընդառաջ, Հ. Պետրոս Եսայանն առաջին անգամ այցելեց Կազախստան, որը մեծ անակնկալ և սրտի բերկրանք էր տեղի հայ ընտանիքների համար, քանի որ դա հայ կաթողիկէ հոգևորականի առաջին և պատմական այցելությունն էր Ղազախստան: Բալխաշում և Կարագանդայի Աթոռանիստ տաճարում, որտեղ Հ. Պետրոսը մատուցեց հայածես Սուրբ Պատարագ, հայ ընտանիքներն առաջին անգամ բերկրալից հոգևոր ապրումով մասնակցեցին հայալեզու Պատարագին: Շատերն առաջին անգամ ընդունեցին նաև Խոստովանության Սուրբ Խորհուրդը: Չորս երիտասարդներ և երեխաներ մկրտություն ստացան:
Հ. Պետրոսը հանդիպումներ է ունեցել նաև տեղի լատինածես եպիսկոպոսների և քահանաների հետ, ներկայացրել նրանց Հայ Կաթողիկէ Եկեղեցին, փոխանցել Արհ. Տ. Գևորգ Արքեպս. Նորատունկյանի ջերմ ողջույնները, հետաքրքրվել տեղի հայ կաթողիկէների մասին և հաստատել ջերմ հարաբերություններ: Հ. Պետոս Ծ. Վրդ. Եսայանը այցելություն է տվել նաև Ղազախստանում ՀՀ դեսպան պրն. Արմեն Ղազարյանին, առանձին ջերմ հանդիպումներ ունեցել տեղի հայ կաթողիկէների հետ, ովքեր մեծ կարիք ունեն հաղորդակցվելու հայ հոգևորականների հետ և առավել խորությամվ հասկանալու իրենց հոգևոր և ծիսական ինքնությունը, որը խորապես հայկական և խորապես կաթողիկէ կնիք ունի:
Տ. Հովսեփ Քհն. Գալստյան
Դիվան Առաջնորդության Կաթողիկէ Հայոց
18 մայիսի, 2026թ.





