• Ֆրանսիական l’Oeuvres d’Orient կազմակերպության Գլխավոր տնօրենը Հայաստանում է

    l’Oeuvres d’Orient-ը մոտ է Արևելքի քրիստոնյաներին և ծառայում է նրանց:


    Հայաստանում է Հայ Կաթողիկէ Առաջնորդության վաղեմի գործընկեր և բարերար ֆրանսիական l’Oeuvres d’Orient կազմակերպության նորանշնակ Գլխավոր տնօրեն մոնսինյոր Հյուգ դը Ուոլեմոնը (Hugues de Woillemont), որ փոխարինեց մոնսինյոր Պասկալ Գոլնիշին 2025թ. սեպտեմբերին: Սա մոնսինյոր Ուլեոմոնի առաջին այցն էր որպես տնօրեն, թեև Հայաստան առաջին անգամ եղել էր մոտ քսան տարի առաջ: Եպիսկոպոս Ուելոմոնը նաև Ֆրանսիայի Կաթողիկէ 110 Եպիսկոպոսների խորհրդաժողովի Ընդհանուր Քարտուղարն է, ինչպես նաև՝ Փոխանորդը Փարիզի Արևելյան ծեսի կաթողիկէ հավատացյալների, ովքեր չունեն սեփական ծեսվ Առաջնորդ:

     

    Մոնսինյոր Ուլեմոնը, l’Oeuvres d’Orient-ի Հայաստանի ներկայացուցիչներ կամավորականներ Լյուք և Բլոնդին Բուրոների հետ միասին և Արհ. Տ. Գևորգ Արքեպս. Նորատունկյանի հրավերով և ուղեկցությամբ, մարտի 24-ին այցելեց նախ Ազատանի հայ կաթողիկէ համայնքին, Սուրբ Աստվածածին եկեղեցուն և ժողովրդապետական կենտրոն: Հանդիպմանը ներկա էին նաև համայնքապետարանի ներկայացուցիչներ: Տեղի ժողովրդապետ Տ. Միքայել Քհն. Դոմբուրյանը ֆրանսիացի բարերարներին ներկայացրեց ժողովրդապետության առաքելությունը և մարտահրավերները: Բարերարները մեծապես հետաքրքրված էին Սուրբ Աստվածածին եկեղեցու վիճակով, որ նորոգության կարիք ունի:

     

    Ազատանից հետո հյուրերն այցելեցին Գյումրիի «Ընտանիք» կենտրոն, որտեղ ևս l’Oeuvres d’Orient-ը ծրագիր է իրականացնում՝ ջանալով աջակցել արտադպրոցական կրթության գործընթացին մասնակից երեխաներին և ընտանիքներին: Կենտրոնը ջերմությամբ և ճաշի սեղանով դիմավորեց բարերարներին, ովքեր ծանոթացան կենտրոնի գործունեությանը և սաների տաղանդներին:

     

    Նույն օրը մոնսինյոր Ուլեմոնը երկու կամավորականների հետ միասին այցելեց Գյումրիի Հայ Կաթողիկէ Առաջնորդարան և հանդիպում ունեցավ հայ կաթողիկէ համայնքներում ծառայող հոգևորականների հետ, ծանոթացավ նրանց առաքելություններին, լսեց երախտագիտության խոսքեր l’Oeuvres d’Orient- հովանավորությամբ համայնքներում իրականացված ծրագրերի համար, ինչպես նաև հետաքրքվեց մարտահրավերների, նախատեսվող ծրագրերի վերաբերյալ, որոնց իրականացման մեջ կազմակերպությունը կարող է իր ներդրումն ունենալ սիրով և աղոթքի միությամբ: Եպիսկոպոս Ուլեոմոնն ասաց, թե 170 տարվա պատմություն ունեցող l’Oeuvres d’Orient-ը վերջին տարիներին փոխել է իր գործունեության ձևը և տարբեր երկրներ, որպես ներկայացուցիչներ, երկարաժամկետ առաքելությամբ ուղարկում է կամավորականների, ինչպես Լյուքը և Բլոնդինը: Այս երկու նվիրյալ կամավորականները ամուսիններ են՝  կինը մանկավարժ, ամուսինը՝ ճարտարապետ, ովքեր թոշակի են անցել և որոշել են իրենց առաջացած տարիքում կամավոր աշխատանքով նպաստել Եկեղեցու սոցիալական առաքելությանը, ծառայել են նախ Իրաքում, ապա՝ 2023-ից, Հայաստանում են:

     

    Երեկոյան հյուրերն այցելեցին նաև Անարատ Հղության հայ քույրերի միաբանության Գյումրիի կենտրոն, որտեղ Սուրբ Պատարագ մատուցեց Արհ. Տ. Գևորգ Արքեպս. Նորատունկյանը՝ համապատարագությամբ մոնսինյոր Ուոլեմոնի: Բարերարը ծանոթացավ նաև քույրերի առաքելությանը Հայաստանում՝ նրանց տանը լինելով առաջին անգամ և լսեց երախտագիտության խոսքեր l’Oeuvres d’Orient-ի կողմից հայ քույրերի առաքելությանը տասնամյակներ շարունակ տրամադրված հսկայածավալ աջակցության և հովանավորության համար:

     

    Դիվան Կաթողիկէ Առաջնորդության

    25 մարտի, 2026թ.

     

Օրացույց

Օրացույց