
Սրբազան Հոր առաջին ձեռնադրությունը
2026թ. ապրիլի 11-ին Արհ. Տ. Գեւորգ Արքեպս. Նորատունկյանը Մխիթարյան Միաբանության մեծավորների հրավերով եւ խնդրանքով Վենետիկի Սուրբ Ղազար Մայրավանքում կատարեց Եղբ. Առաքել Քալանթարյանի սարկավագական ձեռնադրությունը։ Սա Սրբազան Հոր կատարած առաջին սարկավագական ձեռնադրությունն էր։ Ձեռնադրյալ վանական եղբայրը, որ արդեն անցավ նաեւ Հայ Կաթողիկէ հոգեւորականների դասը, ծնունդով Հայաստանից է եւ Մխիթարյանների առաջին հայաստանցի կոչումն է, որ ստացավ ձեռնադրություն եւ ընթանում է դեպի քահանայություն։
Սրբազան Հայրն իր քարոզում ասաց հետևյալը.
«Այսօր ուրախություն և ցնծություն է Մխիթարյան միաբանության համար, նաև եղբայր Առաքելի հարազատների համար, մեզանից յուրաքանչյուրի համար, վերջին 13 տարվա տեսուչների, մեծավորների, համալսարանի դասախոսների համար, որոնք ընկերացան եղբայր Առաքելի քայլերին՝ նրան այս րոպեին արժանացնելու համար:
Եղբայր Առաքել, այսօր հատկանշական օր է քեզ համար, որը պիտի դրոշմի քո կյանքը: Մինչև այսօր ինչ-որ մի պայմանավորվածություն կար Տիրոջ և քո միջև: Պայմանավորվածությունն այն բանի մեջ էր, որ քո ականջիդ հնչեցրեց մի ձայն. «Թո՜ղ ամեն բան ու արի՜ իմ ետևից»: Այս պայմանավորվածությունը տևեց 13 տարի: ժամանակավոր պայմանավորվածություն էր, որ այսօր հասավ իր ավարտին: 13 տարվա ընթացքում քո դաստիարակները քո շուրջն էին, ընկերացան քո ամաչկոտ քայլերին և Աստծո Խորանի առջև վերջին շրջանում կողմնորոշվեցին, որ արժանի ես: Դու էլ այդ ձայնին հավատարիմ եղար այդ 13 տարիների ընթացքում, համապատասխանեցիր Աստծո շնորհին: Այսօր քո և Աստծո միջև մի ուրիշ պայմանավորվածություն կսկսվի, որ առանց ժամկետ է. պիտի տևի մինչև կյանքիդ վերջին օրը: Այս պայմանավորվածությունը կխնդրի քեզանից հավատարմություն, լինել մի քիչ ավելի գիտակից, հսկող, զգույշ, հավատարմություն այն կոչին, որ այսօր՝ առաջին եկեղեցական աստիճանը ստանալով, դառնում ես եկեղեցական, ինչը ծանր պատասխանատվություն է, հավատարմություն այս վանքին, Մխիթարյան միաբանության բոլոր Հայրերին, հավատարմություն սարկավագի աստիճանին: Սարկավագությունը երեք տեսակի ծառայություն է. Աստծո խոսքին ծառայություն, սիրո ծառայություն և համայնքին ծառայություն: Այս ամենը քո ուշադրությանն եմ հանձնում:
Մեր բոլորի հույսն է, մաղթանքն է, աղոթքն է, որ քեզ հետ շփվողը ներշնչվի քեզանից, քո ունեցած քաջությունը ունենա՝ ասելու Տիրոջ ձայնին. «Քո ծառան եմ, ո՜վ Տեր: Ամեն»:
Բարեշնորհ Առաքել սարկավագ Քալանթարյանի կենսագրությունը
Եղբ. Առաքել (ավազանի անունով՝ Արթուր) Քալանտարյանը ծնվել է 1995 թ. հունիսի 1-ին Հայաստանի Տավուշի մարզի Չորաթան գյուղում: Նախնական կրթությունը ստացել է Չորաթանի Արթուր Ուդումյանի անվան միջնակարգ դպրոցում (2002–2009)` միաժամանակ հաճախելով գյուղում գործող «Մխիթարյան» երիտասարդական կենտրոն: 2009 թ. ուսումը շարունակել է Ավանի (Երևան) Մխիթարյան ընծայարանում, որտեղ 2013-ին ավարտել է միջնակարգ կրթությունը։
Քրիստոնեական դաստիարակություն ստացել է Հայր Հովսեփ Վրդ. Պեհեսնիլյանի առաջնորդությամբ: 2010 թվականին ստացել է Մկրտության և Դրոշմի խորհուրդները՝ լիարժեքորեն անդամակցելով Եկեղեցու կյանքին:
2013-2015 թվականներին անցել է կրոնական կյանքին նախապատրաստվելու փուլը՝ ստանձնելով նաև ընծայարանի սաների դաստիարակչական պատասխանատվությունը:
2015 թ. նոյեմբերի 1-ին ժամանել է Վենետիկ՝ Սուրբ Ղազար կղզու Մխիթարյան մայրավանք եւ սկսել իր հայցվորության (aspirantato) շրջանը: 2016-2018 թվականներին անցել է նորընծայության (noviziato) շրջանը՝ երեք ամիս Սուրբ Ղազարի ընծայարանում, ապա յոթ ամիս (մինչև 2017-ի հունիս)` Վենետիկի Ռեդենտորեի Կապուչին հայրերի վանքում, Հ. Անտոն Վրդ.Գրիգորյանի մեծավորությամբ։
2018 թվականի սեպտեմբերի 9-ին ընդունել է կրոնավորական ժամանակավոր ուխտերը: Այնուհետև ուսանել է փիլիսոփայություն (2018–2020) Վենետիկի «Marcianum» պատրիարքական ճեմարանում, իսկ աստվածաբանական կրթությունը (2020–2023) շարունակել է Ֆրանչիսկյան Կապուչին եղբայրների «Laurentianum» աստվածաբանական ինստիտուտում:
2021 թվականի մարտի 2-ին ստացել է փոքր աստիճաններ և կիսասարկավագություն: 2021 թվականի սեպտեմբերի 7-ին ընդունել է կրոնական մշտնջենական ուխտը՝ վերջնականապես նվիրելով կյանքս Աստծուն և Եկեղեցուն: 2023-2024 թվականներին մասնակցել եմ հովվական առաքելության պատրաստություն՝ խորացնելով փորձառությունը եկեղեցական ծառայության մեջ:
2023 թվականից մինչ օրս Վենետիկի Սուրբ Ղազար Մխիթարյան մայրավանքում ստանձնել է Ընդհանուր Մատակարարի օգնականի պաշտոնը:
Տ. Հովսեփ Քհն. Գալստյան
Դիվան Առաջնորդության Կաթողիկէ Հայոց
13 ապրիլի 2026թ.





