• Նախաձեռնողական հանդիպում՝ Առաջնորդության Հովվական Խորհրդի ստեղծման նպատակով

    «Հայ Կաթողիկէ Առաջնորդության սինոդական ճանապարհի սկիզբը»


    2026թ. ապրիլի 25-ին Երևանի Հայ Կաթողիկէ Առաջնորդարանում տեղի ունեցավ նախաձեռնողական հանդիպում՝ հայ կաթողիկէ եկեղեցու նվիրյալ զավակների հետ՝ «Հայ Կաթողիկէ Առաջնորդության սինոդական ճանապարհի սկիզբը» խորագրով: Հանդիպման առաջին նպատակն էր՝ համախմբել հայ կաթողիկէ համայնքների հավատացյալ, նվիրյալ անձանց, ովքեր մասնագիտացած են և աշխատում են տարբեր հասարակական բնագավառներում՝ նրանց համար ստեղծելով միմյանց հետ առավել մոտ ծանոթանալու, Առաջնորդության հովվական առաքելությանը վերաբերվող հարցերի շուրջ զրուցելու, խորհրդակցելու մի հարթակ և հնարավորություն: Երկրորդ նպատակն էր նրանց օգնությամբ ստեղծել երկու խորհրդակցական մարմիններ՝

     

    1.Առաջնորդության ընդհանուր Հովվական Խորհուրդ և

    2.Ֆինանսների և նյութական ռեսուրսների կառավարման հանձնախումբ:

     

    Այս նախաձեռնությունը համահունչ է Կաթողիկէ Եկեղեցու որդեգրած սինոդոսականության սկզբունքին, որը ենթադրում է Եկեղեցու առաքելության մեջ ձևավորել միասնականություն՝ հոգևորականների, միաբան վանականների և մանավանդ աշխարհականների միջև՝ բոլորին ներգրավելով ըստ իրենց մասնագիտական կարողությունների, որպեսզի իրենց խորհրդատվական աշխատանքով մասնակցեն որոշումների ընդունման գործընթացներում: Սա նաև թույլ կտա բաձրացնել հովվական առաքելության արհեստավարժությունը և արդյունավետությունը, ինչը համահունչ է Եկեղեցու կանոնադրությանը և հովվական առաքելության բնույթին՝ Աստծո շնորհը գործադրված արհեստավարժությամբ և մասնակցայնության բարձր մակարդակով: Հանդիպմանը մասնակցեցին մոտ քառասուն անձինք՝ առաջնորդությամբ Արհի. Տ. Գևորգ Արքեպս. Նորատունկյանի և մասնակցությամբ Հայաստանում և Վրաստանում Պապական Նվիրակ Արհ. Տ. Անտե Արքեպիսկոպոս Յոզիչի, Գերհ. Հ. Ներսես Ծ. Վրդ. Գալստյանի, Գերհ. Հ. Եղիա Ծ. Վրդ. Քիլաղպյանի, Արժ. Տ. Կոմիտաս Քհն. Դավեյանի, Գերպ. Հ. Գևորգ Վրդ. Սարգսյանի և Արժ. Տ. Հովսեփ Քհն. Գալստյանի, նաև՝ Անարատ Հղության միաբաններ ք. Նարինե Սիմոնյանի և ք. Մարիամ Հարությունյանի, ինչպես նաև Ռադիո Մարիամ մշակութային հիմնադրամի համակարգող Անի Բաղդասարյանի:

     

    Հանդիպման ընթացքում ներկաների համար համառոտ պատմական և տեղեկատվական ամփոփում կատարվեց Հայ Կաթողիկէ Եկեղեցու և Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի Հայ Կաթողիկէ Առաջնորդության պատմության, ներկա դրության, վիճակագրության, հովվական առաքելության նպատակների և մարտահրավերների վերաբերյալ: Առանձին անդրադարձ կատարվեց նաև Առաջնորդության ֆինանսատնտեսական իրավիճակին, որդեգրված նոր աշխատանքային ձևին և արդյունավետ կառավարման քայլերին: Խոսվեց Առաջնորդության ընդհանուր Հովվական խորհրդի և առանձին ֆինանսական հարցերով զբաղվող հանձնախմբի ձևավորման անհրաժեշտության և նպատակների մասին:

     

    Մասնակիցները հայտնեցին իրենց պատրաստակամությունը՝ աջակցելու ըստ իրենց մասնագիտական կարողությունների՝ Հայ Կաթողիկէ Առաջնորդության հովվական առաքելության և Առաջնորդության խնամքին հանձնված ժողովրդի հոգևոր և համապարփակ բարօրության համար: Այդ նպատակով միաձայն որոշվեց ստեղծել վերոհիշյալ երկու խորհրդակցական մարմինները և հաջորդ հանդիպումներին քննարկել այդ երկու կառույցների կանոնադրությունները և գործողությունների ծրագրերը:

     

    Հանդիպումն ավարտվեց միասնական ընթրիքով և դասական երաժշտության համերգային գեղեցիկ ծրագրով:

     

    Դիվան Առաջնորդության Կաթողիկէ Հայոց

    Տ. Հովսեփ Քհն. Գալստյան

    27 ապրիլի, 2026թ.

     

Օրացույց

Օրացույց