
«Քավ լիցի ինձ պարծենալ այլ բանով, քան միայն Տեր Հիսուս Քրիստոսի խաչով», Գաղ. 6:14
2026թ. ապրիլի 7-ին Ախալցիխեի շրջանի Ծղալթբիլա հայ կաթողիկէ գյուղում օծվեց և օրհնվեց երկաթյա մեծ Խաչ, որի վրա տեղադրվեց Խաչյալ Հիսուսի նորաքանդակ պատկերը: Օծման և օրհնության հանդիսավոր արարողությանը, արտոնյությամբ և օրհնությամբ Արհ. Տ. Գևորգ Արքեպս. Նորատունկյանի, կատարվեց ձեռամբ Ծղալթբիլա համայնքի ժողովրդապետ Արժ. Տ. Սահակ Քհն. Աղեկյանի և Մխիթարյան միաբան՝ Գերպ. Հ. Գևորգ Վրդ. Սարգսյանի: Երկաթյա խաչը և Խաչյալի պատկերը գյուղին նվիրաբերվել է սիրահոժար բարերարությամբ բժշկական գիտությունների դոկտոր Միխայիլ (Մկրտիչ) Սեմյոնի Մոսոյանի՝ ծնունդով նույն գյուղից, ով բնակվում է Ռուսաստանում: Բարերարը ուռուցքաբանության պրակտիկ վիրաբույժ է, ամբիոնի վարիչ, ղեկավարում է Վ. Ա. Ալմազովի անվան ազգային բժշկական հետազոտական կենտրոնի ռոբոտացված վիրաբուժության կենտրոնը:
Խաչի օծման սրբազան արարողությունից հետո ընթերցվեց Արհ. Տ. Գևորգ Արքեպս. Նորատունկյանի երախտիքի խոսքը՝ ուղղված բարերար դկտ. Միխայիլ Մոսոյանին, որ հետևյալն է.
«Հարգարժա՛ն և հույժ սիրելի՛ պարոն դկտ. Մկրտիչ Մոսոյան,
սույն գրությամբս ուզում եմ խորին երախտագիտությունս հայտնել Ձեզ՝ հայ կաթողիկէ Ծղալթբիլա համայնքին մեր Տեր Հիսուս Քրիստոսի Խաչելության պատկերը նվիրաբերելու համար: Մեր սրտին շատ մոտ է և մեծապես գնահատելի է Ձեզ նման նվիրյալ զավակների աղոթական ջերմեռանդ մասնակցությունը համայնքի հոգևոր կյանքին և առատաձեռն, սիրահոժար նվիրատվությունները՝ ի նպաստ մեր համայնքի հոգևոր կյանքի զարգացման, եկեղեցիների բարեզարդման և պաշտամունքային կյանքի հարստացման՝ անձնական բարձր պատասխանատավության գիտացությամբ: Սա՛ է յուրաքանչյուր հայ կաթողիկէ հավատացյալի կոչումը և աստվածահաճո քրիստոնեական նկարագիրը:
Թող Հարուցյալ Քրիստոս առատորեն օրհնի՛ Ձեզ և Ձեր ընտանիքը՝ Իր Հարության լույսով, նոր մասնագիտական հաջողությունների հեռանկարով, սրբությամբ և Հարության հավատքի վրա խարսխված անանց երջանկությամբ:
✠ ԳԷՈՐԳ ՆՈՐԱՏՈՒՆԿԵԱՆ
Տիտղոսաւոր Արքեպիսկոպոս Սեբաստիոյ Հայոց
Առաջնորդ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի
եւ Արեւելեան Եւրոպայի Կաթողիկէ Հայոց»
Դիվան Առաջնորդության Կաթողիկէ Հայոց
7 ապրիլի, 2026թ.




