• Արհ. Տ. Գևորգ Արքեպս. Նորատունկյանը մասնակցեց «Աղոթքի նախաճաշին»

    Աղոթքի միության և երկխոսության ճանապարհին


    2025թ․ նոյեմբերի 14-15-ը Արհ․ Տ․ Գևորգ Արքեպս․ Նորատունկյանն իր մասնակցությունը բերեց Երևանում ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հովանավորությամբ կազմակերպված «Աղոթքի նախաճաշ» հոգևոր-հասարակական ձեռնարկին, որին մասնակցում էին մոտ 300 հրավիրյալներ՝ Հայաստանից և միջազգային հանրությունից, ովքեր ներկայացնում էին տարբեր ոլորտներ և մասնագիտություններ՝ հոգևորականներ, քրիստոնեական տարբեր հարանվանությունների ներկայացուցիչներ, քաղաքական գործիչներ, դիվանագետներ, ձեռնարկատերեր, ՏՏ ոլորտի մասնագետներ. նրանց բոլորին միավորում էին ընդհանուր բարոյական արժեքները, երկխոսության և միմյանց միջև հաղորդակցություն, համագործակցություն հաստատելու կամքը, հավատքի փորձառությունը և միասնական աղոթքը։ Այս ձեռնարկի նպատակն էր՝ միասին խորհրդածել սեփական հոգևոր նկարագրի և ընթացքի մասին, ազգային հոգևոր աճման, բարոյական և ազգային արժեքների մասին։

     

    Այս միջոցառումը՝ որպես նախատիպ ունի Միացյալ Նահանգներում ամեն տարի քաղաքացիական հասարակության կողմից կազմակերպվող նույնանուն ավանդական միջոցառումը, որն ունի նույն նպատակը և միավորում է ամերիկյան հասարակության տարբեր ներկայացուցիչների՝ աղոթքի, հոգևոր արժեքների և երկխոսության շուրջ։ Հայաստանում այն կազմակերպվեց առաջին անգամ։

     

    Հայ Կաթողիկէ Եկեղեցին Արհ․ Տ․ Գևորգ Արքեպս․ Նորատունկյանից բացի ներկայացնում էին Մխիթարյան Միաբան Հայր Եղիա Քիլաղպյանը, Անարատ Հղության հայ քույրերը և Մարիամի Լեգեոնի Երևանի պրեզիդիումի նախագահ Արմեն Ադամյանը։ Ներկա էր նաև Հայաստանում Պապական Նվիրակ Արքեպս. Անտե Յոզիչը:

     

    Առաջին օրը տեղի ունեցան պանելային քննարկումներ՝ առանձին թեմաներով, որոնք վերաբերվում էին ընտանիքի հաստատության մերօրյա մարտահրավերներին, հայ հասարակության բարոյական արժեքներին և այլ թեմաների։ Երեկոյան միջոցառմանը մասնակցեց և ելույթով հանդես եկավ ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով խոսեց այս միջոցառման կարևորության մասին, պատմեց իր հավատքի և Նոր Կտակարան ընթերցելու հոգևոր փորձառության մասին` մեջբերումներ անելով Մատթեոսի Ավետարանի 25-րդ գլխից և արտասանելով 29-րդ Սաղմոսը:

     

    Իսկ այսօր Արհ. Տ. Գևորգ Արքեպս. Նորատունկյանը մասնակցեց պաշտոնական նախաճաշին, որը սկսվեց տարբեր անձանց կողմից արտասանված գեղեցիկ սուրբգրային աղոթքներով: Կազմակերպիչների խնդրանքով` նա ընթերցեց 149-րդ Սաղմոսը:

     

    Տ. Հովսեփ Քհն. Գալստյան
    Դիվան Առաջնորդության Կաթողիկէ Հայոց
    15 նոյեմբերի, 2025թ.

     

Օրացույց

Օրացույց