
«Խոսի՛ր, Տեր, քո ծառան լսում է», Ա Թգվ. 3:1-10
2025թ. դեկտեմբերի 8-11-ը Երևանի Հայ Կաթողիկէ Առաջնորդարանում հոգևոր դասը մասնակցեց հոգևոր կրթության, որը, Արհ. Տ. Գևորգ Արքեպս. Նորատունկյանի հրավերով, վարեց Ռուսաստանի ասիական մասի և հյուսիսային շրջանների հայ կաթողիկէների նորանշանակ ժողովրդապետ, Հիսուսիան միաբան Հ. Հովսեփ Վրդ. Մելիքսեթյանը: Հոգևոր կրթության բնաբանը Սամուել մարգարեի խոսքն էր՝ ուղղված Աստծուն. «Խոսի՛ր, Տեր, քո ծառան լսում է», Ա Թգվ. 3:1-10:
Հոգևոր կրթությունն անցկացվեց Հիսուսյան միաբանության հիմնադիր Սբ. Իգնատիոս Լոյոլացու Հոգևոր վարժանքների մեթոդներով: Քահանաներին առաջարկվեցին ավետարանական 6 հատվածներ՝ վարժանքներ կատարելու, այսինքն՝ խորհրդածություն և մտածական աղոթքներ կատարելու համար, ինչպես նաև խղճի քննության մի քանի կետեր: Ըստ ավետարանական հատվածների առանձնացված թեմաները հետևյալն էին.
-կայացնել որոշումներ՝ հօգուտ հավիտենական կյանքի՞, թե՞ կորստյան, ըստ Բ Օր. 30:14-20,
-հանդիպել Հիսուսին և հետևել Նրան, ըստ Հվհ. 1:35-39,
-սիրել Աստծուն ամբողջական ձևով, ըստ Մրկ. 12:28-33,
-բաց լինել Աստծուն լսելու համար՝ Սամուել մարգարեի օրինակով, ըստ Ա Թգվ. 3:1-10,
-երախտապարտ լինել և գոհություն հայտնել Աստծուն, ըստ Ղկ. 17:11-19,
-քանանացի կնոջ աղոթք-աղերսանքը և մեր աղոթքը, ըստ Մտթ. 15:21-28:
Այս թեմաների շուրջ հոգևոր վարժանքներն ուղեկցվում էին Սուրբ Հաղորդության առջև երկրպագության լուռ աղոթքներով և առանձնական խորհրդածություններով:
Դեկտեմբերի 11-ը՝ վերջին օրը, ամբողջությամբ նվիրվեց ժողովներին՝ Ավագերեցների ժողովը՝ 3 ավագերեցների, Սրբազան Հոր և քարտուղարի մասնակցությամբ, ապա՝ Քահանայից ընդհանուր ժողովը՝ բոլոր հոգևորականների մասնակցությամբ: Այս ժողովների ընթացքում հաստատվեց Առաջնորդության հնգամյա ռազմավարությունը և գործողությունները, ներկայացվեցին հոգևորականների կողմից լրացված հարցարանների տեղեկությունները՝ ժողովրդապետությունների ներկա դրության և անելիքների մասին, քննարկվեցին հիմնական մարտահրավերները և խնդիրները, դրանց լուծման ուղղությամբ 2025-ին կատարված քայլերը, նախատեսվող քայլերը: Առաջնորդ Հայրը, հոգևորականների հետ քննարկումների արդյունքում կայացրեց մի շարք որոշումներ, կատարվեցին նշանակումներ, որոնք կհաստատվեն համապատասխան վճռագրերով, հանձնարարվեց ստեղծել կրոնի դասավանդման, հրատակությունների, ծիսական հանձնախմբեր՝ հստակ աշխատանքային ծրագրերով հանդերձ:
Դիվան Առաջնորդության Կաթողիկէ Հայոց
Տ. Հովսեփ քհն. Գալստյան
15 դեկտեմբերի, 2025թ.





